«Նախ, շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսին՝ ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ սառնասրտություն, քաղաքական պարկեշտություն եւ անկողմնակալություն»,- Aravot.am հարցին՝ ՀԱԿ-ի գոյությունը անցած չորս տարիներին ի՞նչ տվեց հայաստանյան քաղաքական դաշտին, թե դրական եւ թե բացասական իմաստով, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:
Պատգամավորի կարծիքով. «Ցանկացած քաղաքական առողջ ուժի ծնունդ ուրախալի է եւ արդյունավետ կարող է լինել երկրի քաղաքական դաշտի համար, իսկ մերի պես երկրներում, որտեղ քաղաքական դաշտի ներկապնակը խիստ կանխատեսելի էր եւ ափի մեջ, ՀԱԿ-ի ծնունդը, իհարկե, դրական էր: Այստեղ էին անդամագրվել մեծ թվով առողջ ուժեր, քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներ, քաղաքական ճանապարհ անցած մարդիկ: Ուրիշ խնդիր, որ ինքս նրանցից ոչ բոլորին եմ ընդունում եւ գնահատում որպես քաղաքական գործիչներ:
ՀԱԿ-ը անցած տարիների ընթացքում բավականին ակտիվացրեց քաղաքական կյանքը, նոր գույներ հաղորդեց: Ցավոք, արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ Կոնգրեսը եւս զերծ չէր այն թերություններից, որոնցով վարակված են գրեթե բոլոր ուժերը եւ որոնցում այս կառույցը շարունակ մեղադրում էր ուրիշներին: ՀԱԿ-ը բազմաթիվ սխալներ գործեց, առողջ քայլերին զուգահեռ կատարեց նաեւ ոչ համարժեք քայլեր:
Կարդացեք նաև
Ինձ համար կարեւոր էր, օրինակ, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, որը կարծում եմ միմիայն ՀԱԿ-ի որոշ անդամների ամբիցիաների եւ թույնի պատճառով կիսատ մնաց եւ մենք, ցավոք, չունեցանք այն զարգացումը, որը շատ բան կփոխեր մեր երկրում: Այսօր ՀԱԿ-ում տխուր գործընթացներ են տեղի ունենում, եւ սա նույնպես բնական է,
ՀԱԿ-ին այս պահին խանգարում են մարդկային ամբիցիաները, ՀԱԿ-ում եւս ինչ-որ իմաստով ընթացան աթոռակռիվներ, կարկանդակից բաժին ստանալու «սկզբունքային» բանավեճեր եւ այն ամենը , ավելորդ անգամ ապացուցեց, որ ՀԱԿ-ը բավարար մաքուր գաղափարական եւ նպատակային ուժ չէ, որ այդ ամենը հօդս է ցնդում, երբ գալիս է մերկ շահը:
Անչափ ափսոսում եմ այն ակտիվիստ երիտասարդներին, ովքեր մինչեւ վերջ նվիրվեցին ՀԱԿ-ին, բայց այսօր նրանցից շատերը հիասթափված են:
Այսօր շատ ընդդիմադիրների համար պարզապես անհասկանալի են այն ռեվերանսները, որոնք կատարում է ՀԱԿ-ը ԲՀԿ-ին: Այսօրվա ՀԱԿ-ը խիստ տարբեր է նորածին ՀԱԿ-ից եւ սա տխուր իրականություն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ