Պարզաբանելով, թե ինչու, ինչպես նշել էր «Ժողովուրդը», Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի կենսագրության մեջ իր անդամագրված 3 կուսակցություններից առաջինի՝ «Հանրապետություն» կուսակցության մասին նշված չէ, պարոն Բաբայանը վստահեցրեց՝ թաքցնելու հատուկ միտում չկա. «Իմ պատգամավորական գործունեությունը պայմանավորված չէ նախկինում կուսակցություններում իմ ունեցած դերակատարությամբ: Իմ գործունեությունը եղել է բաց ու թափանցիկ: Դա մեր ուսանողական տարիներին, ուսանողական շարժման ժամանակ է եղել, եւ բոլորն էլ դրա մասին գիտեն, առանձնապես գաղտնիք չէ: Ինչու չկա Ազգային ժողովի պաշտոնական կայքում, արդեն հարցրեք ԱԺ մեր օգնականներն են դրանով զբաղվում, տեղյակ չեմ»:
Պարոն Բաբայանից հետաքրքրվեցինք, իր մասին տեղեկություններն ինքը՞ չի տրամադրել. «Իմ մասին մանրամասն տեղեկություննեը գրված են իմ բլոգում, իսկ պաշտոնական կենսագրությունների մեջ ավելի սեղմ է գրվում ամեն ինչ»:
Մեր հարցին, թե «Հանրապետություն» կուսակցության անդամ լինելու փաստը մեծ տե՞ղ էր զբաղեցնելու, թե՞ նախկինում ընդդիմադիր լինելու հանգամանքը պահելու խնդիր կար, պարոն Բաբայանը պատասխանեց. «Շատ բաներ կան, որ գրված չեն, այդ թվում ձեր ասածը»:
Իսկ ինչ վերաբերում է նախկին ընդդիմադիրի «Բարգավաճ Հայաստանում» ընդգրկվելու որոշմանը, պարոն Բաբայանն ասաց. «Քաղաքականությունը մի ոլորտ է, որտեղ մարդիկ զբաղվում են իրենց հայացքների, ծրագրերի նպատակների իրականացման տարբեր միջոցներով, բնական է, բոլոր քաղաքական գործիչները աշխարհում չեն կարող միշտ լինել ընդդիմություն կամ իշխանություն: Եվ տարբեր ճամբարներում կամ տարբեր դաշտերում հայտնվում են տարբեր քաղաքական գործիչներ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իրավունք ունի լինել ե՛ւ ընդդիմություն ե՛ւ ապագայում իշխանություն, եւ հակառակը իշխանությունից՝ ընդդիմություն, հենց դա է քաղաքականությունը…մանավանդ, որ կլասիկ քաղաքականության մեջ ընդունված եւ իրականություն է, դրանից խուսափել չի լինի»:
Կարդացեք նաև
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ իրենց համար միեւնույնն է՝ Բաբայանը «Հանրապետություն» կուսակցության անդամ լինելու փաստը կնշե՞ր, թե՞ ոչ: Նա ասաց, որ Բաբայանը «Հանրապետության» երիտասարդական թեւի ղեկավարն է եղել ու իր համախոհներով, իր անձնական որոշմամբ հեռացել է կուսակցությունից. «Կարծում եմ՝ ընդդիմադիր դաշտում այլեւս պատրաստ չէին շարունակել իրենց գործունեությունը, չեմ ցանկանում մեկնաբանել, մարդու անձնական որոշումն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ