Երեքշաբթի օրը թղթակիցները մի քանի հարց են ուղղել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիին` կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հուլիսի 30-ի հեռախոսազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային պատկերող լուսանկարի հետ։
Լուսանկարում, որը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում, իր գրասեղանի մոտ հեռախոսով զրուցող Օբամայի ձեռքում երեւում է բեյսբոլի մականը։
Լրագրողները հետաքրքրվել են, մասնավորապես, թե արդյո՞ք Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահի ձեռքին մականի առկայությունը վկայում է ինչ-որ ենթատեքստի մասին` կապված արտաքին քաղաքական մոտեցումների հետ։
Ի պատասխան` Ջեյ Քարնին հիշեցրել է, որ Բարաք Օբաման բեյսբոլի մեծ սիրահար է։
Կարդացեք նաև
Տվյալ թեմայով հարցուպատասխանը ճեպազրույցի ժամանակ ուղեկցվել է կատակներով ու ծիծաղով։
Ճեպազրույցի` Սպիտակ տան կայքէջում տեղադրված սղագրությունում նշված է նաեւ, որ խնդրո առարկա մականը ԱՄՆ-ի նախագահին է նվիրել բեյսբոլիստ Հենք Աարոնը` ինքնագրով։
Թեմային այսօր անդրադարձել է թուրքական մամուլը։
Սպիտակ տան` ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, հիշյալ հեռախոսազրույցում Օբաման եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի թեման։
«Ազատություն» ռադիոկայան