Այսօր բնապահպանները «Արմատ» ակումբում ասուլիս էին հրավիրել՝ Խոսրովի արգելոցում կառուցված շինության եւ այդ հատվածում մեծ ճանապարհահատված կառուցելու շուրջ իրենց մտահոգությունները ներկայացնելու: Արթուր Գրիգորյանի դիտարկմամբ՝ Խոսրովի արգելոցի մի հատվածը «Գիլան» արգելավայր դարձնելով՝ մեր իշխանությունը հեռահար նպատակ ունի: Այն շատ մոտ է գտնվում Երեւանին ու գայթակղում է որոշ մեծահարուստների, որոնք ուզում են այնտեղ ամառանոցներ, սեփական օբյեկտներ ունենան:Ինչ վերաբերում է կառուցվող ճանապարհին, այն իբր սարքում են՝ հակահրդեհային նպատակներով, մինչդեռ բնապահպանների պնդմամբ՝դրա կարիքը բացարձակ չկա, որովհետեւ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ պատասխանել է՝ մեքենաներով հրդեհաշիջման աշխատանք կատարել այդ հատվածում անթույլատրելի է, կան հատուկ սարքավորումներ:
Արթուր Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց. «Խոսրովի արգելոցի կայքէջում արգելոցի մասին պատուհան կա, մի կետում նշված է, որ Խոսրովի արգելոցը կազմված է Գառնի, Խոսրով, Կաքավաբերդ, Խաչասար ու Ուրծի հատվածներից: Մի ուրիշ տեղ նշված է, որ բաղկացած է 4 մասերից, հանված է Ուրծին (հասարակությանն առավել հայտնի է Ուրցասար անունով), չկա 6000 հա: Հարց է առաջանում, թե ինչու է դուրս գրվել այդքան հեկտարը: 29 հազարից ավելի հա-ն ինչպե՞ս եղավ, որ դարձավ 23 հա»:
Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ Խոսրովի արգելոցի մուտքը գումարով է եղել, ինքը վճարել է, մտել է, արգելոցի տնօրենը շատ ջերմ է ընդունել, սակայն նախարարն իմանալով այդ մասին՝ արդեն հանել է մուտքի համար պահանջվող գումարը եւ արգելել առանց իր թույլտվության ընդհանրապես արգելոց մտնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ