Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հայ ոգեղեն խոսքը վերածնունդ ապրի»

Օգոստոս 01,2012 15:06

«Մի պահ այս շոգը մոռանանք, վերանանք կենցաղային, անձնական հոգսերից և հիշենք , որ մենք աստծու կողմից, նրա պատկերով ստեղծված հոգևոր արարածներ ենք»,- սա էր ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի կոչն ուղղված  հուլիսի 31-ին Առնո Բաբաջանյան  համերգասրահում տեղի ունեցած ասմունքի երեկոյի մասնակիցներին: Երեկոյի նպատակն էր ներկայացնել հայ քնարերգության գոհարները, և կազմակերպիչները` ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լալա Մնացականյանը, այն կոչել էին Համո Սահյանի ստեղծագործություններից մեկի տողով` «Ինչ էլ լինի, կգամ»: Միջոցառման ընթացքում հնչեցին հայ մեծերի` Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, , Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Թումանյանի, Սահյանի և այլոց սիրված ստեղծագործություններ, և ,չնայած երեկոյի նպատակը հայ քնարերգությունը ներկայացնելն էր, այնուամենայնիվ, հնչեց նաև Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից` մեր օրերում էլ արդիական հատվածներ :

Կազմակերպիչների խոսքով՝ իրենց քայլը մեծ խիզախություն է, որովհետև այս բեմը դեռ հիշում է մեծ արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանին: Բայց երեկոն ի վերջո կազմակերպվել է, որովհետև մտահոգություն կա, որ մեր օրերում  ասմունքի հետ կապված միջոցառումներն ու հաղորդումները քիչ են: Պարոն Բաղինյանը այս հարցում կարևորում է հեռուստատեսության դերը, որը, ըստ նրա, կարող է և’ բարիք բերել, և’ չարիք. «Գուցե մենք ասենք, թե պոեզիան այսօր չի ընկալվում, չի ընդունվում, որովհետև ժամանակավրեպ է, բայց թույլ տվեք ասել, որ երբեմն ես արբանյակային հեռուստատեսությամբ ուշադրություն եմ դարձնում մեր հարևան վրացի ժողովրդին և նկատում եմ, որ ահա նրանց հեռուստալիքներով անընդհատ հնչում է իրենց ավելի շատ չունեցած և  մի քիչ ունեցած պոեզիան,  և ակամա հարց է առաջանում, թե ինչու ենք մենք, որ ունենք այսպիսի մի պոեզիա , որ կարող է պատիվ բերել աշխարհի շատ ու շատ  և  մեծաքանակ ազգերի, ինչո՞ւ ենք թաքցնում ոչ միայն օտարներից, այլև հենց ինքներս մեզնից»:

Իսկ պոեզիայի պահանջ կա, ինչպես վկայում էին դահլիճում գտնվողները, որոնց շարքերում կարելի էր տեսնել ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչների, այնպես էլ պատանիների ու երիտասարդների: 21-ամյա Լիաննան տպավորված էր միջոցառմամբ. «Կարծիք կա, որ երիտասարդները պոեզիա չեն կարդում, բայց հակառակ դրան, ասեմ, որ մեծ հաճույքով  յուրաքանչյուր երեկո գալիս եմ, մասնակցում ու հիմա էլ սպասում եմ հաջորդ նմանատիպ ելույթին»: Թագուհին էլ, ով ԵՊՀ հայ բանասիության ֆակուլտետի ուսանողուհի է, և ինքն էլ ասմունքում է, շատ բան է սովորում վաստակավոր արտիստների ելույթներից. «Որքան էլ մեզ սովորեցնեն, թե այսպես պիտի ասմունքել կամ այնպես, դա այնքան ազդեցիկ չէ, որքան արտիստների ելույթները. այսօրվա երեկոն ինձ համար վարպետության բաց դաս էր, որից շատ բան սովորեցի»,-ասում է նա:

Միջոցառումն ավարտվեց Համո Սահյանի «Կգամ» բանաստեղծությամբ, որ կատարում էր Լալա Մնացականյանը: Բուռն ծափերը վկայում էին, որ հանդիսատեսը չի հոգնել  և դեռ էլի կլսեր վաստակավոր արտիստների ասմունքը:

Երեկոյի ամենավերջում կազմակերպիչները հույս հայտնեցին, որ այն շարունակական կլինի. «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հայ ոգեղեն խոսքը վերածնունդ ապրի»,- ասաց Լալա Մնացականյանը:

 

Մարգարիտա Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031