«Վարելահողերը պարապուրդի են մատնված, մշակման ենթակա հողերի 60-70 %-ը չի մշակվում: Գալիս է ընտրությունները, գյուղացուն հիշում են: Հպարտ գյուղացուն վերածել են մուրացկանի»,-այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը: Ըստ նրա, հանրապետության առաջին դեմքից` ՀՀ նախագահից սկսած, խոսում են քաղաքացիական հասարակության կայացման մասին. «Կառավարության հետ համաձայնագիր է ստորագրվել, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` հասարակական, կրոնական միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ, այսինքն` ոչ կառավարական հատվածը, պետք է մասնակցություն ունենան կայուն զարգացման ծրագրի, որը պետության հիմնական ծրագիրն է, մշակմանը, իրականացմանն ու մոնիթորինգին, սակայն այդ ամբողջը սուտ է, ձեւական է եւ թղթի վրա է, այդ ամենն ընդամենն արվում է արտասահմանին ցույց տալու համար, թե տեսեք, թե մենք ինչ դեմոկրատ երկիր ենք: Բազմիցս այս հարցը տարբեր ատյաններում բարձրացնում են, բայց ոչ ոք չի ցանկանում լսել: Ասում են` իբր ուզում են վերանայել կայուն զարգացման ծրագրի գործընթացը»:
Սարգիս Սեդրակյանի համոզմամբ, գյուղացուն այս նեղ իրավիճակից կարել է հանել միայն հողերը խոշորացնելով, որին իր աջակցությունը կունենա նաեւ պետությունը: Սակայն գյուղատնտեսության մասնագետը հասկացել է, որ կառավարությունը ոչ թե գյուղացու մասին է մտածում, այլ իր գրպանի. «Գյուղատնտեսության զարգացման համար ճապոնական դրամաշնորհային ծրագրով տրակտորներ էին տալիս, փոխարենն օգնեն գյուղացուն, կոոպերացիաներ ձեւավորեն ու այդ տրակտորներից տան այդ կոոպերացիաներին, նրանք մտածում են` դիմացն ընտրություններ են, կտանք գյաղապետին ու դիմացը ձայներ կպահանջենք»:
Անդրադառնալով ցորենի չստացված բերքին, որի ձեռքը գյուղացիները կրակն են ընկել, պարոն Սեդրակյանն ասաց, որ շատ հնարավոր է, որ ոչ թե այդ նույն էլիտար սերմացուն են գյուղացուն բաժանել, որը ներկրել են, այլ դրա փոխարեն անորակ ու ոչ պիտանի սերմացու են տվել, իսկ էլիտարն իրենց են պահել. «Ցորենի բերքի վիճակն այս տարի շատ վատ կլինի, իսկ մրգերի եւ բանջարեղենի համար տարին առատ է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ