Անժամկետ հացադուլ հայտարարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որը 3 ժամ ՀՀ ոստիկանության «Կենտրոն» բաժնում սպասում էր ընդունելության, քիչ առաջ դուրս եկավ բաժնից, սակայն նրա խնդրին այդպես էլ լուծում չտվեցին:
Aravot.am-ի հետ զրույցում Ալումյանն ասաց, որ նրա հետ զրուցել է բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, որը հացադուլավորին հորդորել է դադարեցնել ցույցը: Ալումյանի պատմելով` «Հովհաննիսյանն ասեց, իզուր ես ցույց անում, իզուր պիտակ կպցրեցիր վրադ, ավելի լավ է տուն գնաս»: Իսկ ցուցարարի այն պահանջին` գումարս տվեք` գնամ, պետի տեղակալն ասել է. «Հենա 5000 դոլար տվել ենք, էլ ի՞նչ ես ուզում»: Սրան ի պատասխան Ալումյանը պահանջել է աշխատավարձի պարտքի մնացած 2.5 միլիոն դրամը: Մխիթար Ալումյանի պատմելով` «Ասեցին` դե տեսնենք ինչքա՞ն կձգես հացադուլդ: Ես էլ ասեցի` ինչքան Աստված տա»:
Այժմ Ալումյանը պատրաստվում է ոստիկանության գլխավոր շենքի մոտ շարունակել ակցիան, ապա գնալու է ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Ալումյանի խոսքերով`«Մի կոպեկ փող չկա մոտս, ոտքով գնում եմ գլխավոր շենքի մոտ: Ցույցս էնքան եմ շարունակելու մինչեւ հարցիս լուծում տան»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ