Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոդատարանը Լեւոն Բարսեղյանի գործով կառավարությունից պատասխան է պահանջում

Օգոստոս 01,2012 14:07

Մարդու իրավունքների եվրոդատարանը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի գործն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` վարույթ է ընդունել: Այդ մասին Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան ստատուսում նշել է` «Չմեռանք` Հայաստանի Հանրապետության դեմ հայցվոր էլ դառանք: 2008-ի մարտի 2-ին Գյումրու թատերական հրապարակից միլիցիք բռնին` տարան մենթովկա, թե միլիցու օրինական հրամանը չես կատարել` քեզ արգելել են մտնել թատերական հրապարակ, դու մի քանի անգամ փորձել ես մտնել, ուրիշ ոչինչ, հետո, միլիցիք 6 ժամ պահեցին, դատախազության գլխակերները 6 ժամ նստեցին միլիցանոցում, մի միլիցա չգտան, որ վրես գրեր, թե ծեծել եմ կամ հրել իրենց, տեսան` քրեական շինել չեն կարող, կամ էլ Երեւանից ասին` պլանը կատարած է, տեսան քաղքցիք էին հավաքվում, …, հետո` Սեյրան Մարտիրոսյան, Կարեն Թումանյան, Արթուր Սաքունց, Զարուհի Փոստանջյան եւ ընկերներ, մի քանի դեսպան էին զանգռտել, եւ այլն, ու համը ելնում էր, թողեցին` թե գնա»: Լեւոն Բարսեղյանին վարչական դատարանը պարտավորեցրել է վճարել 50 հազար դրամ վարչական տուգանք` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, սակայն մինչ օրս նա այդ տուգանքը չի մուծել ու չի էլ պատրաստվում մուծել` «Ես չէի լինի, թե մուծեի 50.000-ը, թող գան տանեն` տանող են»:

Քանի որ Վճռաբեկ դատարանը, Լեւոն Բարսեղյանի խոսքերով` «շան տեղ» չի դրել իրենց բողոքը, ներկայումս Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի ու անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջնորդությամբ գործն ուղարկվել է Եվրոդատարան: Օրերս էլ`դեպքից  4 տարի անց Եվրոդատարանի կայքում տեղադրվել է, որ գործը վարույթում է:

Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը նշեց, որ հավաքների ազատության իրավունքն է խախտվել, իսկ այս մարդիկ որոշել էին  թույլ չտալ, որ մարդն ազատ մտնի իր քաղաքի թատերական հրապարակ: Իրենք ասում էին, որ արտակարգ դրություն է հայտարարված, մեռանք բացատրելով, որ դա միայն Երեւանում է հայտարարված»: Նրա կանխատեսմամբ` հավանաբար Եվրոդատարանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի. «Բայց չեմ կարծում, որ որեւէ մեկին կպատժեն, որեւէ միլիցու»:

Համանման մի գործ էլ այս պահին քննվում է Երեւանի վարչական դատարանում, նախնական նիստ է եղել: Լեւոն Բարսեղյանի հայցը ոստիկանության դեմ է` նրանց գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Անցյալ տարի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին Սարյանի արձանի մոտ եռագույնով «Ազատ, անկախ Հայաստան» գոռալու համար շքերթին մասնակցող Լեւոն Բարսեղյանին բռնել էին, ձեռքերից քաշել, նստեցրել մեքենան ու տարել ոստիկանություն: Լեւոն Բարսեղյանի պատմելով` «Օտար դրոշների դեմ Հայաստանի անկախության շքերթն էր: Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալը մի 40 ոստիկաններով եկավ, նախ պաստառները խլեցին, վրան գրված էր «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ»: Հետո էլ, երբ դրոշը պարզեցինք, շարժվեցինք, բռնեցին տարան ոստիկանություն, 3 ժամ պահեցին, շքերթն ավարտվեց` ազատ արձակեցին` բերման ենթարկելու արձանագրություն չկազմելով: Նախնական նիստում ոստիկանության ներկայացուցիչն ասում է` մենք ոչ մեկին չենք տարել ոստիկանություն, իրենք իրենց կամքով եկել են, դրա համար էլ բերման ենթարկելու մասին արձանագրություն չենք կազմել: Այսինքն` ես Գյումրիից եկել-հասել էի, որ ոստիկանների հետ գնայի զրուցեի»:

Եթե այս գործով էլ դատարանն օրինական վճիռ չկայացնի ու չպատժի մեղավորներին, հիմա էլ այդ գործով է Լեւոն Բարսեղյանը դիմելու Եվրոդատարան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031