Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանց թվում է՝ գրում են դարերի համար»

Օգոստոս 01,2012 14:01

Արձակագիր եւ հրապարակախոս Արմեն Օհանյանի նկատառումները

Թվում էր՝ 2012թ. Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքին պիտի հետեւեին գրքի պատվին կազմակերպվող տոնախմբություններն ու ցնծությունները, գիրքը դառնալու էր նորին մեծություն արժեք: Մինչդեռ, գոնե մինչ օրս, անշուք են անցնում տարվա միջոցառումները՝ այդպես էլ տոն չպարգեւելով մարդկանց: Այս կարծիքին է «Առավոտի» հետ զրուցած արվեստագետների ու արվեստասերների մեծամասնությունը, այդ թվում՝ երիտասարդ արձակագիր Արմեն Օհանյանը: Անցյալ տարի «Անտարես» գրահրատարակչության կողմից անցկացված «Արձակ» պատմվածքների ավանդական մրցույթում նրա «Կիկոսի վերադարձը» պատմվածքը արժանացավ երկրորդ մրցանակի՝ տեղ գտնելով հիշյալ հրատարակչության կողմից տպագրված եւ մրցույթի ժյուրիի հավանությանն արժանացած 19 լավագույն պատմվածքներից բաղկացած ժողովածուում:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն Օհանյանն ասաց, որ ինքը առանձին գիրք չունի տպագրված. դա սկզբունք է, մանրամասնելով, թե ինտերակտիվ արձակը չի ենթադրում գիրքն իբրեւ կրիչ. «Ինտերակտիվությունն, իհարկե, մեզ համար նոր ժանր է, որն առավել կենսունակ է վիրտուալ տարածքում»: Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին, թե ստեղծագործողն ընդունում է ամեն ինչի վիրտուա՞լը, Արմենը լուրջ պատասխանեց. «Վիրտուալ տարածքը ընդամենը միջոց է, որտեղ, օրինակ, նարնջի բնական հյութ չես խմի…»:

Արձակագրի համոզմամբ, գրքի համաշխարհային մայրաքաղաք Երեւանը մինչեւ տարեվերջ այդպես էլ տոն չի պարգեւելու: Իր խոսքերով՝ մեղավորը մշակութային քաղաքականություն կոչվածն է, որը մնում է գավառական միջոցառումների մակարդակին ու ձեւաչափով:

Մեր հարցին՝ արդյոք անցյալ տարի իր «Կիկոսի վերադարձը» պատմվածքը մնացել է նեղլիկ գրական շրջանակներո՞ւմ, թե՞ այլ ճակատագրի արժանացել, արձակագիրը պատասխանեց. «Արվեստն ու գրականությունը առանց միջավայրի գոյություն ունենալ չեն կարող: Մեզանում միջավայրի խնդիրը երկրորդվում է ու մշտապես խոսվում է ժամանակի մասին: Կան ստեղծագործողներ, որոնց թվում է, թե գրում են դարերի համար… Մինչդեռ հայկական ժամանակը անքակտելի է հայկական տարածությունից»: Հավելեց նաեւ, թե ավելի քան 20 տարի է՝ ինչ փոխվել է հայկական կենսատարածքը, որ հայրենիքն այլեւս հողն ու ջուրը չէ միայն, կա Հայաստանի Հանրապետություն, զինանշան ու դրոշ: Իսկ հայրենասիրությունն էլ պարզ ինքնասիրություն է, երբ եսդ չես անջատում քո կենսատարածքից: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ երբ TV-ներից անընդհատ հնչում են «Հայաստանը ես եմ» կամ «Հայաստանը դու ես» արտահայտությունները՝ երգի տեսքով, այդտեղ նույնպես նկատի ունեն միայն հողն ու ջուրը. «Բայց երբ Ազատության հրապարակում հնչում են նույն խոսքերը, ապա ընկալվում է, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկը ես եմ, դու ես: Այստեղ է, որ կենսատարածքին ավելանում են գերբն ու դրոշը, իսկ հայության մի հսկա զանգված, լինելով հայրենասեր, ուշաթափվում է հայրենի հողի ու ջրի համար, բայց մի ուրիշ զանգվածը թքած ունի այդ ամենի վրա»:

Ասվում է, թե այսօր կա տարանջատում երիտասարդ եւ ավագ սերնդի գրողների միջեւ: Արդյոք սա չի՞ ստեղծում հակամարտություն երկու սերունդների միջեւ: Սրան Արմեն Օհանյանը պատասխանեց. «Եթե ավագները մնացել են էն ժամանակներում, բնական է, որ սերունդների երկխոսություն չի կայանա, որովհետեւ մենք՝ երիտասարդներս, բոլորովին այլ դիրքերից ենք խոսում: Օրինակ, երիտասարդներիս՝ հանձին «Գրեթերթի», առավելությունը հենց նրանում է, որ տարիքային տարբերությունը խանգարում է լինել հավասար ավագների հետ, թեեւ հիշյալ պարբերականի գլխավոր խմբագիրը Գուրգեն Խանջյանն է, ով երիտասարդ չէ, սակայն կարողացել է ստեղծել հավասարների՝ երիտասարդների ու ավագների միջավայր»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031