Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիմպիական չեմպիոնիս շուտ մոռացան»

Օգոստոս 01,2012 13:59

Աշխարհահռչակ ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը՝ իր, կարիերայի եւ ընտանիքի մասին

Կրկնակի օլիմպիական, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը այս օրերին Երեւանում է: Հիշեցնենք, որ նա 1996-ից հեռացել է Հայաստանից եւ ապրում է Բուլղարիայում: Այդ երկիր մուտք գործելուն պես՝ Բուլղարիայի նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Բուլղարիայի քաղաքացիություն: Ավելին՝ հայազգի ըմբիշը պատվավոր քաղաքացու կոչում ունի, սիրված եւ ընդունված է. Արմեն Նազարյանի անունը գրված է FILA-ի եւ Բուլղարիայի սպորտի փառքի պատերին։ «Առավոտի» հետ զրույցում անկախ Հայաստանի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը ցավում է, որ չի կարողացել մասնակցել այս օլիմպիադային՝ վնասվածքի պատճառով. «Սրանք իմ 5-րդ օլիմպիական խաղերն էին լինելու, ցավոք, վնասվածք ստացա վերջին ամիսներին եւ հետ մնացի սպորտային մարզումներից: Շատ կուզենայի մասնակցել, որովհետեւ մոտիկ էի օլիմպիական մեդալին: Ճիշտ է՝ տարիքս այն չէ՝ 38 տարեկան եմ, բայց փորձառու եմ ու վստահ իմ ուժերի վրա»:

Արմեն Նազարյանը հիշում է 90-ականները եւ Հայաստանից հեռանալու պատճառները. «Նեղացած չեմ, բայց ուզում եմ փաստել, որ ես անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն էի: Օլիմպիական խաղերին մասնակցում էր 196 երկիր, եւ մեր Եռագույնը հենց իմ շնորհիվ ծածանվեց Ատլանտայում (ԱՄՆ) օլիմպիական խաղերում, ընդ որում՝ 120 երկրի նախագահ ներկա էր օլիմպիադային եւ հետեւում էր գոտեմարտերին, իսկ 80 երկրի նախագահներ իրենց մարզիկներին դիմավորել էին որպես հերոսներ: Ինձ ոչ ոք չդիմավորեց… Հաղթանակով վերադարձա Հայաստան եւ 5-6 ամիս ղեկավարության կողմից ոչ մի ընդունելության չարժանացա: Այդ պրոբլեմները վաղուց են եղել, այն ժամանակ ուրիշ իշխանություններ էին»:

Այսօր հայազգի մարզիկը Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամ է, երկրի՝ դասական ըմբշամարտի պատասխանատուն եւ ներկայումս պատանի ըմբիշներ է պատրաստում: Ունի 3 զավակ՝ Էդմոնդ, Գրիշա, Ինեսա, 11 եւ 7 տարեկան որդիները նույնպես ըմբշամարտով են զբաղվում:

«Երազում եմ, որ մի օր իմ երեխաները կուրախացնեն ինձ եւ կլրացնեն երրորդ օլիմպիական իմ ոսկե մեդալը»,- մեզ հետ զրույցում նշում է Նազարյանը: Նա տարին մի քանի անգամ այցելում է Հայաստան, ասում է՝ ընտանիքը կապված է արմատներին, 4 լեզվի տիրապետող զավակների համար հաճույք է հայրենակիցների հետ մայրենիով շփվելը: Արմեն Նազարյանը չցանկացավ թվարկել բոլոր այն մարդկանց, որոնք ներդրում են ունեցել իր սպորտային հաջողություններում. «Կասեմ, որ շնորհակալ եմ բոլորից, ովքեր օգնել են, որ օլիմպիական չեմպիոն դառնամ ու ընդհանրապես մարզական հաջողություններ ունենամ: Ոչ մեկին չեմ ուզում առանձնացնել, որովհետեւ կոլեկտիվ սպորտ ենք, եւ մեկս մյուսին օգնելով ենք արդյունքներ գրանցում»:

Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի հետ կապված ծրագրեր ունի՞: Պարզվեց՝ այո: «Ծրագիր ունեմ այստեղ բացել իմ դահլիճը եւ մարզել իմ սաներին, պատրաստել աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններ: Կարծում եմ՝ արժի, որ նազարյանական դպրոց լինի Հայաստանում, համենայնդեպս՝ իմ մարզական կենսագրությունն ու հաղթանակները դա թույլ են տալիս»,- ասում է մեր զրուցակիցը:

Խնդրեցինք, որ որեւէ հետաքրքիր դրվագ հիշի: Պատմեց, որ ավագ եղբայրն է առաջարկել ըմբշամարտով զբաղվել, մանավանդ էներգիայով լեցուն, աշխույժ ու չարաճճի երեխա էր: Եղբայրը պատմել էր, որ Եվրոպայի չեմպիոն մարզիչ է եկել, ու լավ կլինի՝ սպորտով զբաղվի: «Գնացի դահլիճ եւ իմ դուրը շատ եկավ: Ու 82 թվականից մինչ օրս դահլիճում եմ: Իմ մարզիչըը՝ Ռոբերտ Ներսիսյանը, որի մականունը «Չամիչ» էր, նույն մականունով ինձ կնքեց ու ասաց՝ եթե «Չամիչը» չդառնա Եվրոպայի երկակի չեմպիոն, ականջս կկտրեմ: Ես զարմանում էի՝ մարզիչս ո՞նց է նման բան ասում, ախր ես ընդամենը 26 կգ էի կշռում եւ 9-10 տարեկան տղա էի: Տարիներ անց, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն, իրեն հարցրի՝ ինչպե՞ս կարողացար երեխա ժամանակ իմ մեջ չեմպիոն տեսնել: Պատասխանեց՝ ես մարզիչ եմ, դա էին փաստում քո տաղանդն ու աշխատասիրությունը»,- հիշում է Արմեն Նազարյանը: Հավելում է, որ մասնավորապես 92-96 թթ. բազմաթիվ պարգեւներ է նվիրել Հայաստանին. «Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ՝ 1994 թվականին Հայաստանի դրոշը ծածանվել է Թուրքիայում, երբ հաղթել եմ թուրք մարզիկին 10: 0 հաշվով։

Դժվար տարիներ էին՝ կռիվ, երկրաշարժ, ընտրություններ: Ես եկա օլիմպիական խաղերից, տեսա օդանավակայանում ժողովուրդը սպասում է իմ հաղթանակին՝ մեքենաներով, երգերով, երաժշտությամբ: Եթե այն ժամանակ մարզիկի համար լինեին էսօրվա պայմանները, ես երբեք չէի գնա Հայաստանից: Ախր երբ դարձա օլիմպական չեմպիոն, ինձ շուտ մոռացան, անցավ 5-6 ամիս, ես ոչ մի ընդունելություն չունեցա ղեկավարության կողմից: Իմ աշխատավարձն ընդամենը 20 դոլար էր, ասացի՝ այդ գումարով ամեն օր չեմ կարող Մասիսից ոտքով գալ Երեւան պարապել ու վերադառնալ: Խնդրեցի Երեւանի ցանկացած թաղամասում բնակարան եւ մի 500 դոլար, որպեսզի նորմալ պարապեի ու սնվեի: Իմ պայմանները, սակայն, չբավարարվեցին, եւ ես ստիպված եղա հեռանալ Հայաստանից: Ախր սպորտը չի սպասում, ժամանակը կարճ է: Տասնյակ երկրներից առաջարկություն ունեի, բայց ընտրեցի Բուլղարիան: Այնտեղ առանց իմ արդյունքը տեսնելու՝ ինձ ամեն ինչով ապահովեցին, քաղաքացիություն շնորհեցին, ու 97-ից մինչեւ 2000 թիվը Բուլղարիայի կողմից մասնակցելով՝ 16 մեդալ շահեցի, որից 11-ը ոսկի»:

Արմեն Նազարյանը փառքի խնդիր չունի, ճակատագիրը շռայլորեն պարգեւել է ամեն ինչ, չնայած Հայաստանում չի բնակվում, բայց հպարտ է, որ հայ է ու ուրախ բոլոր հաղթանակած հայերի համար: Ասում է՝ անկախ նրանից, որ երկրում են մրցումներ լինում, ինքն անպայման մեկնում է, եթե մրցողների մեջ հայ կա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031