Լրահոս
Օրվա լրահոսը

Խեւին խրատն ինչ կանի, սեւին՝ սապոնը

Օգոստոս 01,2012 13:48

Արդարություն, արդարադատություն, ճշմարտություն. բառեր, որոնք բացակայում են հայոց աշխարհում

Բացակայում են, որովհետեւ հայոց երկրում տիրում է ամենաթողությունը, քրեաօլիգարխիկ համակարգը: «Ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան հայտնի իմաստուն խոսքերը հայոց աշխարհում կիրառվում են երկրի քաղաքացիների դեմ: Մինչդեռ Նժդեհը նկատի ուներ արտաքին թշնամուն: Ցավոք, մեր երկրում քաղաքացի ասվածը, որով երկիրը երկիր է, անտեսված է, արհամարհված, ոտնահարված: Նրան միայն հիշում են ընտրությունից ընտրություն: Այս համակարգը, որում մենք ապրում ենք, քաղաքակիրթ աշխարհին անհասկանալի մի բան է: Այս երկրում կարող են քեզ ուղղակի սպանել, եւ դրա համար չպատժվել: Այս երկրում մարդն արժեք չունի, եթե չունի փող եւ իշխանություն: Ահա այսպիսի բաներ, սիրելի իշխանավորներ: Բացեք ձեր աչքերը եւ տեսեք, թե ինչի եք հասցրել այս երկիրը: Իր երկիրը սիրող քաղաքացին իր երկրին «այս» չի ասի, բայց, ինչպես ասում են՝ դանակը ոսկորին է հասել: Ահա թե ինչու մարդիկ լքում են իրենց հայրենիքը՝ թողնելով փող եւ իշխանություն ունեցողներին, որը նրանց լիովին բավարարում է: Ինչքան քիչ մարդ, այնքան քիչ պրոբլեմ: Բայց համառ մարդիկ պայքարի են դուրս եկել մի համակարգի դեմ, որը կոչվում է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ:

4 տարի շարունակ բռնաբարվում է արդարադատությունը, 4 տարի շարունակ մարդիկ չեն կարողանում այս երկրի դատական համակարգին ապացուցել, որ ուրիշի սեփականությունը չեն գողանում, որովհետեւ դատական համակարգը պաշտպանում է ԳՈՂԻՆ: Գողին, ով անօրինական ճանապարհով գողացել է Շինարարների 2 կոոպերատիվ շենքի սեփականատերերի սեփականությունը: Ոմն նկարիչն իր «շեդեւրները» փորձում է կերտել նկուղային հարկում, որտեղ տեղակայված են շենքի անվտանգության, կոմունիկացիոն համակարգերը: Մարդ, ով չի հանդիսանում հիշյալ շենքի սեփականատեր: Միգուցե վաղն էլ տաղանդավոր այդ նկարիչը սեփականաշնորհի մե՛ր բնակարանները: Ինչու ոչ, այս երկրում ամեն ինչ հնարավոր է, քանի որ օրենքն ու իշխանությունը նմանների ձեռքին է: Ոմն նկարիչը Աջափնյակ համայնքի, իսկ այժմ քաղաքապետարանի ավագանու անդամ Համբարձում Շահինյանի եղբայրն է, որով էլ ամեն ինչ ասված է: Դե, տանջված քաղաքացի, փորձիր պայքարել համակարգի դեմ: Դմակն էլ է իրենցը, դանակն էլ:

ՀՀ վարչական դատարանի դատավոր Դարբինյանը քանի գլուխ ունի ուսերին, որ պաշտպանի արդարադատությունը: Արդարադատությունը՝ իշխանությունն է: Գողը արդարացվեց, եւ սեփականատերերի սեփականությունը դատավոր Դարբինյանի թեթեւ ձեռքով մնաց գողին: Սակայն սեփականատերերը փորձեցին արդարություն փնտրել ՀՀ վերաքննիչ դատարանում: Ավա՛ղ,… խեղճն ուզում էր տիրացու դառնալ, բայց մուրազը փորը մնաց, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում:

ՀՀ վերաքննիչ դատարանն էլ այս անգամ իրավունքից զրկեց Պետպլան-2 համատիրությանը, պատճառաբանելով, որ համատիրությունը իրավունք չունի պաշտպանելու իր սեփականատերերի շահերը՝ անտեսելով համատիրության կանոնադրությունը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ համատիրությունը իրավունք ունի իր սեփականատերերի շահերը պաշտպանել դատարանում: Դե ինչ, իրավազուրկ քաղաքացուն ինչ է մնում, քան Պեպո դառնալ: Պեպո դառնալ ու հարցնել հարգարժան դատավորներին. Ինչ իրավունքով: Այսինքն՝ ինչ իրավունքի մասին է խոսքը, եթե ՀՀ վերաքննիչ դատարանի երեք դատավորներն էլ գործին ուղղակի տեղյակ չէին: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք գործին ծանոթանում էին դատական նիստի ժամանակ: Էլ ինչ պահանջես նման դատավորներից: Իսկ դատարանի միջանցքում նկարիչը շշուկով դատավորից պահանջում էր նկուղի բանալիները: Պատասխանը հետեւյալն էր. «Մենք բանալիների հարցով չէինք պայմանավորվել»: Իսկ հանրապետության նախագահը փորձում է բարեփոխումներ անել դատական համակարգում: Հարգարժան պրն նախագահ, Ձեզ չի հաջողվի, եթե նման դատավորները սնկի նման աճել են այս երկրի համակարգում: Այստեղ են ասել. «Խեւին խրատն ինչ կանի, սեւին՝ սապոնը»: Բայց մենք հավատում ենք, որ պրն նախագահը, ով, ըստ ՀՀ սահմանադրության, հանդիսանում է ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավոր եւ իրավունքների պաշտպան, կկանգնի արդարադատության կողքին:

ԶԱՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շինարարների 2 շենքի բնակիչ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031