Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնգրեսը երբեք ախոռ չի եղել, որ մաքրվի»

Օգոստոս 01,2012 13:34

Հակադարձում է ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը

«Ընդդիմադիր ուժերի միավորումը հիմա շատ բարդ է լինելու: Փաստորեն, հիմնական ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն էր, որը լքեցին շատ լուրջ ուժեր, անհատներ, որից ՀԱԿ-ը թուլանում է»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ 2008-ին, երբ հասարակական-քաղաքական դաշտը համախմբված էր՝ հանուն քրեաօլիգարխիկ համակարգից ազատվելու, չհաջողվեց, 2013-ի ընտրություններում ի՞նչ գաղափար պետք է դրվի շրջանառության մեջ, որպեսզի հաջողվի այդ առաքելությունը, ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: ՀԱԿ-ից հնչող այն հայտարարություններին, որ Կոնգրեսը մաքրվում է, Գառնիկ Մարգարյանը հակադարձում է. «Կոնգրեսը երբեք ախոռ չի եղել, որ մաքրվի: ՀԱԿ-ում մարդիկ, ուժեր են եկել, ովքեր իրենց վրա շատ բարդ պատասխանատվություն են վերցրել՝ ազատվել հանցավոր ռեժիմից: Մի կողմ են թողել իրենց կուսակցական գաղափարախոսությունները եւ եկել են հանուն մեկ գաղափարի՝ երկիրը մաքրել աղբից: Եվ հիմա առնվազն անբարոյականություն է, երբ հայտարարվում է, կամ առանձին ինչ-որ մարդիկ փորձում են ներկայացնել, որ առանձին ուժերի եւ մարդկանց գնալով՝ ՀԱԿ-ը մաքրվում է: Դա այդպես չէ»:

Ընդդիմության միավորման մասին «բարբաջանքներին» էլ Գառնիկ Մարգարյանը հակադարձում է. «Բարգավաճ Հայաստանը» ռեժիմի մասն է եղել, մասն էլ մնալու է: Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, որ ԲՀԿ-ն երբեւիցե կդառնա ընդդիմություն: Չի լինելու այդպես: ԲՀԿ-ն իր թալանածի եւ գերշահույթների հաշվին ժողովրդի աչքին գումարներ է շպրտում օգնության, տարբեր բարեգործության տեսքով՝ ասելով, որ պահը գա… չի լինի»: ՀՅԴ-ի մասով Մարգարյանը նկատում է. «Դաշնակցությունը եղել եւ մնում է իշխանության մաս: Դաշնակցությունը օգնեց Ռոբերտին մնալ իշխանության՝ թույլ տալ իրականացնելու բազմաթիվ հանցագործություններ՝ Հոկտեմբերի 27, «Պապլավոկ», 2004-ի ապրիլի 13 եւ այսպես շարունակ: Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ Դեմիրճյաններից բռնազավթել է իշխանությունը՝ լուսահոգի Կարեն Սերոբիչից, ապա՝ նրա տղայից. Դաշնակցությունը նրա կողքին է եղել: Ո՞նց կարող է թոթափել այդ բեռը եւ դառնալ ընդդիմություն: Թող դառնա: Ես կցանկանայի, որ ՀՅԴ-ն վերադառնար իր ակունքներին, տեսներ՝ ի՞նչ են արել այդ կուսակցության հիմնադիրները երկրի եւ ազգի համար, եւ գնային այդ ճանապարհով: Ուրախ կլինեի, բայց՝ կասկածում եմ»: «Ժառանգության» մասով էլ նկատում է. «Նախկին դաշնակցականն այնտեղ արդեն երկրորդ դեմք է: Կամ՝ ի՞նչ արեց հինգ տարիների ընթացքում Րաֆֆին: Ոչինչ»:

Գառնիկ Մարգարյանի կարծիքով՝ իշխող ուժը գիտակցորեն ջլատել եւ մասնատել է նոր ուժ ձեւավորելու հնարավորությունը. «Մի մասին գնել է, մի մասին խոստումներ է տվել, մի մասին էլ նեյտրալ վիճակում է պահում: 2005-ի Սահմանադրական հանրաքվեի ժամանակ 20-25 կուսակցություն էր միավորվել, «հակակրիմինալի» ժամանակ՝ 12… Հիմա՝ մաքուր մնացած պատրիոտներն են, որ պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, համախմբվեն՝ ռեժիմից ազատվելու համար, եւ մի կողմ թողնելով ակադեմիական ճառերը՝ արդարությունը վերականգնեն, որպեսզի օրենքի առաջ բոլորը հավասար լինեն»: Այլապես, մեր զրուցակցի կարծիքով, առկա արատները էլ ավելի կխորանան: «Տեսեք՝ Աբրահամյան Հովիկ. երբ պետք է լինում՝ տանում են, բերում են, եղբորը հետ են կանչում պառլամենտից, ինքը հրաժարական է տալիս ԱԺ նախագահի պաշտոնից, հետո նորից անցնում է ՀՀԿ ցուցակով եւ նորից ԱԺ նախագահ է դառնում: Այս մեկ օրինակը ցույց է տալիս, որ ռեժիմին հաջողվեց ապականել քաղաքական դաշտը: Նրանք կարողացան հզոր մեխանիզմներ ստեղծել՝ իշխանությունը զավթելուց հետո այն պահելու համար, որովհետեւ իրենք հստակ հասկանում են, որ գալու է պատասխանատվության պահը՝ թե՛ «Մարտի 1»-ի, թե՛ դրան հաջորդած բռնությունների համար: Իսկ այդ հզոր մեխանիզմի հիմքում դոլարն է»,- ասում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք՝ Գառնիկ Մարգարյանը կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ-ի պարտությունն էին: Նման վերլուծություն Փաշինյանն արել էր վերջերս տված մի հարցազրույցում: «Մեր կուսակցությունն ասել է եւ մնում է իր դիրքերում. դեռ ընտրություններից ամիսներ առաջ մենք ասել ենք, որ միամտություն է այս ռեժիմի առկայության դեպքում գնալ այդ ընտրություններին: Ավելին՝ գնալը նշանակում էր Եվրոպայի աչքի առաջ լեգիտիմացնել այս հանցավոր ռեժիմը: Բայց երբ մի շարք կուսակցություններ, այնուհանդերձ, որոշեցին ՀԱԿ-ի կազմով գնալ ընտրության, մենք առաջ քաշեցինք գոնե մանդատները ցած դնելու հարցը: Դեմարշի կարիք կար: Ժողովուրդը պետք է հասկանար, որ մի 7 մանդատի համար չէր ՀԱԿ-ը գնում ընտրությունների: Դա էլ չարվեց: Վերջին արդյունքում ստացվում է՝ Նիկոլը ճիշտ է: Բայց ես ունեմ իմ մոտեցումը՝ այս հանցավոր ռեժիմը մենք մատուցեցինք աշխարհին որպես լեգիտիմ»: Դիտարկմանը՝ փաստորեն, իրերի ներկայիս դասավորությամբ 2013-ին Սերժ Սարգսյանի վերընտրությունն ապահովված է, Մարգարյանը պատասխանեց. «Պառլամենտական ընտրությունները՝ կես միլիոն ժողովրդին դրամ բաժանելը, 9-րդ ձեւերն ու անձնագրերը, կեղծիքները չապացուցեցի՞ն, որ Սերժ Սարգսյանը «պրոբա» դրեց: Եվ եթե չձեւավորվի այն ուժը, որը ես ասացի, վտանգվելու է ՀՀ ազգային անվտանգությունը, որովհետեւ առաջին սպառնալիքը դեմոգրաֆիկ անվտանգությունն է. տեսեք, թե ինչպես են հայերը փախչում Հայաստանից»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031