Աջարիան՝ որպես Վրաստանի զբոսաշրջության հիմնական տարածաշրջան, սկսեց բուռն զարգանալ Սահակաշվիլիի ժամանակ: Մինչ այդ տվյալ շրջանն ուներ կիսաանկախ կարգավիճակ՝ կիսաֆեոդալական համակարգով, որի գլխին կանգնած էր այդ երկրամասի գրեթե անվերահսկելի տիրակալ Ասլան Աբաշիձեն: Իսկ խորհրդային շրջանում ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում Աբխազիան, որը, վրացիների պնդմամբ, իր բնական հատկանիշներով Աջարիայից հարուստ է: Քանի որ ես հնարավորություն եմ ունեցել ամառային երկու ազատ շաբաթները անցկացնել նաեւ այլ երկրներում, կարող եմ մոտավորապես պատկերացնել, թե ինչ էին իրենցից ներկայացնում, ասենք, Իսպանիայի ծովափնյա հանգստավայրերը 50 տարի առաջ կամ Թուրքիայինը՝ 20 տարի առաջ: Դրանք մոտավորապես այն վիճակում էին, ինչ որ հիմա Աջարիան է: Օրինակ՝ Անթալիա բուն քաղաքը գրեթե ոչնչով չի տարբերվում Բաթումից կամ նույնիսկ Քոբուլեթիից: Փոխարենը դրա շուրջը՝ ափի ամբողջ երկայնքով, թուրքերը կառուցել են այնպիսի հրաշալի հյուրանոցային համալիրներ, այնպիսի սպասարկումով եւ զվարճալիքներով, որ այնտեղ կարելի է տասը օր արձակուրդ անցկացնել՝ առանց այդ համալիրի տարածքից դուրս գալու: Վրացիներն էլ, հուսով եմ, վաղ թե ուշ դրանք կկառուցեն: Դե, իսկ Իսպանիայում, բացի այդ ամենից, կա, ի տարբերություն Թուրքիայի, հարուստ մշակութային background՝ էքսկուրսիաների հնարավորությունները անսահմանափակ են:
Բաթումը բավականին մեծ գավառական քաղաք է, Քոբուլեթին՝ փոքրիկ ծովափնյա քաղաք, Ուռեկին, Չաքվին, Գոնիոն եւ մնացածները ծովափնյա գյուղեր են: Ամեն տեղ գնում է շատ ակտիվ հյուրանոցային եւ ճանապարհային շինարարություն, ինչը հույս է տալիս, որ 20 տարուց այս տեղերը նման կլինեն Անթալիայի շրջանին: Առայժմ այդպես չէ. Ուռեկիի կենտրոնը, օրինակ, հիշեցնում է «գեղի կլուբ», որտեղ 7 կողմից հնչում է բարձրաձայն, իրար խլացնող ռաբիս հայկական եւ էժանագին, «նաֆտալինոտ» ռուսական «պոպսա»:
Ամենամեծ թերությունն ինձ համար այն է, որ տեղի բնակիչները չեն տիրապետում որեւէ օտար լեզվի: Իմ հասակակիցները պետք է որ դպրոցում սովորած լինեին ռուսերեն, բայց, հավանաբար, մոռացել են, երիտասարդները, իհարկե, չեն էլ սովորել: Լավ, ենթադրենք, այստեղ կան ինչ-ինչ քաղաքական պատճառներ՝ չեն ուզում խոսել ատելի կայսրության լեզվով, բայց այդ դեպքում բարի եղեք սովորել անգլերեն: Սակայն դա էլ չկա՝ ռուսերեն կամ անգլերեն տված հարցին նրանք պատասխանում են վրացերեն եւ կարծես թե մի բան էլ դժգոհ են մնում, որ դու նրանց չես հասկանում:
…Այն հանգստյան տունը, որտեղ մենք էինք ապրում, գտնվում էր Ուռեկիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ ծովը եւ ավազը՝ գերազանց վիճակում, հանգստացողների քանակը՝ սահմանափակ: Գինը՝ հայկական համանման հանգստյան տների համեմատ, մեկուկես անգամ էժան, եւ գրեթե նույն գինը, ինչ Իսպանիայի նույն մակարդակի հյուրանոցներում: Դրան ավելացրեք, ասենք, 200 դոլարը բենզինի կամ ավելի փոքր գումարը գնացքի կամ երթուղայինի համար, եւ դուք կհասկանաք, թե ինչու են այստեղ հայաստանցիներն այսքան շատ:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ