Կապանում օրեցօր ավելի է ահագնանում եւ լայն թափ ստանում լարվածությունը մարզկենտրոնի խմելու ջրին սպառնացող վտանգների առնչությամբ: Մասնագետները հավաստիացնում են, որ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը հետաքրքրող հանքամարմինը գտնվում է քաղաքի ջրի ակունքներում` քաղաքին ջուր սնուցող 2 հիմնական վտակների արանքում եւ պնդում, որ ցանկացած տիպի աշխատանքները միանշանակ անդրադառնալու են խմելու ջրի վրա:
«Եթե հաստատվեն հանքի պաշարները՝ Կապանը կզրկվի խմելու ջրից: Այսօր Կապանի ճակատագրի հարցն է դրված եւ ժողվուրդը, Կապանի հասարակությունը պետք է միահամուռ ոտքի կանգնի, որովհետեւ վաղը զրկվելու է կենսական աղբյուրից: Պետք է հասկանան, որ խմելու ջրի 90 տոկոսը գալիս է այդ հանքերեւակումների տեղանքից: Կա’մ Կապան քաղաքը պետք է լինի, կա’մ էդ հանքը: Որքան էլ փորձեն ընկերության պատասխանատուները համոզեն, որ այդ տարածքները հեռու են Կապանի խմելու ջրի ջրահավաք ավազանից, միեւնույն է քարտեզներում պարզ երեւում է, որ նույնիսկ դեպի Քիրս եւ Քյուրուտում կամ դեպի Սիսիանի տարածքում գտնվող հանքերեւակումներում աշխատելու դեպքում էլ ազդեցությունն անպայման թողնելու է, քանի որ տեղանքն ընդհանուր ընդգրկում է ջրահավաք ավազանի տարածքը: Ընդամենը մի սար է, մի գագաթ, որտեղից ձնհալների, կամ ստորգետնյա ջրերի շնորհիվ սնվում է Կապանի խմելու ջուրն ապահովող գետը: Նույն այդ սարում էլ պետք է տարվեն որոնողական կամ այլ աշխատանքներ, թեկուզ սարի տարբեր հատվածներում դրանք արվեն, միեւնույն է` պատկերն ու վտանգաշատ արդյունքը դրանից չի փոխվում», – պարզաբանում են տեղանքին քաջածանոթ, քարտեզը լավ ուսումնասիրած ու ամեն մանրուք, հետագա բոլոր ռիսկերը հաշվարկած մասնագետները:
Իսկ Կապանի 8 հասարակական կազմակերպություններ միասնական նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով հաշվի առնել որոնողական աշխատանքների իրականացման տեղամասի դիրքը եւ որոնողական աշխատանքները դադարեցնելու նպատակով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել ու կասեցնել Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը, որի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 5-ն է:
Նախագահին ուղղված նամակում մասնավորապես ասվում է.
«Ս.թ. հուլիս ամսվա սկզբին, Կապան մատակարարվող խմելու ջրի պղտորման վերաբերյալ բնաչության ահազանգերը «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը այն պարզաբանեց Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում ընթացող ինտենսիվ հողային աշխատանքներով, որի արդյունքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը պատկանող, առանց այն էլ ոչ կենսունակ մաքրման կայանը չի հասցնում իրականացնել խմելու ջրի ֆիլտրացում: Որոնողական աշխատանքները ուղեկցվում են բնական հողածածկի ոչնչացմամբ, հորատումներով, որոնք անվերահսկելի բնապահպանական ռիսկեր կառաջացնեն`վտանգի տակ դնելով Կապանի 40.000 բնակիչների կյանքն ու առողջությունը:
Խնդրի մյուս կողմը կայանում է նրանում, որ խախտելով տեղական և միջազգային օրենքները, «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը հանրությանը չի տեղեկացրել նախատեսվող աշխատանքների մասին, որի արդյունքում տեղական ՀԿ-երը հնարավորություն չեն ունեցել հայտնել իրենց դիրքորոշումը»:
Նամակի տակ ստորագրել են «Կայուն զարգացում», «Իրավական հասարակություն»,«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացում», «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն»,«Տիկնիկ» հասարական կազմակերպությունների,«Ազատամարտ» կոմիտեի նախագահներն ու
Կապանի Օրհուս կենտրոնի եւ Սյունիքի ՇՊԱԿ-ի համակարգողները:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ