Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որը նախօրեին անժամկետ հացադուլ էր հայտարարել, եւ արդեն 3 օր է՝ ՀՀ ոստիկանության շենքի մոտ օր ու գիշեր սպասում է մինչեւ պաշտոնյաններից որեւէ մեկն իրեն կընդունի, այս պահին գտնվում է ոստիկանության կենտրոնի բաժնում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Ալումյանը: Նրա խոսքերով` արդեն 3 ժամ է, իրեն տարել են կենտրոնի բաժին, բայց մինչ այս պահը դեռեւս ոչ ոք նրան չի հանդիպել եւ չի լսել նրա բողոքը. «Ինձ թվում է, ուզում են ձգձգեն, որ Ոստիկանության գլխավոր շենքի մոտ չերեւամ, ու ցրեն տուն: Բայց ես մի քիչ էր կսպասեմ, եթե տեսնեմ էլի չեն ընդունում, գնալու եմ գլխավոր շենքի մոտ ու կինս 5 էրեխեքիս հետ միանան ինձ: Եթե էլի ոստիկանությունից չընդունեն, կգնամ նախագահական»:
Հիշեցնենք, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը պահանջում է իր 2,5 միլիոն աշխատավարձը, որը ոստիկանություն է պետք է վճարի Ալումյանի արտաժամյա աշխատանքի համար: Ալումյանին պատճառաբանում են, իբր գրանցամատյանները, որտեղ գրանցել են նրա արտաժամյա հերթապահության ժամերը,անհետ կորել են, ուստի հիմք չունեն նրան աշխատավարձ վճարելու համար:
Երեկ Մխիթար Ալումյանին խոստացել էին, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններից որեւէ մեկն անպայման կընդունի եւ կլսի նրան, սակայն այդպես էլ նրան ոչ ոք բանի տեղ չի դրել:
Նշենք, որ Ալումյանը մոտ մեկ ամիս առաջ փորձել է ինքնահրկիզվել, ինչը կանխել են ոստիկաննները:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ