Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճի միտումները համեմատաբար բարձր են հատկապես ոչ պարենային ապրանքների շուկաներում

Օգոստոս 01,2012 12:22

Ազգային վիճակագրական ծառայության դիտարկումներով, հուլիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում եղել է 2,3 տոկոս։ Սա զգալիորեն բարձր է նախորդ ամսվա ցուցանիշից։ Ասենք, որ հունիսին 12-ամսյա գնաճն ընդամենը 0,7 տոկոս էր։
Գնաճի միտումները համեմատաբար բարձր են հատկապես ոչ պարենային ապրանքների շուկաներում (նախորդ տարվա համեմատ հասնում է 4,4 տոկոսի)։ Ոգելից խմիչքների եւ ծխախոտի գնային աճը 12-ամսյա ժամանակահատվածում մոտենում է 6 տոկոսին։
Թեեւ հուլիսին գնաճի 12-ամսյա մակարդակը բարձրացել է, այնուհանդերձ նախորդ ամսվա նկատմամբ պարենային ապրանքների գնանկումը պահպանվել է։ Դրանք էժանացել են 2,8 տոկոսով։ Նույնպիսի գնանկումային մակարդակ էր նաեւ հունիսին։ Իսկ մայիսին պարենային ապրանքների էժանացումը կազմեց 2,6 տոկոս։
Ինչպես նշվեց, պարենային ապրանքների շուկայի այսպիսի միտումները բացառապես թելադրված են ներքին տնտեսական գործընթացներով, առաջին հերթին սեզոնայնությամբ։ Պատահական չէ, որ այդ հարցում մեծ է եղել հատկապես բանջարեղենի եւ կարտոֆիլի, մրգի, ձվի եւ այլ գյուղմթերքների գների նվազումը, որը, վիճծառայության դիտարկումներով, տատանվել է 3,5-24 տոկոսի սահմաններում։
Չնայած որոշ ապրանքային շուկաներում եղել է նաեւ գնաճ, այնուհանդերձ ոչ մեծ չափով։
Հուլիսին բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբում գները նախորդ ամսվանից ցածր են եղել ավելի քան 24 տոկոսով։ Սեզոնայնությամբ պայմանավորված՝ շարունակել են նվազել սմբուկի, կանաչ լոբու, կանաչ պղպեղի, լոլիկի, կաղամբի, կարտոֆիլի եւ մի շարք այլ գյուղմթերքների գները։
Մեկ ամիս առաջվա համեմատ սմբուկը էժանացել է 65, կանաչ պղպեղը՝ ավելի քան 62, կանաչ լոբին՝ 51, լոլիկը՝ շուրջ 44 տոկոսով։ Ըստ վիճծառայության դիտարկումների, եթե հունիսին լոլիկի միջին գինը եղել է 630 դրամի սահմաններում, ապա հուլիսին շուրջ 300 դրամով նվազել է։ Կանաչ լոբու գինը հունիսի 460-470-ից դարձել է 230 դրամ։
Մեծ է եղել նաեւ կարտոֆիլի գնանկումը (32 տոկոս)։ Հուլիսին կարտոֆիլի միջին գինը եղել է 125 դրամ։ Մինչդեռ նախորդ ամիս գերազանցում էր 180 դրամը։
Ի տարբերություն լոլիկի, թանկացել է վարունգը, որի գնաճը գերազանցում է 20 տոկոսը։ Եթե հունիսին այս ապրանքատեսակի միջին գինը եղել է 190 դրամ, ապա հուլիսին բարձրացել է մինչեւ 270 դրամի։
Սեզոնայնության գործոնը զգացվել է նաեւ ներքին գյուղատնտեսությունից թելադրված այլ մթերքների դեպքում։ Խոսքը վերաբերում է հատկապես մրգերին, որոնց ընդհանուր գնանկումը հուլիսին կազմել է 17 տոկոս։ Դա մեծապես պայմանավորված է եղել մի շարք գյուղմթերքների էժանացմամբ։
Մասնավորապես հուլիսին գրեթե 73 տոկոսով իջել է ձմերուկի գինը։ Ծիրանն էժանացել է շուրջ 57, դեղձը՝ 52, տանձը՝ 30 տոկոսով։ Սեխի գնանկումը եղել է 26 տոկոս։
Իհարկե, թանկացել են որոշ մրգեր։ Դրանք կապված են ինչպես ներքին տնտեսության, այնպես էլ ներմուծման հետ։ Ընդ որում, երբեմն գնաճը բարձր է եղել՝ գերազանցելով մինչեւ 37 տոկոսը։
Գնաճային դրսեւորումներ են գրանցվել հացամթերքների շուկայում։ Հատկանշական է, որ այդ երեւույթն այստեղ նկատվեց նաեւ հունիսին։ Վիճծառայության դիտարկումներով, հուլիսին հացամթերքները թանկացել են 1,5 տոկոսով՝ պայմանավորված առաջին տեսակի ալյուրի, սիսեռի, բարձր տեսակի հացի, բրնձի, ոլոռի գնաճով։
Ի տարբերություն պարենայինի, գնաճային դրսեւորումներն ավելի ակտիվ են եղել ոչ պարենային ապրանքների շուկաներում։ Պատահական չէ, որ այստեղ ինչպես հունիսին, այնպես էլ հուլիսին գնաճ է գրանցվել։
Մասնավորապես գնաճային դրսեւորումներ են եղել կենցաղային սարքավորումների եւ ապրանքների, հագուստի, գործվածքների շուկաներում։ Թանկացման միտումները պահպանվել են նաեւ ներմուծվող շինանյութերի դեպքում։ Այս շուկայում վիճծառայությունն արձանագրել է 2,5 տոկոսի գնաճ։ Հունիսին եւս շինանյութերը թանկացան, բայց 1,4 տոկոսով։
Այլ կերպ ասած, գնաճային միտումներն այստեղ ոչ միայն պահպանվել, այլեւ խորացել են։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031