Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Սիրադեղյան. «Չեմ կարծում, որ քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ Վանոյին հնարավոր կլինի վերադարձնել»

Օգոստոս 01,2012 12:15

Կոթին սովորական գյուղ է՝ իր հայկական ուրույն ավանդույթներով, նաեւ «Ղարարաղ» կոմիտեի անդամ, գրող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է։ Այսօր գրեթե բոլոր կոթեցիներն անհամբեր սպասում են մոտ 12 տարի հետախուզման մեջ գտնվող Վանոյի վերադարձին։

«Ժողովուրդ»-ն օրեր առաջ եղավ Կոթիում եւ զրուցեց Վանո Սիրադեղյանի եղբայր Սերոժի որդու՝ Մուշեղ Սիրադեղյանի հետ, որը նաեւ տեղի դպրոցի տնօրենն է։ «Անկեղծ ասած՝ երեք-չորս տարի առաջ դպրոցը պետբյուջեի հաշվին հիմնովին վերանորոգվեց։ Բայց որպես սահմանամերձ գյուղի դպրոց՝ աշակերտների թվի պակաս կա, եւ դրանից էլ՝ ժամաքանակի պակասություն։ Հարկադրված նաեւ կրճատումներ են լինում»,- դպրոցի խնդիրներն այսպես ներկայացրեց տնօրենը։ Նրա կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ երիտասարդության մի մասը գյուղում չէ՝ երկրից դուրս է։ Նաեւ՝ աշխատանք չունենալու պատճառով ուշ են ամուսնանում եւ երեխաներ քիչ են ունենում։ «Ընդհանուր ծնելիության թիվն է պակաս։ Այս պահին դպրոցի աշակերտների թիվը կազմում է 286: Իսկ 1995-ին դպրոցն ուներ 412 աշակերտ»,-պարզաբանեց Մ. Սիրադեղյանը։

Դպրոցի մասին հարցուփորձ անելուց հետո զրուցեցինք նաեւ Վանոյի մասին։ Արդյոք այսօր կա նրա վերադարձի բարոյական հնարավորություն. նրա համագյուղացիները ցանկանո՞ւմ են Վանոյին տեսնել ազատության մեջ։ «Որպես հարազատ՝ կուզեի նա այստեղ լիներ։ Բայց չեմ կարծում, որ քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ Վանոյին հնարավոր կլինի վերադարձնել։ Իհարկե հավատում եմ, որ երբ մարդիկ հավաքվեն ու միավորվեն մի հարցի շուրջ, սկսեն պայքարել, ապա անպայման մի արդյունքի կհասնեն։ Ես շատ կուզեի, որ նման բան լիներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկարագրելով, որ Վանոյին կարոտել են ոչ միայն հարազատները, այլեւ համագյուղացիները։ «Հնարավոր չէ նման մարդուն չկարոտել։ Գյուղացիներն էլ շատ կուզեն, որ նա գա։ Երբ պատերազմական այդ շրջանում գյուղը ռմբակոծում էին, Վանոն զենքով շատ էր օգնում գյուղին, զենքի գրեթե բոլոր տեսակներից ունեինք։ Պետական մտածողություն ուներ։ Սուտ հայրենասեր չէր»,- լրացրեց Վանոյի հարազատը։ Վանոն գյուղի համար «ասֆալտ չի փռել կամ ջրագիծ չի քաշել», ուրիշ կարեւոր տնտեսական հարցեր չի լուծել, քանի որ այն ժամանակ, ըստ եղբորորդու, դժվար էր նման հարցեր լուծել։ «Այդ ժամանակ առաջին հերթին մտածում էին Ղարաբաղի եւ սահմանամերձ գյուղերի պաշտպանության հարցերը լուծել։ Նա ընդամենը կարող էր այդ ծանր իրավիճակում զենքով օգնել։ Եվ օգնեց»,- բացատրեց Մ. Սիրադեղյանը։

Մուշեղը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ այդ լարված ժամանակ Վանոն իրենց հորդորել է ապրել այնպես, ինչպես ժողովուրդն է ապրում։ «Մի անգամ միայն համարձակվեցի նրան մի հարցով դիմել։ Դժգոհեցի նրա մոտ՝ ասելով թե էսպես ոնց կլինի, 4 ախպերներով գյուղում ենք, ինքն էլ թե՝ բա ո՞նց են ապրում այս գյուղացիները, ասացի՝ մի կերպ, ինքն էլ թե՝ դե դուք էլ մի կերպ ապրեցեք, մինչեւ տեսնենք, թե ինչ է գալիս գլուխներս այս պատերազմական վիճակից հետո»,- պատմեց գրողի եղբորորդին։

Մենք զրուցեցինք նաեւ Կոթիի բազմաթիվ բնակիչների հետ՝ պարզելու, թե արդյոք նրանք ցանկանում են, որ Վանոն վերադառնա։ Շատ մարդիկ նույնիսկ մոռացել էին, թե ինչի մեջ էր մեղադրվում ՆԳ նախկին նախարարը։ «Թող գա, մենք շատ ուրախ կլինենք։ Թող գա ու էլի վերեւներում լինի, մեզ էլ տիրություն կանի»,- ասաց մի պապիկ։ Գյուղամիջում խմբված երիտասարդները եւս կիսում էին պապիկի տեսակետը՝ ասելով. «Մենք վատ բան չենք տեսել էդ մարդուց, թող գա»:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Վանոյի վերադարձը, չէ՞ որ նրա դեմ այդքան քրգործեր կան հարուցված, այս հարցին ի պատասխան՝ Մուշեղ Սիրադեղյանն ասաց. «Հնարավոր է՝ այդ համակարգում այդ ժամանակ սպանություններ արված լինեն։ Բայց հնարավոր չէ, ամեն մարդ էլ հասկանում է, որ Վանոն չէր կարող սեփական նախաձեռնությամբ ենթադրենք Պողոսին կանչեր ու ասեր՝ գնա՛ էն մարդուն, մյուսին կամ այն մեկին խփի, սպանի։ Եթե դա նույնիսկ արվել է, ապա արվել է մարդկանց ինչ-որ խմբի կողմից։ Եվ եթե այսօր այդ խմբի մարդկանցից մեկը քաղաքական գործիչ է կամ ազատության մեջ է, ուրեմն ամեն ինչ բարդում է Վանոյի վրա։ Իսկ Վանոյին էլ դարձնում են քավության նոխազ»։ Թե ում նկատի ուներ եղբորորդին, չմանրամասնեց՝ հորդորելով այլեւս հարցեր չտալ։ Միայն ասաց, որ Վանոյի մասին թերեւս տեղեկություն կունենան միայն նրա ընտանիքի անդամները։

Վերջում Վանոյի եղբորորդուց հետաքրքրվեցինք, թե ինչ է կարծում, հորեղբայրը վերադառնալուց հետո ինչով է զբաղվելու։ «Նա քաղաքականությունն այդքան էլ չէր սիրում։ Ինձ թվում է՝ հոգնած կլինի քաղաքականությունից, միգուցե նորից գրիչ վերցնի ձեռքը»,- պատասխանեց մոտ 12 տարի հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի եղբորորդին:

Սյունէ ՀԱՄԲԱՐԶՈՒՄՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031