Հատված Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հարցազրույցից:
-ԲՀԿ-ն չի շտապում բացել իր խաղաքարտերը՝ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված։ «Բարգավաճի» քաղաքական վարքագծի փոփոխության ի՞նչ սցենարներ եք տեսնում՝ աշնանն ընդառաջ։
-Այն, ինչ կասեմ, հազիվ թե ընթերցողի սրտով լինի։ Քաղաքականությունը գալիս է Հայաստան։ Իսկ երբ քաղաքականությունը գալիս է, քաղաքական գործընթացների կանխատեսելիությունը վերանում է։
Հայաստանը Թուրքմենստան չէ, ոչ էլ Ադրբեջան, որ կարողանաս կանխորոշել՝ իրադարձություններն ինչպես կզարգանան, ինչպես կանցնեն նախագահական ընտրությունները, ինչպես կավարտվեն, որ կուսակցությունն իրեն ինչպես կպահի, որ թեկնածուին կպաշտպանի։ Ընթերցողին պետք է, որ իրեն վերլուծաբան, քաղաքագետ, գիտնական համարող մարդը միանշանակ ասի՝ ով ում հետ, ինչպես կմասնակցի ընտրություններին, ով կհաղթի եւ ինչ «հաշվով»։
Ստիպված եմ հիասթափեցնել ճշգրիտ կանխատեսումների սիրահարներին. այս պահին իսկապես դժվար է ասել, թե ինչպես կզարգանան աշնանային վերադասավորումները, եւ դա ինձ, որպես քաղաքագետի, անկեղծ ասած, դուր է գալիս. սա խոսում է երկրում ձեւավորված քաղաքական մշակույթի մակարդակի մասին։
Քաղաքական ինչ վարքագիծ կդրսեւորի «Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններից առաջ՝ կախված է մի շարք անհայտներից, ճնշումների եւ հակազդեցության մեխանիզմներից, կուլիսային պայքարի, բանակցությունների արդյունքներից եւ այլն։ Իհարկե, «Բարգավաճին» կփորձեն կոտրել։ Կստացվի՞, ԲՀԿ-ն տեղի կտա՞ ճնշումներին, թե՞ ոչ՝ որեւէ մեկը վստահաբար չի կարող ասել։
Քաղաքականությունը մնում է քաղաքականություն. մենք, իհարկե, Ադրբեջան չենք, բայց Հոլանդիա էլ չենք։ Հնարավոր է, որ ԲՀԿ-ն տեղի չտա եւ սեփական թեկնածուով մասնակցի նախագահական ընտրություններին, բայց կա հավանականություն, որ ճնշումների մեխանիզմը կաշխատի, եւ կուսակցությունը ձեռնպահ կմնա «վտանգավոր խաղերից»։
-Ըստ էության, ԲՀԿ-ն կամա-ակամա հայտնվել է քաղաքական գործընթացների կենտրոնում։ Մի կողմից՝ ՀՀԿ-ն է պատրաստակամություն հայտնում պաշտպանել Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին, մյուս կողմից՝ ՀԱԿ-ն է ռեւերանսներ անում ԲՀԿ-ին, առաջարկելով իր սիրտը։
-Այդպես էլ պետք է լիներ։ ԲՀԿ-ն խորհրդարանում մեծաքանակ խմբակցություն ունեցող երկրորդ քաղաքական ուժն է՝ միակ խոշոր կուսակցությունը ՀՀԿ-ից հետո, որը կարող է ազդել քաղաքական գործընթացների վրա. մի բան, որ մնացած ընդդիմադիր ուժերը չեն կարող անգամ միասնական ճակատով հանդես գալու դեպքում։ «Բարգավաճը» ախորժալի պատառ է, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունն ուզում են «իրենցով անել»։
Այլ բան է, որ ինքը՝ ԲՀԿ-ն, իրեն չի տեսնում «կարկանդակի» կարգավիճակում, իսկ եթե տեսնում է, ապա՝ ինքնուրույն կարկանդակի դերում, որը ցանկություն չունի տրվել մեկին կամ մյուսին։ Այսինքն՝ «Բարգավաճը» բավական լուրջ քաղաքական գործոն է, եւ ԲՀԿ-ում դա շատ լավ հասկանում են։
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն հրաժարվեց Վարդան Ղուկասյանից. կարելի՞ է ասել, որ իշխող կուսակցությունը գնում է «ինքնամաքրման» ճանապարհով։
-Քաղաքական վերնախավը երբեք եւ ոչ մի երկրում «ինքնամաքրման» ճանապարհով չի գնում։ Դաժան բան եմ ասում, բայց նույնիսկ ամենաժողովրդավարական երկրների քաղաքական բարձր էշելոններում, ինչպեսեւ քրեական հեղինակությունների մեջ, «մայրթերեզաներ» չեն լինում։
Կոյուղի մաքրողը մաքուր ձեռքեր չի ունենում, այնպես որ «ինքնամաքրման» մասին խոսելը, մեղմ ասած, միամտություն է՝ մանկական խոսակցություններ, որ իրականության հետ որեւէ կապ չունեն։
Պարզապես կա քաղաքական մշակույթի ինչ-որ աստիճան, որ հրապարակային գործչին թույլ չի տալիս բացահայտ անպարկեշտ վարքագիծ դրսեւորել. եթե որեւէ մեկն անցնում է թույլատրելի սահմանը՝ ուղղակի դուրս է մղվում քաղաքական վերնախավից։ Այսինքն՝ խաղի կանոններն են փոխվել, որովհետեւ կա հասարակական կարծիք, կան ճնշումներ ներսից եւ դրսից, այդ ճնշումները մեծանում են, եւ մարդիկ ստիպված են իրենց քիչ թե շատ կարգին պահել, եթե ուզում են մնալ քաղաքականության մեջ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»