Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում սիրիահայերի հետ

Օգոստոս 01,2012 11:11


 

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հերթական հանդիպումը Սիրիայից վերջին շրջանում ժամանած և ինչպես նաև երևանաբնակ սիրիահայերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայերի վիճակը և նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրներին նվիրված հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ այս սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող գլխադասային նախարարությունը` ՀՀ սփյուռքի նախարարությունն է:

Ամիսներ առաջ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ոչ միայն բազմակողմանի ուսումնասիրել է սիրիահայերի կողմից բարձրացված հիմնախնդիրները, այլ դասակարգել է դրանք և վերահասցեագրել է պետական կառավարման այն մարմիններին, որոնց գործունեության ոլորտին դրանք առընչվել են:

Նախարարը մասնավորապես տեղեկացրեց, որ ստեղծված աշխատանքային խումբը օդանավակայանում դիմավորում է սիրիահայերին, բաժանում տեղեկատվական թերթոններ և օրվա ընթացքում ընդունում է այն սիրիահայերին, որոնք այցելում են ՀՀ սփյուռքի նախարարություն: Այցելուները, որոնց թիվը անցնում է 10-ից տարբեր խնդիրներով դիմում են նախարարություն:

Տիկին Հակոբյանը նշեց, որ մոտակա 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության կողմից ընդունված 2 կարևոր որոշումներ, որոնք ընդունվել են սիրիահայերի պահանջներին համապատասխան: Ըստ այդմ ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերն առաջին անգամ անձնագիր կարող են ստանալ Սիրիայում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում` ՀՀ դեսպանատանը Դամասկոսում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունում` Հալեպում: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սիրիահայերը վիզա կարող են ստանալ ոչ միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև ՀՀ սահմանի վրա:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` տիկին Հակոբյանը ընդգծեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև բարձրացվել են մի շարք հարցեր: Դրանցից առաջնայինը արևելահայերենի արագացված դասընթացների կազմակերպման խնդիրն է:  Այսօր արդեն Շահումյանի անվան դպրոցում ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ջանքերով մեկնարկել են արևելահայերենի դասընթացները:

Նախարարությունը միաժամանակ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը քննարկելու և գտնելու հնարավորություններ սիրիահայերի ԲՈՒՀ-եր ընդունվելու հարցազրույցներն առավել պարզեցված կարգով անցկացնելու, ինչպես նաև հավասարեցնելու նրանց ուսման վարձավճարները ՀՀ քաղաքացիների ուսման վարձավճարներին:

Եվ այսօր արդեն կա համաձայնություն այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկելու նախապատրաստական ֆակուլտետների վարձավճարները հաշվարկել 50 տոկոսի չափով, իսկ ուսման վարձավճարների զեղչման հարցը քննարկել` ելնելով տվյալ անձի սոցիալական վիճակից:

Ինչպես արդեն հաղորդվել է հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով ուսանողական հանրակացարաններում տեղեր կտրամադրի սիրիահայ ուսանողներին:

Նախարարը նշեց, որ ՀՀ առողջապահական նախարարությունը լուծում է առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերի բժշկական օգնության և սպասարկման հարցերը:

Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների մինչև այսօր նրանց է դիմել մոտ 30 ընտանիք, որոնք ապահովվել են համապատասխան կացարաններով:

Տիկին Հակոբյանը նշեց, որ <Արի տուն> ծրագրին, <Իմ Հայաստան> համահայկական փառատոնին,  և <Սփյուռք> ամառային դպրոցի <Լրագրողների վերապատրաստման դասընթացներին>, <Երիտասարդ առաջնորդների դասընթացներին> մասնակցություն են ունեցել և շարունակում են մասնակցել սիրիահայ երիտասարդները:

Նախարարը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում համագործակցելով մասնավոր հատվածի հետ կազմակերպել հավելյալ չվերթներ Սիրիա` երեխաներ տեղափոխելու և նրանց ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և ներկայացուցչությունների, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական կառույցների միջոցով փորձում են կազմակերպել երեխաների ընտրության և տեղափոխման հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հայտնում հասարակական կազմակերպություններին, շարժումներին /Դատական փորձագետների և իրավագետների ասոցացիա, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Սիրիահայերի աջակցման գրասենյակ, <Հայազն>, <Հայրենադարձության և սիրիահայության աջակցության> խումբ և <Հայրենադարձ ընտանիքներին աջակցության> ֆեյսբուքյան խումբ/, որոնք փորձում են համախմբվել և սիրիահայերին ցուցաբերել համապատասխան աջակցություն:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ գործող աշխատանքային խումբը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանի գլխավորությամբ, համագործակցում է խնդրո առարկայով մտահոգ բոլոր կառույցների, շարժումների հետ:

Արդեն նախարարություն են դիմել մի շարք գործարարներ, որոնք պատրաստ են աշխատատեղեր տրամադրել մեր հայրենակիցներին:

Ողջունելի է նաև այն անհատների առաջարկությունները, ովքեր պատրաստ են իրենց բնակարանները ժամանակավորապես տրամադրել մեր հայրենակիցներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծվեց, որ Սիրիայում հայ համայնքը, նրա կազմակերպություններն ու կառույցները, հոգևոր առաջնորդները գործում են միասնաբար, իսկ համայնքի առաջ ծառացած խնդիրներին փորձում են տալ լուծումներ` համագործակցելով տեղի դիվանագիտական կառույցների և ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

Խորհրդակցության սիրիահայ մասնակիցները շեշտեցին, որ ՀՀ-ում ամենուր սիրիահայերի նկատմամբ կա ջերմ վերաբերմունք և կարևորվեց ՀՀ սփյոևռքի նախարարության աշխատանքային խմբի գործունեությունը և հույս հայտնեցին, որ ցանկացած հարց ժամանակին կստանա իր լուծումը պետական համապատասխան կառույցների կողմից:

Նրանք նաև առաջարկեցին, որ ՀՀ ԿԳՆ քննարկի դիպլոմների նույնականացման հետ կապված հարցերը:

Խորհրդակցության ընթացքում կարևորվեց նաև, որ հիմնախնդիրներին ճիշտ լուծում գտնելու նպատակով կազմակերպվում են քննարկումենր Հայաստանում գործող համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների և գիտնականների հետ:

Հանդիպմանը մասնակից սիրիահայերը մասնավորապես խնդրեցին, որ լրատվամիջոցները զուսպ և զգուշավոր գտնվեն սիրիահայերի խնդիրները լուսաբանելիս, որովհետև ցանկացած տեղին չօգտագործված խոսք կարող է վտանգի տակ դնել սիրիահայ համայնքը և խոչընդոտել խնդիրների լուծմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031