Օրերս մի խումբ բնապահպաններ «Ֆեյսբուքով» եւ մի քանի լրատվամիջոցով հաղորդագրություն էին տարածել՝ ահազանգելով, որ «անխնա կտրում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Մարցի, Քարինջի, Ահնիձորի, Շամուտի, Լորուտի անտառները»։ Ահւսզանգող քաղաքացին գրել էր, որ ինքը վերջերս է եղել նշված վայրերում, եւ գյուղացիների հետ զրույցում նրանք ասել են, որ հուլիսից է սկսվել «անտառասպանդը»։ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյւսնը, սակայն, մեզ հետ զրույցում բնապահպանների բարձրացրած աղմուկն անտեղի համարեց՝ պարզաբանելով, որ, այո, այս օրերին նշված վայրերում հատումներ կատարվում են, բայց դրանք անօրինական չեն։ «Ցանկացած հատում անտեղյակ մարդու համար դիտվում է որպես ապօրինի հատում։ Ցանկացած մարդ հենց տեսնում է փայտով բեռնված մեքենաներ, միանգամից աղաղակում է, թե անտառահատում է իրականացվել, բայց դա այդպես չէ»,- ասաց Մաթեւոսյանը՝ ավելացնելով, որ անտառկառավարման պլաններով (որոնք մշակվում են 10 տարվա համար) որոշվում է, թե տարեկան քանի խորանարդ մետր անտառ պետք է հատվի, որտեղից եւ ինչ ծառատեսակներ։ «Ընդհանուր առմամբ, անտառկառավարման պլաններով նախատեսված է Դսեղի անտառտնտեսության տարածքում տարեկան իրականացնել հատումներ մոտավորապես 2000 խմ՝ միջինացված։ Կոնկրետ այս տարվա համար Դսեղի անտառտնտեսության համար իջեցված է 2000 խմ հատատեղային ֆոնդ»,- նշեց Մաթեւոսյանը։ Նրա խոսքով, այդ հատումներն «անտառի շահից բխող՝ խնամքի հատումներ են»։ «Մեկը կոչվում է սանիտարական հատում, մեկը կոչվում է խնամքի հատում։ Մեր եւ բնապահպանների խնդիրները մի քիչ տարբեր են այն իմաստով, որ բնապահպանները ցանկացած հատում նայում են որպես զուտ հատում, իսկ սրանք խնամքի հատումներ են, եւ ինչ-որ տեղ նաեւ բնակչությանը վառելանյութով ապահովելու խնդիր կա»,- ասաց «Հայանտառի» տնօրենը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ»