Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 31-ի նիստում ներկայացվեցին Արտակ Նազարյանին ամրակցված AK-74 ինքնաձիգը, նրա զրահաբաճկոնը, ենթապայուսակը եւ այնտեղ պահված փամփուշտների 3 պահունակները: Դրանք դատարանում ներկայացնելու համար նախորդ դատական նիստում միջնորդություն էր արել տուժողի իրավահաջորդը` Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանը: Դատավոր Սամվել Մարդանյանը հարցրեց, թե պե՞տք է բացել ինքնաձիգի փողը փակող կպչուն ժապավենը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքնաձիգը կեղծ ապացույց է, իրենց չի հետաքրքրում: Նա զննելով Արտակ Նազարյանի զրահաբաճկոնը` հայտարարեց, որ դրանց վրա հրազենային կրակոցին բնորոշ հետքեր կան:
-Գազանների համար ի՞նչ զրահաբաճկոն,- դահլիճում ասաց Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:
Ամբաստանյալ զինվորներ Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարություն Կիրակոսյանը դատարանում ցուցմունք տալով` ասել էին, որ նախաքննության ընթացքում ռազմական ոստիկանությունում իրենց ծեծել են: Գործով մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր այս առթիվ քննություն կատարել: Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց զինդատախազ Գեւորգ Կոստանյանի գրությունն այն մասին, որ դրա վերաբերյալ կատարված քննության արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է: Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են այդ առթիվ քրեական գործի հարուցումը մերժող հետաքննության հիմքերը, հարկավոր է կալանավայրից ստանալ ամբաստանյալների մարմնական զննության փաստաթղթերը:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը միջնորդեց դատական նիստերը Երեւան տեղափոխել, քանզի Իջեւան հասնելու համար իրենք շատ ժամանակ են ծախսում: Նա դատավորին առաջարկեց մտածել տուժողի իրավահաջորդների առողջության մասին եւ դատական նիստերը մայրաքաղաքում անցկացնել: Դատավոր Մարդանյանն ասաց, որ նախկինում էլ նման միջնորդություններ են եղել, որոնք մերժվել են: Այնուհետեւ Ծովինար Նազարյանը միջնորդեց հրապարակել քրեական գործում առկա շուրջ 8 տասնյակ ապացույցներ: Դատական նիստի ընթացքում այդ ապացույցների հրապարակումը կիսատ մնաց: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը «Առավոտի» թղթակցին ասաց, որ նախորդ դատական նիստում ներկայացվեցին Արտակ Նազարյանի զինվորական հագուստները, որ Նազարյանի վերնաշապիկի եւ ներքնաշապիկի թիկունքի մասը արյունով է ծածկված, սակայն տաբատն ու վարտիքն արյունոտ չեն , եթե Նազարյանը նստած, ժայռին հենված դիրքում ինքնասպան լիներ, արյունը պետք է հասներ տաբատին եւ վարտիքին: Իրավապաշտպանի խոսքերով` Արտակ Նազարյանի դիակի դիրքը փոխած է, նա պառկած է եղել հորիզոնական դիրքում: Ռ. Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հուլիսի 27-ին, առավոտյան 8-անց 10-ին գնդի հրամանատար Ղազարյանը հեռախոսագրով հայտնել է, որ Արտակ Նազարյանի դիակը հայտնաբերվել է հենակետում , իսկ կես ժամ անց ճշտելով նա հայտարարել է, որ Արտակ Նազարյանի դիակը գտնվել է խրամատում: Իսկ քրեական գործի նյութերով` Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել ժայռի մոտ:
Կարդացեք նաև
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 8-ին:
Ոսկան Սարգսյան