Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է. Տիգրան Սարգսյան

Հուլիս 31,2012 22:09

Վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» ավագ դպրոցում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին` հանդես եկել «Հայկական աշխարհ» թեմայով դասախությամբ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման տենդենցներին և տարածաշրջանային գործընթացներին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է, ուստի պետությունը պետք է ստեղծի այնպիսի նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան համախմբել հայերին և բազմապատկել մեր ժողովրդի կազմակերպվածությունը: Կառավարության ղեկավարի կարծիքով` աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին համընթաց «Հայկական աշխարհ»-ի գործոնը  տարեց-տարի ավելի նշանակալի է դառնալու` ստիպելու մեզ որպես ազգ դառնալ  ավելի միասնական: «Այդ առումով, կարևորագույն գործիքներից են «Լույս» հիմնադրամը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Ազգային մրցունակության խորհուրդը, որի կազմում են աշխարհի տարբեր պետություններում հաջողության հասած հայազգիները: Խորհրդի նպատակն է՝ ազգային մրցունակության բարձրացումը` «Հայկական աշխարհ»-ի ներքո»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` «Հայկական աշխարհ» նախագծի իրականացումն արդիական են դարձրել ժամանակակից աշխարհի բազմազանությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում աշխարհի արագ փոքրացումը և այլն:

Կառավարության ղեկավարը նկատել է, որ ներկայում քիչ երկրներ կան, որոնք գտնվում են այնքան բարդ իրավիճակում, որքան Հայաստանը, որը չունի ծով, երկու հարևանների` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Իրանի դեմ կիրառվող միջազգային սանկցիաներն էլ դժվարացնում  են Հայաստանի վիճակը: «Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը տնտեսության համար ստեղծում է բարդ պայմաններ, բարձրացնում քաղաքական ռիսկերը և այլն: Այսինքն, մենք պարտավոր ենք մեր տնտեսական մոդելը քննարկելու ժամանակ հաշվի առնել այս օբյեկտիվ միտումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի զարգացման մյուս միջոցն էլ ինտեգրումն ու շուկաների ընդլայնումն է. երկիրը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները` Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ մաքսիմալ ինտերգրացիա ապահովելու համար: «Սակայն հաշվի առնելով այն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը բավականին դժվար խնդիր է, մենք պետք է շեշտադրում կատարենք երկրի ներքին ռեսուրները և «Հայկական աշխարհ»-ի ներուժն ավելի լավ կազմակերպելու վրա»,- ընդգծել վարչապետը:

«Լույս» հիմնադրամի 150 ուսանողներ «Զարգացնենք Հայաստան»-ը ծրագրի շրջանակներում 2012 թ.-ի հուլիսից աշխատել են Հայաստանի և Արցախի տասը համայնքներում` գյուղերում և քաղաքներում, բացահայտել են վերջիններիս  զարգացման միջոցառումներն ու ծրագրերը, որոնք էլ հանդիպման ընթացքում ներկայացրել են կառավարության ղեկավարին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031