Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հուլիսի 31-ի դատավճռով երիկամի առուծախի ճանապարհով թրաֆիքինգի մեջ մեղադրվող Սերգեյ Հովսեփյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:
Սերգեյ Հովսեփյանը, հայտնվելով ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում, ինտերնետում հայտարարություն է տեղադրել երիկամի դոնոր դառնալու պատրաստակամության մասին, նրան արձագանքել են և արդյունքում զրկվել է կենսական նշանակություն ունեցող օրգանից՝ երիկամից՝ 12 հազար դոլար վճարի դիմաց:
Այնուհետև նա նախնական համաձայնության է եկել արտերկրում բնակվող, գործով դեռևս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի և Բագդանի հետ, երիկամի դոնորներ հավաքագրելու շուրջ՝ նրանց տեղափոխումը կազմակերպելու և յուրաքանչյուր անձի դիմաց երկուհազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ:
Ըստ մեղադրանքի, օգտագործելով մարդկանց վիճակի խոցելիությունը, երիկամի դիմաց տասըհազարական ԱՄՆ դոլար վարձատրություն տալու խոստումներով, հավաքագրել է Արևհատ Մխիթարյանին, Նարեկ Հովհաննիսյանին, Աշոտ Գազիլյանին, Սարգիս Ֆեսչյանին, Գայանե Ստեփանյանին և Արտաշես Մխիթարյանին և ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով կազմակերպել է Արևհատ Մխիթարյանի, Աշոտ Գազիլյանի, Սարգիս Ֆեսչյանի և Գայանե Ստեփանյանի տեղափոխումը Շրի Լանկայի Հանրապետություն:
Մեղադրող Արթուր Դավթյանն իր մեղադրական ճառում նշել էր, որ դասական առումով բռնություն ամբաստանյալը չի գործադրել գործով 6 տուժողի նկատմամբ, սակայն ամբաստանյալը օգտագործել է նրանց վիճակի խոցելի լինելը, ինչը բնորոշում է թրաֆիքինգը:
Ամբաստանյալի պաշտպան Վահան Ավագյանը համամիտ չէր մեղադրող կողմի քրեաիրավական այս գնահատականի հետ: Ըստ նրա, իր պաշտպանյալը չի իմացել տուժողների խոցելի վիճակի մասին, տուժողներն իրենց կամքով են մեկնել Շրի Լանկա, նրանց տեղաշարժը որևէ կերպ չի սահմանափակվել, ուստի պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին մեղսագրվող արարքում անպարտ ճանաչել ու արդարացնել:
«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը վերաքննիչ քրեական դատարան: