Ինչպես հաղորդել էինք, այսօր «էրեբունի Պլազայում» կայացած հանդիպման ժամանակ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը ներկայացրեց հանրակրթական դպրոցներում կատարած ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց` հայ եկեղեցու պատմության առարկայի միջոցով քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հանրակրթական դպրոցներում իրականացնում է առաքելական եկեղեցու քարոզչություն, ինչն արգելվում է օրենքով:
Հանդիպման ընթացքում ելույթի հնարավորություն խնդրեց քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան Աբեղա Նավասարդյանը` ասելով. «Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը երբեք չի կրել քարոզչական բնույթ: Հանդիպումների արդյունքում ուսուցիչները խստորեն զգուշացվել են այդ մասին: Ուսումնասիրել եմ զեկույցը եւ հայտնաբերել, որ հարցված բոլոր ուսուցիչները կապ չունեն եկեղեցու հավատացյալ լինելու հետ»:
Հոգեւորականը հավելեց, որ առարկան ներառված է հանրակրթական դպրոցների երաշխավորված առարկաների ցանկում. «Սակայն ընտրության հարցում ազատ են ոչ թե կրոնական, այլ ազգային փոքրամասնությունները»:
Հոգեւորականը հավելեց, որ ցանկացած հարցով պատրաստ է համագործակցել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի հետ. «Հայ եկեղեցու սպասավորը միշտ ձեր կողքին է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ