Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական առաջին ոսկե մեդալը նվաճած Արսեն Գալստյանը ծնվել է 1989թ. Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: 1996թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Ներկայումս Ներքին Կարմիրաղբյուրում ապրում են օլիմպիական չեմպիոնի մորական պապը, քեռին, այլ հարազատներ:
Նախանցյալ տարի Արսեն Գալստյանի հորական տատը մահացել է սահմանամերձ գյուղում: 1150 բնակիչ ունեցող Ներքին Կարմիրաղբյուրը Ադրբեջանի հետ 9 կմ սահման ունի, հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գյուղը 17 զոհ է տվել: Ներքին Կարմիրաղբյուրը ադրբեջանական հրետանու կողմից ուժգին հրետակոծության է ենթարկվել, տասնյակ տներ են ավերվել:
Արսեն Գալստյանի հորական տունը 1992թ. հրետակոծվել, ավերվել է, երկհարկանի տունն ամբողջությամբ վառվել է: Այն վերականգնելու համար պետության կողմից, որպես աջակցություն 1000 դոլարին համարժեք գումար է տրվել, որը խիստ անբավարար է, տունն այդպես էլ չի վերականգնվել:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետն ասաց, որ իրենք համագյուղացու չեմպիոն դառնալու լուրն իմացել են հարսանիքի ժամանակ, երբ Տավուշ գյուղից Ներքին Կարմիրաղբյուր հարս էին բերել, ավետիսը հարսանիքը կրկնակի տոն է դարձրել:
Կարդացեք նաև
– Ռուսաստանի տարբեր քաղաքներում ներքին կարմիրաղբյուրցիները քեֆ են անում, տոնում Արսեն Գալստյանի հաղթանակը,- ասաց Մանվել Կամենդատյանը:
Գյուղապետը հայտնեց, որ սահմանամերձ գյուղի բնակիչները ադրբեջանական ոտնձգությունների պատճառով իրենց կյանքը վտանգի ենթարկելով, մեծ դժվարություններով են մշակում իրենց հողատարածքները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ