Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր «ծիծաղելի» է որակել Արեւմուտքի կողմից իր երկրի նավթային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները` նշելով, թե դրանք նպատակ ունեն աշխարհը էներգետիկ ռեսուրսներից զրկել մի ժամանակաշրջանում, երբ այդ ռեսուրսների պահանջարկը աճում է։
«Դա շատ զվարճալի է։ Նրանք օգտագործում են նավթը որպես քաղաքական զենք մի երկրի դեմ, որը ինքն է նավթ արդյունահանում», – Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ահմադինեժադը։
Associated Press-ը նշում է, որ Եվրամիությունը, որին նախկինում բաժին էր ընկնում Իրանի արտահանած նավթի շուրջ 18 տոկոսը, հուլիսի 1-ին դադարեցրել է բոլոր պայմանագրերը պաշտոնական Թեհրանի հետ։ Միացյալ Նահանգները, իր հերթին, ճնշում է գործադրում Ասիայում Իրանի նավթի առանցքային սպառողներ Հնդկաստանի եւ Հարավային Կորեայի վրա, որպեսզի այդ պետությունները փոխեն իրենց մատակարարին։
«Նրանք, ովքեր նավթի կարիք ունեն, օգտագործում են այն, ինչի կարիքն ունեն, այլոց վրա ճնշում գործադրելու համար», – ընդգծել է Իրանի նախագահը։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան