Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք սիրիահայերը բավարար աջակցություն են ստանում Հայաստանից (Տեսանյութ)

Հուլիս 31,2012 17:18

Ներկայումս ամենաքննարկվող և ամենահրատապ խնդիրներից են դարձել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Մասնավորապես, իրավիճակը սրված է Հալեպում, որտեղ գոյություն ունի բավականին մեծ հայ համայնք: Ուստի Aravot.am-ը արաբագետ Սուրեն Մանուկյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ նրա գնահատմամբ՝ արդյոք ՀՀ իշխանությունները բավարար աջակցություն ցուցաբերո՞ւմ են և պատրա՞ստ են ցուցաբերել սիրիահայերին: Նա պատասխանեց. «Իրավիճակն այնքան բարդ է, որ ամենահեշտ բանն է մեղադրել իշխանություններին: Տեղյակ եմ, որ մեր իշխանությունները հետևում են կատարվող իրադարձություններին և պատրաստ են արձագանքել զարգացումներին: Այն, որ մինչև այժմ Դամասկոսում աշխատում է ՀՀ հյուպատոսությունը, արդեն մեծ բան է հայ համայնքի համար»:

Անդրադառնալով բարոյական օգնության խնդրին՝ արաբագետը նկատեց. «Սիրիայում ապրող հայերը շատ ավելի շատ կուզենային ստանալ բարոյական աջակցություն և ամենօրյա ուշադրություն հայկական պետության կողմից, քանի որ իրենք ասում են, որ ի տարբերություն շատ այլ ազգային փոքրամասնությունների՝ իրենք ունեն հայրենիք: Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է ակտիվացնի երկկողմ հարաբերությունները: Իհարկե, պատերազմական իրավիճակում շատ հարցեր քննարկել հնարավոր չէ: Պարզապես Հայաստանից պատվիրակության մեկնելն այնտեղ սիրիահայերի մոտ կստեղծի այն զգացումը, որ հայկական պետությունը մոտ է իրենց և իրազեկ իրենց խնդիրներին: Այս հարցում հայկական իշխանություններն անելիք ունեն»:

Մեր այն դիտարկմանը, թե արդեն խոսվում է ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում գների բարձրացման մասին սիրիահայերի՝ Հայաստան հոսքով պայմանավորված, պարոն Մանուկյանն այսպես արձագանքեց .«Իրականում անշարժ գույքի շուկան մասնավոր շուկա է, որին կառավարել չի լինի: Կարծում եմ, որ այդպես էլ պետք է լիներ, ինչպես եղավ Իրանում սրացումներից հետո: Դա ուղղակի տնտեսական բնական երևույթ է: Իսկ ՀՀ կառավարությունը, եթե սիրիահայերի կեցության հարց պիտի լուծի, դա պիտի լինի նրանց ժամանակավոր բնակվելու իրավունք տալու ձևով, մինչև նրանք հասկանան, թե որն է իրենց ճակատագիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031