Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դրսում եմ լինում, միշտ հեծանիվիս վրա հայկական դրոշն եմ ամրացնում». Մուշեղ Խաչատրյան

Հուլիս 31,2012 17:26

Դեռ վաղ տարիքից Մուշեղ Խաչատրյանը ճկուն եւ ակտիվ է եղել: Հաճախել է հայկական ժողովրդական երգ ու պարի, բայց այդպես էլ չի կարողացել հարմարվել, մասնավորապես պարին. «Երգել, ոչինչ, սիրում էի, բայց պարը` ոչ: Այդ տարիքից էլ ինձ ավելի շատ դուր էր գալիս Բրեյք դանս պարային ձևը»:

Մուշեղը 12 տարեկան էր, երբ մայրը հորդորում է որդուն գնալ կրկես եւ այնտեղ փորձել իր ուժերը: Խինդով եւ ոգեւորությամբ է հիշում իր մուտքը կրկես.«Էրեբունի թաղամասում ամեն տարի ամռանը հաճախ էինք ճամբար կազմակերպում, երգում, պարում, ինչ-որ բաներ բեմադրում: Այդ անգամ ինձ կիսաշրջազգեստ էին հագցրել, կեղծամ դրել, անգամ շպարել եւ այդպես ուրախանում էինք»,-պատմում է Մուշեղը: Այդ օրն էլ այնպես է ստացվում, որ մայրը համոզում է որդուն գնալ կրկես: Երեխան առարկում է՝ ելնելով իր արտաքին տեսքից, բայց մայրը կարողանում է սիրաշահել եւ հասցնել կրկես: «Ամբողջ ճանապարհին մայրս ասում էր, թե մարդ չի լինելու, մենք ենք լինելու եւ տնօրենը, բայց արի ու տես, ներկաները մոտ 40 հոգի կլինեին»,-պատմում է Մուշեղ Խաչատրյանը: Երեխային ընդունում են կրկեսում: Մուշեղին միշտ էլ հետաքրքրել է կրկեսը, քանի որ ուսուցիչներն իրեն հաճախ էին ասել, որ նա լավ ծաղրածու կդառնա: Կրկեսում հայտնվելուց հետո թողնում է երգ-պարը ու նվիրվում իր աշխատանքին: Խոստովանում է, որ ծաղրածու դառնալն ամենաբարդն է. «Նա պետք է կարողանա այդ բարդ էլեմենտը այնքան գերազանց իմանալ, որ կարողանա որպես ծաղրածու էլեմենտի ձախողումը այնքան ճիշտ կատարել, որ կեղծ չթվա եւ նմանատիպ շատ օրինակներ»: Եվ մի օր նրան առաջարկում են վարել մեկ անիվ ունեցող հեծանիվ: «Առաջին հեծանիվը հայրս է պատրաստել: Բոլորն էլ հայրիկիս ձեռքի աշխատանքն են եղել, բացառությամբ մեկի, որը գնել եմ»: Եվ այսպես Մուշեղը սկսում է սիրել ու զբաղվել այս սպորտաձեւով: Շատ արագ է սովորում եւ էլ ավելի հմտացնում իր կարողությունները: Այս տարիների ընթացքում հասցրել է լինել շուրջ 13երկրներում, մասնակցել տարբեր մրցույթների եւ մի շարք հաջողություններ գրանցել. «Մասնակցեցի «Շանթի» «Թաքնված տաղանդ» նախագծին՝ հասնելով մինչեւ եզրափակիչ փուլ, այնուհետեւ շատ չանցած հրավեր ստացա մասնակցելու Ուկրայինայում կայանալիք նմանատիպ մրցույթի, որտեղ հասա մինչև կիսաեզրափակիչ փուլ»: Մուշեղն այժմ հրավեր է ստացել Չեխիայից եւ պատրաստվում է մինչ սեպտեմբեր լինել այնտեղ եւ ցուցադրել իր շնորհը: «Դրսում արված ցանկացած մրցույթ, ի տարբերություն այստեղի, արվել է բարձր մակարդակով: Եթե այստեղ ասում էիր, որ այս բանը պետք է փոխվի, մեկը մյուսի վրա էր գցում եւ այդպես էլ երկար ժամանակ կարող էր չփոխվել, մինչդեռ այնտեղ իրենք էին հարցնում, անհրաժեշտության դեպքում շատ արագ կարգավորում: Պրոֆեսիոնալիզմը շատ բարձր մակարդակի վրա էր դրված»,- ասում է Մուշեղը:

Շատ համառ այս երիտասարդը բավականին նյարդային է, որը երբեմն խանգարում է իրեն մարզումների ժամանակ. «Կողքիններիս կարողանում եմ հասկացնել, որ դրա վրա նյարդեր ծախսել հարկավոր չի, բայց ինքս չեմ կարողանում այդ խորհրդին հետեւել»,-ժպտալով ասում է Մուշեղը: Շատ բաներից է հասցրել հիասթափվել. «Արտերկրում դու մրցումների ես, բայց այստեղ դրա մասին ոչ ոք չգիտի: Տարիներ շարունակ մարզվում ես կրկեսում, ես եւ իմ սերնդակիցներն էլ այսօր համարվում ենք կրկեսի առաջին շրջանավարտները, բայց որեւէ թղթի կտոր չկա: Կրկեսը ոչինչ չի տալիս, որ երբեմն խնդիրների առաջ է կանգնեցնում»: Մուշեղն ասում է, թե չի սիրում Հայաստանը եւ առաջիկա հնարավորության դեպքում կապրի հայրենիքից հեռու, բայց այնուամենայնիվ, երբ հայրենիքից հեռու է գտնվում, այն մոռանալ չի կարողանում. «Երբ դրսում եմ լինում, միշտ հեծանիվիս վրա հայկական դրոշն եմ ամրացնում եւ նոր եմ դուրս գալիս քշելու: Թող բոլորը իմանան, որ Հայաստանից եմ ու հայ եմ: Եղել են դեպքեր, երբ իրենք սկսել են բողոքել իրենք կառավարությունից, նախագահից, ոստիկաններից եւ հարցրել են, թե արդյոք մեզ մոտ էլ է այդպես: Նույն խնդիրները մեզ մոտ էլ կան, բայց պատասխանել եմ՝ ոչ: Ի՞նչ պարտադիր է իմանան, որ մեզ մոտ էլ է նման բաներ լինում»,-ասում է Մուշեղը: Նա բոլորին խորհուրդ է տալիս զբաղվել այն ամենով, ինչ սիրում են եւ ամենակարեւորը պարտադրաբար ոչինչ չանեն:

Քրիստինա Միրզոյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031