Այսօր՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհրդում կրկին քննարկման դրվեց հեռուստաեթերի հարցը: Այս անգամ քննարկմանը հրավիրված էին հեռուստաընկերությունների ղեկավարները: Մասնակցում էին Հանրային, «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ներկայացրեց վերջին մեկ ամսվա ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ իրականացված քննարկումներն ու հնչած առաջարկները, ապա հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն արտահայտեցին՝ ընդհանուր առմամբ ընդունելով հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը:
Բարձրացվեցին հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրացրեցին հավասար մրցակցային դաշտ ունենալու
հարցը: Ընդգծվեցին Հանրային հեռուստաընկերության կողմից հանրության առջև ունեցած պատասխանատվությունն ու պարտականությունները: Կարևորվեց Հանրային հեռուստաընկերության եթերում կրթադաստիարակչական բովանդակությամբ սոցիալական գովազդներ հեռարձակելու անհրաժեշտությունը: Առաջարկվեց նաև կիրառել պետպատվերի գաղափարը, որը կարող է տարածվել ոչ միայն Հանրային, այլև մասնավոր հեռուստաընկերությունների վրա: Հանրային խորհրդի անդամ
Հովիկ Մուսայելյանն առաջարկվեց Հանրային հեռուստաընկերության և Հանրային խորհրդի միջև ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հ1-ում եթերային բարեփոխումներ իրականացնելու գործով:
Հեռուստաընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս մի քանի նմանատիպ հանդիպում-քննարկումներ անցկացնել, որոնց արդյունքները Հանրային խորհրդում անցկացված և անցկացվելիք հանրային այլ քննարկումների արդյունքների հետ միասին սեպտեմբեր ամսին հստակ առաջարկների տեսքով կներկայացվեն Հանրապետության Նախագահին:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան