ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի վարույթում էր գտնվում հարեւան հանրապետության Սումգայիթ քաղաքից բռնագաղթված Կարեն Ղեւոնդյանի ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության դեմ հայցը:
Անցյալ տարվա օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ նախնական նիստերից հետո սկսվել էր այս դատաքննությունը:
Կարեն Ղեւոնդյանը պահանջել էր, որպեսզի միգրացիոն ծառայության կողմից 2010 թ. դեկտեմբերի 27-ին իրեն փախստական չճանաչելու մասին որոշումը վերացվի: Ի դեպ, վարչական դատարանը հեղեղված է այս հայցապահանջի բովանդակությամբ հինգ տասնյակից ավելի դիմումներով:
Կարենն իր ծնողների եւ քրոջ՝ Յանայի հետ ջարդերի ժամանակ գաղթել է Հայաստան, որտեղ նրանց տրվել է փախստականի վկայական:
Կարդացեք նաև
Այն յուրաքանչյուր 3 տարին մեկ թարմացվում էր եւ այս ընտանիքը վերջին անգամ փախստականի «թարմ» կարգավիճակ է ստացել 2008թ. ապրիլի 1-ին:
Պատասխանողն առարկություններ էր ներկայացրել դատարան, փաստելով, թե «հայցվորի վերաբերյալ տվյալներ առկա չեն նաեւ փախստականի ընտանիքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթում, իսկ փախստական ընտանիքին տրված վկայականում հայցվորի վերաբերյալ տեղեկություններն ամրագրվել են ավելի ուշ»:
Պատասխանողը դատարանին խնդրել էր ամբողջությամբ հայցը մերժել:
Դատարանը պարզեց, որ մինչ այդ միգրացիոն ծառայությունը վարչական վարույթ է հարուցել Կարենի նկատմամբ, եւ որը, սակայն տեղյակ չի եղել:
Ըստ ՀՀ վարչական դատարանի դիրքորոշման. «Տվյալ դեպքում վարչական վարույթը տեւել է 3 օրից ավելի, մինչդեռ հայցվորը պատշաճ կերպով չի ծանուցվել իր գործի քննության ժամանակի եւ վայրի մասին, որով հայցվորը զրկվել է իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, դրանով իսկ խախտվել է ՀՀ սահմանադրությունը եւ «Մարդու իրավունքների եւ ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված պետական մարմնի առջեւ իրավական պաշպանության արդյունավետ միջոցների իրավունքը»:
Դատարանը նկատել էր նաեւ, որ գործի վարույթի մասին իրազեկելը պետք է նպատակ հետապնդի ապահովել անձին լսելու հնարավորությունը:
Ի վերջո, դատարանը հօգուտ փախստականի վճիռ է կայացրել, բավարարել է հայցապահանջը, բայց նկատենք՝ դարձյալ… առանց փախստականի մասնակցության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ