Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանոյի, Վազգենի, «Պառավ յար»-ի… մասին

Հուլիս 31,2012 15:33

Վանոյի ու Վազգենի «Պառավ յարս»` մաքուր, հոգով, պոռթկուն, տղամարդավարի` ցնցել է…

Ու հարցնում են`երբ էր, որտեղ էր, ովքեր էին, ինչ էին անում…

Վանոյին ու Վազգենին կարոտել են:

Կարոտել են թե ճանաչողները, թե` չճանաչողները:

Առաջինները կարոտել են ընկերներին, մտերիմներին, անկեղծներին, Վանոյի` ինչպես ինքը կասեր  «լոպազությանն» ու Վազգենի ուղղամտությանը, Վանոյի բացձեռությանն ու Վազգենի հզոր, թեթեւ շնչին, Վանոյի սթափությանն ու Վազգենի երազկոտությանը:

Երկրորդները կարոտել են տեսակին, կերպին, հայ, Հայաստան, հող, ջուր, հաց սիրող տղամարդուն:

Ու բոլորը միասին կարոտել են շիտակության, պարզության, մարդամոտության…:

Հիմա երբ-ի, որտեղ-ի, ովքեր-ի ու մնացածի մասին:

Եթե չեմ սխալվում, 1996-ի նախագահական ընտրությունների քարոզարշավային օրերն էին: Կարծում եմ չեմ սխալվում, որովհետեւ օրը շատ էր տպավորիչ, պատկերները շատ էին մնայուն ու, բացի այդ, ես 16 տարի փնտրում էի Վանոյի ու Վազգենի «Պառավ յարս»:

Ուրեմն նախագահականի քարոզարշավն էր ու մենք գնում էինք Նոյեմբերյան:

Երբ Վանոն միացավ ուղեւորվողներին, բոլորը մի տեսակ թեւավորվեցին:

Հասկացան, որ աղ, համ ու հոտ ենք տանում Նոյեմբերյան:

Վազգենը կարծեմ միացավ Իջեւանում: Գալիս էր զորամասերից:

Վանոն ու Վազգենը աղն էին` իրենց ամբողջությամբ, իրենց «իրենք իրենց հերիք» լինելով,  Հայաստանն ու մարդ, հայ սիրելու զուտ իրենցականությամբ:

Իրենք ձեւ չունեին, իրենք իրենք էին`ոնց կային ու իրենք պատրաստ էին իրենց տալու, հանձնելու քեզ, որ դու էլ մի քիչ իրենցով ու իրենցական լինես, մի քիչ Հայաստանանաս:

Մեծ Վարպետը` Հրանտ Մաթեւոսյանը նույնպես ուղեւորվողների մեջ էր` էլի իր նման` մեծավարի, համեստ, լուռ, մեկուսի, շիտակ`իրեն սպասարկող մի հին, բաց մոխրագույն «Վոլգայով»: Ի դեպ, նույնատիպ «Վոլգայով» էր նաեւ Անդրանիկ Մարգարյանը:

Երեւանում Վանոն Վարպետին նստեցրեց իր մեքենան: Կարծեմ` նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Վանոն մեքենան ինքն էր վարում: Ինքը դրանից հաճույք էր ստանում, վայելում էր: Իրենք մի քիչ ավելի շուտ մեկնեցին, քան նախագահական շարասյունը, ու երբ Երեւան-Սեւան ճանապարհի մի հատվածում` մի քիչ վերեւ «Չարենցավանի պադյոմից»,  երեւաց ճամփեզրին կանգնած Վանոյի մեքենան, բոլորը մտածեցին, որ ինչ որ բան է պատահել, բայց Վանոն միայն իրեն հատուկ շարժումով, վանոյավարի ձեռքով արեց, թե` գնացեք, ու երբ մի քիչ առաջացանք, տեսանք երեքով կանգնել են ծառերի տակ, փոքրիկ մանղալի շուրջ, մի մի բրդուճ ձեռքներին ու զրուցում են խորոված անող տղայի հետ: Ճանապարհը երկար էր, հոգնեցուցիչ ու երբ հասանք Իջեւանի մոտերքը, ինչքան հիշում եմ, որոշեցին, որ Նոյեմբերյան պիտի գնանք ինչ որ շրջանցող ճանապարհով, որովհետեւ հիմնական ճանապարհը որոշ վտանգներ ուներ իր մեջ: Ադրբեջանական կողմն էլ էր կարծեմ «ուղեկցում» քարոզիչներին: Շրջանցելու գաղափարն ու առաջարկն էլ Վանոյինն ու Վազգենինն էր: Ճանապարհը գրունտային ճանապարհ էր ու ամբողջ ընթացքում սպիտակ փոշին նստում էր մարդկանց ու մեքենաների վրա: Այ էս ճանապարհի մի հատվածում էր կարծեմ, անտառի մեջ, շատ սիրուն, բաց մի տարածքում, որտեղ շատ գյուղական, շատ համով «հաց էին գցել» բոլորի համար: Միայն երեւի սուրճն էր զուտ քաղաքային ներդրում, մնացածը` պանիր, լավաշ, ձու, մածուն, թթու, առաժա, ձմերուկ ու էլի էս տեսակի բաներ`գյուղից, գյուղի հոտով, գյուղավարի: Շատերը զարմացան, որ միասին ենք ճաշելու, Վանոյի ու Վազգենի հետ նաեւ: Մոտիկ խորտկարաններից մեկի աշխատող աղջիկներն էին սեղանը գցել ու կարծեմ այդ աղջիկներից մեկը նաեւ այդ խորտկարանի երգչուհին էր: Ուզեցին, որ մի բան երգի` հենց էդպես` պարզ, անկեղծ, մտերմիկ: Վանոն «Պառավ յարս» շատ էր սիրում, իր սիրած երգն էր, Վազգենն էլ հայտնի երգող էր, Վազգենն էլ էր «Պառավ յարս» սիրում. իրենց գրողական, «Գարունական», ընկերական շրջանի երգն էր:  Վանոն զգաց, որ էս աղջիկն ուզում է «Պառավ յարս» երգի: Երեւի ասել էին, որ Վանոյի սիրած երգն է: Սկսեց բառերը հիշել, հարցրեց կարծեմ հնչակյան Եղյա Նաջարյանին ու ընթացքում ինքն ու Վազգենը միացան` ինչպես տեսանյութում: Վանոն աթոռը շրջեց ու թարս նստեց, Վազգենը մոտեցավ ու երգող աղջիկն էլ մոտեցավ նախարարներին: Սա էլ է տեսանյութից երեւում: Ներկաներից շատերն ուղղակի ապշել էին: Երգող նախարար չէին տեսել, մանավանդ Վանոյի ու Վազգենի նման նախարար, մանավանդ էսքան անմիջական, էսքան պարզ ու չգիտեին, որ երկուսն էլ հրաշալի երգում են: Տեսարանն ավարտվեց Վանոյի վանոյական հումորով. «Էս եղավ, որ դու երգեցիր, հա». տեսանյութում լսվում է:

Վերադարձին, թե կարծեմ հաջորդ օրը, բարձրացանք Խաշթառակ, այնտեղ, ուր նկարահանել են Վարպետի «Մենք ենք, մեր սարեր»-ի դատավարության հայտնի տեսարանը: Նստեցինք հայտնի քարերին ու զրույցների ու հիշողությունների մի ամբողջ շարան`Վանոյի, Վազգենի նախաձեռնությամբ ու Հրանտ Մաթեւոսյան վարպետի ներկայությամբ ու իմաստուն զրույցով: Գուցե Խաշթառակի տեսանյութն էլ  երբեւէ  հայտնվի, որովհետեւ նկարահանում էին:

 

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031