Հայկական ընտանիքներում չբերության մեղքը, սովորաբար, բարդում են հարսի վրա, մինչդեռ անպտղության պատճառները պարզելու համար հավասարապես պետք է հետազոտություն անցնի թե’ կինը եւ թե’ տղամարդը: Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ ամուսնական զույգերին նման խորհուրդ տվեց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը: Նա կոչ արեց մինչեւ մեկ տարի հղիություն չունենալու պարագայում անպայման միասին դիմել բժշկի:
Օկոեւի տվյալներով, Հայաստանում անպտղությունը կանանց մոտ 16, 8 % է կազմում, տղամարդկանց մոտ` 11,7 %: Հատկապես` կանանց դեպքում, այդ ցուցանիշը համարվում է մտահոգիչ, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներով, 15 %-ը գերազանցող չբերությունը համարվում է լուրջ խնդիր տվյալ երկրի համար. այն կարող է սպառնալ ժողովրդագրությանը:
Անհայտ պատճառներով չբերության դեպքում, զույգերը կարող են արհեստական բեղմնավորում կատարել, ինչը բժշկի ներկայացմամբ, օժանդակ տեխնոլոգիաների մի փուլ է, որը բուժում է չբերությունը:
Հայաստանում առաջին արտամարմնային բեղմնավորումից եռյակ է ծնվել: Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանի խոսքերով, թեեւ արհեստական բեղմնավորումը թույլ է տալիս կնոջ արգանդի խոռոչ տեղադրել միանգամից երեք սաղմ, բայց խնդիրներից խուսափելու համար բժիշկները զույգերին խորհուրդ են տալիս մեկ կամ երկուսով բավարարվել, որպեսզի կնոջ համար ծննդաբերությունը հեշտ անցնի: Սակայն Գեորգի Օկոեւի պրակտիկան ցույց է տվել, որ զույգերի հետ հարցը քննարկելիս անպայման պնդում են, որ երեք սաղմն էլ մնա: Արտաբեղմնավորման մեթոդից կարող են օգտվել մինչեւ 45 տարեկան կանայք:
Ծառայությունն արժե 1,2 միլիոն դրամից մինչեւ 1,6 միլիոն` կախված որոշ հանգամանքներից ու դոլար-դրամ տատանումներից: Բժիշկ Օկոեւի խոսքերով, արհեստական բեղմնավորման ցուցանիշները պետք է հաշվել ոչ թե հղիանալով, այլ` ծննդաբերելով. «Հնարավոր է կինը հղիանա, բայց ծննդաբերություն չլինի, այսինքն` չզարգացող հղիություն լինի կամ սաղմը չպահի օրգանիզմը»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Օկոեւի ներկայացրած տվյալների, արտամարմնային բեղմնավորումը 38-39 %-ով ավարտվում է ծննդաբերությամբ:
Ասուլիսից ընդամենը 1 րոպե առաջ, պարոն Օկոեւին տեղեկացրին, որ կենտրոնում երեխա ծնվեց, որը, բժշկի ներկայացմամբ, ճիշտ է բավականին դժվար ծննդաբերություն է եղել, սակայն բեղմնավորված է եղել բնական ճանապարհով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ