Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Ծառուկյանը Յանուկովիչից ինչո՞վ է պակաս, որ չառաջադրվի նախագահի թեկնածու»

Հուլիս 31,2012 15:00

Այսօր «Արցախ» ակումբում «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ իրենք դեռեւս 2011-ին հենակետային հարցումներ են արել՝ որոշելու, թե ովքեր են նախագահի հավանական թեկնածուների ցանկում. «Խորհրդարանական ընտրություններն այդ ցանկի մեջ նորություն չմտցրեցին: Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո էլեկտորատի վերախմբավորում տեղի կունենա, քանի որ կենտրոնական խաղացողը այս ընտրաշրջանում՝ ԲՀԿ-ն, դուրս եկավ կոալիցիայից: Նրա ձայների մոտ 60 %-ը իշխանական թեւն է, 40%-ը՝ ընդդիմադիր: Դուրս գալով իշխանականից, նա հավանաբար կկորցնի իշխանականի ձայների զգալի մասը, իսկ ընդդիմադիր ձայներ դժվար վերցնի, որովհետեւ նա հնարավորինս հավաքել է ընդդիմադիր դաշտում, որտեղ խաղում են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»:

Հաջորդ հարցումը սոցիոլոգը կանի աշնանը՝ իմանալու, թե ընդդիմադիր դաշտն ինչպես կներկայանա՝ միասնակա՞ն թեկնածուով, թե՞ առանձին. «Եթե առանձին-առանձին հանդես գան, Սերժ Սարգսյանի խնդիրը կհեշտանա, քանի որ ուժերը կպառակտվեն, ծավալուն ձայն չի լինի: Եթե միանան՝ դա բավականին լուրջ խնդիր է, քանի որ բոլոր դեմքերը՝ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Հովհաննիսյանը, բավականին ամբիցիոզ դեմքեր են եւ չեմ պատկերացնում՝ նրանք ո՞նց կարող են զիջումների գնալ»:

Ադիբեկյանի ասելով՝ ՀՅԴ-ի վարկանիշն ավելի բարձր է, քան նրա առանձին թեկնածուների: Նա նաեւ նշեց, որ իշխանական դաշտում, բացի Սերժ Սարգսյանից, լուրջ դեմք չի երեւում. «Մնացած դեմքերը՝ գործող վարչապետը, Արթուր Բաղդասարյանը այնքան էլ մեծ քաղաքական վարկանիշ չունեն, որ կարողանան մրցակցել Սերժ Սարգսյանի հետ: Ամեն ինչ կախված է ԲՀԿ-ից ու Ռոբերտ Քոչարյանից, թե ինչ որոշում նրանք կարող են կայացնել, այդտեղից էլ կգնան մյուս հարցերը»:

Նա նաեւ նշեց, որ ՏԻՄ ընտրություններից շատ բան կախված կլինի, որովհետեւ ընտրված  քաղաքապետերը, գյուղապետերը աշխատելու են կոնկրետ կուսակցության օգտին:

Հարցին՝ Սերժ Սարգսյանին հիմնական մրցակից ընդդիմադիր դաշտից ում եք տեսնում՝ անուններ չտվեց՝ ասելով, որ բոլորն էլ կարող են լինել. «Հիմնական մրցակից չկա, հիմնականն այն է, երբ ձայների մեծ զանգված  ունի: Երբ նայում ենք «Ժառանգությանը», ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին, նրանք ձայների նույն տոկոսն ունեն: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ է, նախագահական ընտրություններին մեծ ձայն հավաքեց, Երեւանի քաղաքապետի ընտրություններին մեծ ձայն հավաքեց, բայց այդ ձայները մշտական չեն: Այն 6-7 տոկոսը, որ ձայնը տվել են ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, հույս ունենալով, որ նրանք կհաղթեն, նրանք չեն հաղթում՝ հարցական է, թե կուսակցություններից հիասթափվածների ձայներն ուր են գնալու: Ամենալուրջ խնդիրն այն է, թե ԲՀԿ-ի ձայներն ում կծառայի՝ Քոչարյանին, Ծառուկյանին, Օսկանյանին, թե՞ ուրիշի: 2-3 տարվա հարցումներով Ծառուկյանը միշտ Ռոբերտ Քոչարյանին գերազանցել է, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ավելի մոտ է ընդդիմադիր հատվածին, քան Ռոբերտ Քոչարյանը»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ եք, որ առաջադրվի նախագահի թեկնածու՝ պատասխանեց. «Նա Յանուկովիչից ինչո՞վ է պակաս, որ չառաջադրվի: Եթե համագումարը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանն անցողիկ չի, չմասնակցե՞ն, ո՞ւմ առաջադրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031