Կառավարության ներկրած եւ գյուղացիներին փոխառության պայմանով տրամադրած էլիտար ցորենի սերմացուներն այս տարի մոտ 8000 հեկտար տարածքով անորակ եւ կարճացողուն են ստացվել, ինչի հետեւանքով գյուղացիները չեն կարողանում բերքը հավաքել: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա ներկայացմամբ` ծրագրի պատասխանատուները սերմերը ներկրել են առանց սորտափորձարկման, այսինքն` անունը դրել են էլիտար, բաժանել գյուղացիներին, սակայն, ըստ բերքի արդյունքների, դրանք նշված սորտին չեն համապատասխանել. «Կես միլիարդ դրամի վնաս են տվել, ո՞վ է պատասխան տալու: Բոլոր մարզերում, ուր էլ գնաք` նույն վիճակն է»: Aravot.am-ի այն հարցին, թե խնդրի ինչ լուծում է առաջարկում, պարոն Բերբերյանն ասաց. «Ես չեմ առաջարկում, ես պահանջում եմ, որ կառավարությունն այսօր պետք է ստեղծի հանձնաժողով, շատ լուրջ մասնագետներ, հասարակական կազմակերպություններ, ֆերմերներ ներգրավելով, ինչպես նաեւ Ռուսաստանի սերմերի ասոցիացիայի նախագահ Կուզմինին, որովհետեւ նա էլ է այս ծրագրին մասնակից: Միգուցե փորձարկեն լաբորատորիաներում, արդյոք այդ սերմը որակական հատկանիշներով համապատասխանո՞ւմ էր էլտար դասին, թե՞ ոչ: Առաջին իսկ օրվանից ասում եմ` խախտվել է «Սերմնաբուծության մասին» ՀՀ օրենքը: Ներկրված սերմի 6 սորտ չի սորտափորձարկվել, որի համար պետք է պատասխան տան»:
Մեր այն դիտարկմանն էլ, որ ոլորտի որոշ մասնագետներ պնդում են, թե ցորենի սերմի սորտը լավն է եղել, գյուղացիներն են սխալ մշակել, պարոն Բերբերյանը հիշեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Քոչարյանը ժամանակին պարողների մասին լավ բան էր ասել, թե վատ պարողին ինչն է խանգարում: Մինչեւ անցյալ տարի հայ ֆերմերը ցորենը լավ էր մշակում, այս տարի սկսեց վա՞տ մշակել: Պետք է այն մասնագիտությունները, որտեղ ունակություն է պետք, տգետներին` ատխոդներով էդ շարքերից շպրտել դուրս: Տգենտներն էլ նրանք են, ովքեր սենց գործ են անում հանրապետության համար»:
Վերջերս պարոն Բերբերյանն ահազանգել էր, որ ոռոգման ջրի ապօրինի թանկացում է տեղի ունեցել, իսկ այսօր մասնագետը նման բաներից խուսափելու համար առաջարկեց գյուղացիների հետ աշխատել ՀԴՄ կտրոններով. «Ջրբաշխներին պետք է ՀԴՄ բաժանվի, որոնք հենց դաշտում անդորրագիրը կտան գյուղացուն, կամ էլ` գյուղապետարանում տեղադրվեն, կամ թող ջրբաշխներն իրանց վզից կախեն, ոնց որ կախում են ստայանկաներում, ու գումարը հավաքեն: Պետք է ՀԴՄ կտրոն տան, որպեսզի ստվերն էլ վերանա, ոչ թե գյուղացին վճարի, գան ասեն` չես վճարել, կամ էլ երբ ուզեն, ինչ գին ուզեն ասեն գյուղացուն: Կամ էլ` գյուղապետարանում տեղադրվեն ՀԴՄ սարքերը, ցուցակներ փակցվի, ասենք` կարտոֆիլի մշակման համար պետք է մուծի 1000 դրամ»:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում պարոն Բերբերյանը նաեւ նշեց, որ այս տարի անասնակերի անկում է արձանագրվել, ինչի հետեւանքով անասունների մորթ տեղի կունենա: Իսկ թե ինչն է անասնակերի անկման պատճառը մեր հարցին՝ Հրաչ Բերբերյանն ասաց. «Տարին է այդպիսին եղել` կլիմայական պայմանները խոտհարքի համար լավը չէին, նաեւ անասնակերի մշակությունը լավ չի արվել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ