Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

15 օրից կսկսվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը

Հուլիս 31,2012 14:31

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը կիրականացնի «Կանակա» ընկերությունը: Ընկերության հետ համապատասխան պայմանագիր է կնքվել այսօր:

Առաջիկա օրերին «Կանակա» ընկերությունը կսկսի շինարարական աշխատանքների նախապատրաստումը, իսկ բուն շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 15-ին: Նախատեսվում է, որ կառույցը պատրաստ կլինի 2013թ. հուլիսին:

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագիրը իրականացվում է Մեդիամաքսի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպության կողմից:

 «Կանակա» ԲԲԸ-ն ավելի քան 15 տարվա պատմություն ունի: Վերջին տարիներին ընկերությունը աչքի է ընկել նաեւ դպրոցաշինության գործում: Մասնավորապես, ընկերությունն իրականացրել է Գյումրիի Օյունջյան դպրոց-վարժարանի շինարարությունը, Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի միջնակարգ դպրոցի կապիտալ վերանորոգումը:

 

***

Այս պատմությունը սկսվեց 23 տարի առաջ:

1988թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց Rock Aid Armenia նախագիծը: Բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:

2009 թվականին Մեդիամաքս-ը որոշեց երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia-ի մասնակիցներին եւ կապ հաստատեց Ջոն Դիի հետ, ով այժմ բնակվում է Ավստրալիայում եւ գլխավորում է Do Something կազմակերպությունը, որը հիմնել է մեծ թենիսի աստղ, Ուիմբլդոնի չեմպիոն Պէտ Քեշի հետ համատեղ: Քանի որ Ջոնն իր հերթին նախատեսում էր վերաթողարկել Rock Aid Armenia-ի Smoke on the Water ձայնագրությունը,  Մեդիամաքսն ու Do Something-ը որոշեցին համատեղել ջանքերն ու իրականացնել Armenia Grateful 2 Rock / Rock Aid Armenia նախագիծը: Նախագծի գլխավոր հովանավոր դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

2009թ. հոկտեմբերին Մեդիամաքս-ը Հայաստան հրավիրեց Իէն Գիլանին Deep Purple-ից, Թոնի Այոմիին Black Sabbath-ից, Ջեֆ Դաունսին Yes/Asia-ից եւ Ջոն Դիին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրանք պարգեւատրվեցին Պատվո շքանշանով: Ավելի ուշ Բրայան Մեյը Queen-ից եւ Դէվիդ Գիլմորը Pink Floyd-ից իրենց Պատվո շքանշանները ստացան Մեծ Բրիտանիայի հայկական դեսպանատանը:

Հայաստան կատարած այցի ընթացքում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսն ու Ջոն Դին այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որն առ այսօր տեղակայված է երկաթե տնակներում “դոմիկներում” եւ, չնայած տարրական պայմանների բացակայությանը, շարունակաբար պատրաստում է տաղանդավոր երեխաների:

Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) երկար տարիներ աջակցել է դպրոցի անապահով սաներին: Դպրոցը վերակառուցելու հույսը հայտնվեց մոտ 5 տարի առաջ, երբ Գյումրի այցելեցին ամերիկահայ Էդվարդ եւ Ժանետ Մարդիգյանները` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ուղեկցությամբ: «Երբեք չեմ մոռանա այդ երեխաներին: Ամեն անգամ, երբ հիշում եմ նրանց կատարումները, աչքերիս արցունքներն են հայտնվում», – ասել է Ժանետ Մարդիգյանը: Նրանք երբեք չեն դադարել մտածել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի մասին:

Երեխաների կատարումը անտարբեր չթողեց նաեւ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին ու Ջեֆ Դաունսին: Նրանք Ջոն Դիի հետ համատեղ հայտարարեցին, որ կօգնեն վերակառուցել դպրոցը: Այս առիթով 2009թ. վերջին ՀՕՖ-ը, Մեդիամաքս-ը ու Do Something-ը եռակողմ համաձայնագիր ստորագրեցին:

2010թ. մարտին Մեդիամաքս-ը եւ Do Something-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Երեւանում կազմակերպեցին Իէն Գիլանի ու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու բարեգործական համերգ, ինչի շնորհիվ  45.000 ԱՄՆ դոլար փոխանցվեց դպրոցի վերակառուցման համար բացված հաշվեհամարին:

2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հավաքագրվել է մոտ 110.000 ԱՄՆ դոլար: Գումարի հավաքագրմանն իրենց մասնակցությունն են ունեցելնաեւ ՀՀ կառավարությունը, Ջեֆ Դաունսը, EMI Records եւ OrangeArmeniaընկերությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս խոստացել է աջակցել նախագծին` հատկացնելով 10 մլն դրամ:

2010թ. Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares ժամանակավոր սուպեր-խումբը` Գյումրիի դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: 2011թ. մայիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի առաջին սինգլը երկու նոր երգերով` Out of My Mind եւ Holy Water:

Ս.թ. հուլիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի ալբոմը, որտեղ ներկայացված են Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նախկինում չթողարկված եւ հազվագյուտ երգերի հավաքածուն: Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին դպրոցին կփոխանցեն 15.000 ԱՄՆ դոլար` որպես կանխավճար, իսկ մնացած գումարը կփոխանցվի սկավառակի վաճառքից հետո: Ջոն Դին ու ավստրալիական Ռայդ քաղաքի քաղաքապետ Արթին Էտմեկջյանը Հայ Առաքելական եկեղեցու ու Արքեպիսկոպոս Աղան Բալիոզյանի հովանու ներքո բարեգործական ճաշ կկազմակերպեն ս.թ. օգոստոսին:

ՀՕՖ-ը վերջերս Մարդիգյան ընտանիքի Հիմնադրամին ներկայացրեց այս հետեւողական ջանքերը: Հաջորդ օրը Հիմնադրամը տեղեկացրեց ՀՕՖ-ին, որ կեռապատկի մինչ օրս հավաքագրված գումարը: Այս շռայլ նվիրատվությունը ՀՕՖ-ին, Մեդիամաքս-ին ու Do Something-ին հնարավորություն տվեց սկսել նախագծի իրագործումը:

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման երազանքը մոտ է իրականություն դառնալուն: Մի առիթով Իէն Գիլանը այս դպրոցն անվանեց «մեծ խորհրդանիշ»: Իսկապես, 23 տարի առաջ ծնված այս նախագիծը, բարեգործության ու արվեստի համադրություն է, որի նպատակն է աջակցել տաղանդավոր երեխաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031