Երբ ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային մրցաշարի հանդիպումներին Հայաստանում կայանալիք խաղերին ավելի մեծ քանակությամբ ֆուտբոլասերների ներկայություն ընձեռելու նպատակով վերջապես որոշվեց հիմնանորոգել «Հրազդան» ստադիոնը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն ուներ աշխատանքներն ավարտել այնպես, որպեսզի հնարավոր լինի հանրապետության ամենամեծ ստադիոնում անցկացնել նաեւ օգոստոսի 15-ին նշանակված Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական խաղը:
Օրերս ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հայտարարել է սակայն, որ բելառուսցիներն, այնուամենայնիվ, կհյուրընկալվեն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարել հանդիպումը «Հրազդանում» անցկացնելուն: ՀՖՖ-ից ասացին, որ ֆեդերացիան, իսկապես, ցանկություն ուներ «Հրազդան» ստադիոնի հիմնանորոգումը ավարտին հասցնել օգոստոսի 15-ի հանդիպումից առաջ, սակայն «Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում անընդհատ նոր թերություններ են ի հայտ գալիս, նոր խնդիրներ են առաջանում, որոնք, թեեւ ծավալներով արդեն մի քանի անգամ գերազանցում են նախատեսված աշխատանքների ծավալները, սակայն պարտադիր լուծման անհրաժեշտություն ունեն: Ֆեդերացիան չի կարող դրանք «չնկատելու» տալ եւ հաստատաբար գնում է բոլոր խնդիրները հիմնովին լուծելու ճանապարհով: Վերջին հաշվով, այս ամենն արվում է գլխավորապես այն նպատակով, որպեսզի 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի երեւանյան մեկնարկային հանդիպումը (այս տարվա հոկտեմբերի 12-ին) Իտալիայի ընտրանու հետ լինի հենց «Հրազդան» մարզադաշտում եւ որ Հայաստանն ունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող «Հրազդան» մարզադաշտ»:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ