Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքից մինչեւ հայաստանյան «Տուրանդոտ»

Հուլիս 31,2012 13:49

Պատմում է Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ Մաքսիմ Պաստերը

«Առավոտը» հուլիսի 12-ի համարում անդրադարձել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր նախագծին՝ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարմանը, ներկայացնելով ճանաչված արվեստագետների կարծիքները, որոնք հայաստանյան այս պրեմիերան իրադարձություն էին որակում: Օրերս, «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճում, կրկին ներկայացվեց հիշյալ  օպերան, որտեղ Պոնգի դերերգով առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ, տենոր Մաքսիմ Պաստերը:

Մեծ թատրոնում 2003թ. Ռիմսկի-Կորսակովի «Ռուսլան եւ Լյուդմիլա» օպերայում փայլուն դեբյուտից հետո Մաքսիմ Պաստերը, ով  ընդամենը մեկ տարի էր, ինչ Խարկովի Շեւչենկոյի անվան ազգային օպերային թատրոնի մեներգիչ էր, անդամագրվեց Մեծ թատրոնին:

Երգիչն այսօր ցանկալի հյուր է հայտնի օպերային թատրոններում, նրան հաճախակի հրավիրում են սիմֆոնիկ ու ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ հանդես գալու, ինչպես նաեւ մենահամերգների: Դասական եւ ժամանակակից օպերաներ բեմադրելիս Ռ. Ստուրուան, Ռ. Ուիլսոնը, Ֆ. Զամբելը, Է. Նյակրոշյուսը, Թ. Չխեիձեն եւ այլ անվանի բեմադրիչներ տենորի պարտիաներում տեսնում են հենց Մաքսիմ Պաստերին:

Ի տարբերություն իր շատ գործընկերների՝ երգիչը սիրում է շփվել լրագրողների հետ: Ծանոթանալով նրա որոշ հարցազրույցներին, նկատեցինք, որ Պաստերը հաճախ հնչեցնում է մտքեր՝ դրանք չմանրամասնելով, օրինակ՝ «մի քանի անգամ փորձել եմ կաշառք տալ…», «ամաչում եմ ինքս ինձ առաջարկել…», «շատ առաջարկներ եմ ունեցել, այդ թվում՝ եվրոպական թատրոններից, ոչ ստանդարտ բեմադրություններում հանդես գալու…», «տաղանդավոր արվեստագետը բարեխոսների կարիք չունի…» եւ այլն:

Հիշեցնելով դրանք՝ խնդրեցինք Մաքսիմ Պաստերին, այնուամենայնիվ, հնարավորինս բացել փակագծերը:

«Օրինակ, Գերմանիայի թատրոններից մեկում Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայում բեմադրիչը հավանաբար իր աշխատանքին գերժամանակակից շունչ հաղորդելու համար բեմ էր հանել 7 հղի կանանց: Փառք Աստծո,  այդտեղ հրավիրված չէի: Անցյալ աշնանը Բելգիայում ինձ առաջարկեցին հանդես գալ գլխավոր դերերգով՝ Չայկովսկու «Չարոդեյկա» օպերայում, բայց այդտեղ էլ որոշ տեսարաններում պետք է հանդիսատեսին երեւայի ամբողջովին մերկ… Բնականաբար՝ հրաժարվեցի: Ինձ համար նման ժամանակակից ռեժիսորական մոտեցումները վայրի են»,- ասաց երգիչը: Կաշառք տալու մասին էլ ժպտալով նշեց, որ նման բան մեկ անգամ եղել է. «Խարկովի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին գեղագիտության դասախոսիս կաշառել եմ ընդամենը մեկական տուփ կոնֆետով եւ սուրճով»: Խոսելով իր սկզբունքների մասին՝ արվեստագետը կատակեց. «Երբեք չեմ համաձայնի «ծախել» հայրենիքս, բայց եթե դրա դիմաց առաջարկեն դառնալ նախագահ, կհամաձայնեմ թեկուզ հենց այս պահին…»: Հավելեց, թե մինչ այսօր ամենաձեռնտու առաջարկը, որ ստացել է կյանքում, Մեծ թատրոնում երգելն է:

Տենորը համաձայն չէ, երբ հաճախ ասվում է, թե խորհրդային տարիներին արվեստագետները ամաչում էին իրենց ներկայացնելուց. «Ես, օրինակ, չեմ ամաչում ինձ ներկայացնել, թեեւ հասցրել եմ լինել խորհրդային քաղաքացի. 16 տարեկան էի, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը: Եթե ստեղծագործական հարցերում ինչ-որ գաղափար է հղանում, ուղիղ ասում եմ դրա մասին: Ինձ հատուկ չէ հարմար պահի սպասելը կամ փորձելը ուրիշի ձեռքով իրականացնել մտահղացումներս»:

Դիտարկմանը, թե ցանկացած արվեստագետի անհրաժեշտ են իմպրեսարիո, PR մենեջեր, այլապես նույնիսկ տաղանդավոր ստեղծագործողը կարող է ստվերում մնալ, Մաքսիմ Պաստերն ասաց. «Մեծ թատրոն հրավերը ստացել եմ դիրիժոր Ալեքսանդր Վեդերնիկով կրտսերից, ով ինձ լսեց Խարկովում, հոր՝ Ալեքսանդր Վեդերնիկով ավագին նվիրված հոբելյանական երեկոյին»:

Մեր զրուցակիցը հայազգի լավ բարեկամներ ունի. Խարկովում ուսանել ու բեմ է բարձրացել տենոր Գարրի Սեթյանի հետ, Մեծ թատրոնում աշխատում է կոնցերտմայստերներ Մարգարիտա Պետրոսյանի եւ Գագիկ Խաչիկյանի հետ, Իտալիայում լսել ու հիացել է Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Գեւորգ Հակոբյանի բասով եւ այլն: Ինչ վերաբերում է հայաստանյան «Տուրանդոտին», Մաքսիմ Պաստերը նշեց, որ այն «բաց ճակատով» կարելի է ներկայացնել արեւմուտքում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031