Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն կարողանում ազատվել մահացած մարդու «հետքերից»

Հուլիս 31,2012 13:42

10 օրվա դին շենքում հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծել, իսկ համապատասխան մարմինները չեն արձագանքում

Կողբացի փողոցի թիվ 2 շենքի նկուղում մահացած մարդու հոտն ու «հետքերը» քանի օր է՝ բնակիչներին հանգիստ չեն տալիս: Բանն այն է, որ այս շենքի նկուղում մարդ էր բնակվում, սակայն մինչ նրա դին հայտնաբերել են՝ ամբողջ շենքով մեկ հակահիգիենիկ իրավիճակ է սկսվել: «Առավոտի» հետ զրույցում բնակիչներից մեկի՝ Ալլա Գաբրիելյանի պատմելով՝ երբ անտանելի հոտ են զգացել, ահազանգել են «Կենտրոն համայնք» համատիրություն եւ խնդրել, որպեսզի գան եւ տեղում պարզեն, թե որտեղից է հոտը, սակայն համատիրությունից բնակիչներին ուղղակի «ցրել են». «Դե, լավ, երեւի աղբն է, կգան կտանեն, կանցնի»: Բայց, ինչպես բնակիչներն են ասում՝ դա պարզապես աղբի հոտ չէր, իսկ բնակիչներին համատիրությունում ուղղակի լսել չէին ուզում:

10 օր գարշահոտության ու վխտացող առնետների հետ մի տանիքի տակ ապրելով՝ բնակիչներից մեկը ստիպված իր սեփական մեթոդներով պարզել է, որ իրենց նկուղում բնակվող «բոմժը» մահացել է, եւ գարշահոտության պատճառը դա է: Բայց նույնիսկ փրկարար ծառայության այցելությունից եւ «բոմժի» դին շենքից «վերացնելուց» հետո էլ գարշահոտությունը չի վերանում: Ալլա Գաբրիելյանի խոսքերով՝ «Ահազանգել ենք հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոն, որպեսզի գան ու ախտահանեն, բայց մեզ ասացին, որ իրենց ծառայությունը վճարովի է, ու մի բան էլ խորհուրդ տվեցին՝ ժավելն առ ու սկսի մաքրել: Բա իրենք ինչի՞ համար են, որ նման դեպքերում էլ չպիտի ծառայություն մատուցեն: Նորից դիմեցինք համատիրություն, եկան՝ մի անգամ ինչ-որ նյութ փչեցին, բայց ոչ մի օգուտ, պետք է գոնե մի քանի անգամ այդ գործողությունը կատարվի, որ վերջնական մաքրվի օդը: Մեզ բանի տեղ դնող չկա: Ամբողջ մուտքում ու մուտքի առջեւ այդ մարդուց մնացած լաքաներն են: Այդ բոմժին առնետները կերել էին, ու դիակը տեղափոխելուց ինչ-որ հեղուկ է նրանից թափվել, ու այդ լաքաները չեն անցնում: Մինչեւ 10-րդ հարկ հոտը տարածված է: Չենք կարողանում հաց ուտել՝ սրտխառնոց է առաջանում: Դիմակով ենք ման գալիս: Այս շոգին պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, եթե շենքում 10 օր մահացած մարդ լինի: Նկուղում ոչ մի ախտահանում չի կատարվել, հիմա լիքը առնետներ ու որդեր կան: Հենց աղբի վճարն ուշացնում ենք, տոկոս են ավելացնում, իսկ երբ հերթը հասնում է իրենց պարտականություններին՝ ձեռքերը լվանում, մի կողմ են քաշվում: Վերջիվերջո՝ երեխաներ կան, ուզում են իջնեն բակ՝ խաղան, բայց տարածքում սարսափելի հոտ է ընկած: Եվ հետո՝ շենք վախենալով ենք մտնում, մտածելով՝ հանկարծ միամիտ չկպնենք դռանը կամ մեկ այլ տեղ, որովհետեւ վարակի բուն է»:

Կողբացի 2 հասցեի բնակիչները որոշել են բոյկոտել եւ «Կենտրոն համայնք» համատիրությանը ոչ մի կոպեկ չվճարել՝ մինչեւ շենքի մուտքն ու նկուղը չբերվի անվտանգ ու հիգիենիկ վիճակի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031