Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնսենսուս՝ հանած օլիգարխիա»

Հուլիս 31,2012 13:33

Դավիթ Շահնազարյանը քաղաքական ուժերին առաջարկում է որդեգրել այս կարգախոսը եւ պնդում է, որ ՀԱԿ-ից հնչած գնահատականներից վիրավորված չէ:

– Սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխող քաղաքական ուժը պատրաստվում է առաջադրել կամ սատարել իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին. ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է դա խոսում:

– Շատ պարզ, նույնիսկ պարզունակ իրավիճակ է. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առաջարկել են միասնական թեկնածու, կամ ավելի ճիշտ կլինի այսպես ձեւակերպել՝ ՀՀԿ-ի թեկնածուին առաջադրում եւ պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սա է իրականությունը:

– Նման ակնհայտ գործընթացների պարագայում Հայ ազգային կոնգրեսի մղումը՝ ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանի գրկից կտրելու, հաջողության ի՞նչ երաշխիք ունի:

– Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղեիք ՀԱԿ-ի ներկայացուցիչներին: Ավելի քան ակնհայտ է, որ այն ամենը, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կյանքում, ուղղակիորեն կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Կա երկու տարբերակ՝ կա՛մ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռանկյունին կստանա իր կողմից ծրագրավորված թեկնածուին (ՀՅԴ-ն արդեն հայտարարել է՝ ով է իր համար եռյակի միակ միասնական թեկնածուն), կա՛մ էլ ընդհանրապես այդ եռյակի յուրաքանչյուր տարր առանձին կմասնակցի (կամ չեն էլ մասնակցի՝ դա արդեն կարեւոր չի լինի) նախագահական ընտրություններին իր ոչ «այլընտրանքային» թեկնածուով: Արդեն նշել եմ, կրկնեմ՝ այդ եռյակի միասնական թեկնածուն (ով էլ որ լինի) չի կարող որեւէ հնարավորություն անգամ ունենալ ներկայանալու որպես ընդդիմության թեկնածու:

Հենց այդ եռյակի եւ նրանց սպասարկող ինչ-որ կառույցների կողմից առաջ է քաշվել երկու կարգախոս, որոնք, ըստ էության, իրենց բովանդակությամբ բացարձակապես նույնն են՝ «միասնական ճակատ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի», եւ որ քաղաքական դաշտում պետք է ձեւավորել «կոնսենսուս՝ հանած Սերժ Սարգսյան»: Ես առաջ եմ քաշում մեկ այլ կարգախոս՝ «կոնսենսուս՝ հանած օլիգարխներ», որի հիմնավորումն արդեն տվել եմ: (Այս մասին Դ. Շահնազարյանը մանրամասնորեն խոսել է «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում – Ն. Գ.):

– Ձեզ վիրավորե՞լ են ՀԱԿ-ից Ձեր հեռանալուց հետո կոնգրեսական նախկին ընկերների այն գնահատականները, որ ՀԱԿ-ն ինքնամաքրվում է, որ ՀԱԿ-ից հեռացածները ծախվել են:

– Բացարձակապես: «Ինքնամաքրում»՝ այդ գնահատական տվողները, կարծում եմ, խնդիրներ ունեն պարզ տրամաբանության հետ: Ի՞նչ ինքնամաքրման մասին է խոսքը, երբ դա կապում են ՀԱԿ-ից ինքնակամ հեռացածների հետ: Եթե ՀԱԿ-ն ինչ-որ կուսակցությունների կամ անհատների հեռացներ՝ դա կարելի էր գոնե ձեւականորեն ինքնամաքրում կոչել: Մինչդեռ տվյալ դեպքում հավանաբար ավելի ճիշտ կլինի, եթե ասեին՝ ՀԱԿ-ը լքելով՝ մեզ մաքրում են, պարզաջրում են:

Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս կարող էի վիրավորվել, երբ օրինակ՝ ՀԱԿ-ից հեռացածներին, այդ թվում եւ ինձ «ծախված» է համարում մի անձնավորություն, ով 1998 թվականի փետրվարին Ալեքսանդր Արզումանյանի եւ քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչների հետ քաղաքական եւ սկզբունքային դիրքորոշում չորդեգրեց եւ հրաժարական չտվեց, այլ պահպանեց իր խղճուկ պաշտոնը կառավարությունում՝ որոշելով ծառայել ոչ լեգիտիմ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իսկ երբ նրան ուղղակի հեռացրին պաշտոնից, մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց, թե՝ իր հետ արդարացի չեն վարվել, հեռացրել են… Նշածս անձնավորությունն ու նրա համախոհները հասարակության, ժողովրդի մասին էլ, ի դեպ, նույն կարծիքն ունեն՝ «ծախվեցին», «կաշառվեցին…»: Մինչդեռ իրականում ընտրողները ուղղակի 10 հազար դրամից ավելի ցածր գնահատեցին ՀԱԿ-ի այդ քաղաքականությունը ու ՀԱԿ-ի հանդեպ իրենց վստահությունը: Ինչո՞ւ ընտրակաշառքը դեր չունեցավ 2008 թվականի նախագահական ընտրություններում, երբ իշխանությունը զանգվածաբար կեղծիքների մեխանիզմ օգտագործեց:

Վիրավորվածության մասին խոսք անգամ լինել չի կարող: Ավելին՝ այդ անձնավորությանը մաղթում եմ, որպեսզի նա իրագործի իր նպատակները նոր խորհրդարանում: Օրինակ՝ օգտագործելով Դաշնակցության ենթակայության տակ աշխատելու իր փորձը՝ Հայաստանում վերականգնի սահմանադրական կարգն ու ժողովրդավարությունը, ԲՀԿ-ի հետ՝ Հայաստանում իսպառ վերացնի ընտրակաշառքները եւ կազմաքանդի ողջ օլիգարխիկ համակարգը, Օսկանյանի հետ վերականգնի ԼՂՀ-ի կարգավիճակը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի լիիրավ բանակցային կողմ եւ, իհարկե, Ջհանգիրյանի հետ միասին վերջ տա հայոց բանակում սպանությունների եւ ընդհանրապես՝ բոլոր հանցագործությունների պարտակումներին: Շատ ազնիվ ու իրատեսական նպատակներ են:

– Վերլուծելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ՀԱԿ-ի ղեկավարներից նաեւ գնահատականներ հնչեցին, որ տեղի ունեցածը պարտություն էր: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– ՀԱԿ-ն ինքը պետք է գնահատական տա, եւ ՀԱԿ-ից տարբեր գնահատականներ արդեն հնչել են: Քաղաքականության մեջ կան եւ կլինեն պարտություններ, որոնք շատ հաղթանակներից ավելի արժանապատիվ են: Կցանկանայի հռետորական հարց հնչեցնել՝ արդյոք սա արժանապատի՞վ պարտություն էր, եթե պարտություն էր… Գուցե ՀԱԿ-ից հեռացողները դեռ ժամանակին հստակ գիտակցո՞ւմ էին, որ այդ քաղաքականության արդյունքում զրկվելու են նույնիսկ արժանապատիվ պարտության հնարավորությունից… Ո՞վ գիտի…

– Կոնգրեսից նաեւ մեղադրանքներ են հնչել, որ ՀԱԿ-ից հեռացածները չեն մասնակցել ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի եւ մյուսների կազմակերպված ակցիաներին: Ի՞նչ կպատասխանեք:

– Այո, հնչել են նաեւ նման «մեղադրանքներ», որոնց հեղինակը ՀԱԿ-ի գրասենյանի եւ խմբակցության ղեկավարն է: Մի անգամ էլ հրավիրում եմ իրեն՝ այդ հարցը հրապարակայնորեն քննարկելու: Խոստանում եմ, որ միայն այդ հարցը կքննարկենք, քանի որ քաղաքական հարցերի վերաբերյալ երբ նույն առաջարկով հանդես եկա՝ մերժեցին: Իմ խորին համոզմամբ՝ մերժման պատճառը հակափաստարկների բացակայությունն է: Ինչեւէ, քննարկենք այս հարցը՝ ո՞վ բարոյական իրավունք ունի Տիգրան Առաքելյանին պաշտպանելու եւ ո՞վ չունի: Հուսանք, որ գոնե այս քննարկումը կկայանա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031