Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ Ստալինի» առասպելը

Հուլիս 31,2012 13:22

Մոտ երկու ամիս առաջ պատիվ ունեցա ծանոթանալու ռուս նշանավոր գրող Վիկտոր Երոֆեեւի հետ: Խոսք էր գնում մշակութային փոխազդեցությունների մասին, եւ գրողն ասաց, թե հպարտ է, որ իր վեպը՝ «Լավ Ստալինը», թարգմանվել է հայերեն: Բնական է, որ այդ հաճելի փաստը դրդեց ինձ տվյալ գիրքը կարդալ:

Համակարգչային մեկ էջի սահմաններում հնարավոր չէ վեպը վերաշարադրել՝ քաղաքականություն չէ, որտեղ կես բառից ամեն ինչ պարզ է: Հենց Երոֆեեւի այս գրքում կա այդպիսի միտք. քաղաքականությունն իր էությամբ միանշանակ է՝ բարեկամներ, թշնամիներ, ժամանակավոր դաշնակիցներ, ժամանակավոր մրցակիցներ եւ այլն: Մշակույթը շատ ավելի բազմազան է ու բազմաշերտ, եւ այդ է պատճառը, որ ցանկացած իսկական մշակույթ այս կամ այն չափով մարտահրավեր է ցանկացած քաղաքական համակարգի, ցանկացած ռեժիմի: Վեպն, ի վերջո, մարտահրավերի պատմություն է. այդպիսին էր «Մետրոպոլ» հայտնի գրական ժողովածուն, որով 1979-ին ռուս գրողները ցանկանում էին հակադրվել խորհրդային գրաքննությանը: Սակայն շատ ավելի կարեւոր է, որ այդպիսին էր նաեւ գրողի հայրը, որն ազնվորեն ծառայում էր խորհրդային պետությանը, հավատում էր կոմունիզմին եւ «լավ Ստալինին», բայց լինելով դիվանագետ եւ շփվելով արեւմտյան մշակույթի հետ՝ չէր կարող իր սեփական երկրի համակարգի համար ամբողջությամբ «յուրային» լինել:

Իսկ գրքի գլխավոր գաղափարը, իմ կարծիքով, հետեւյալն է. ի տարբերություն Լենինի, Տրոցկու, Հիտլերի, որոնք անցել են պատմության գիրկը, Ստալինն անմահ է. մասնավորապես, այն պատճառով, որ ցանկացած ռուս (խորհրդային) «նաչալնիկի» մեջ փոքրիկ «ստալին» է նստած, ցանկացած ռուսաստանցի (խորհրդային) ոստիկան իրեն պատկերացնում է որպես «Գուլագի» պատվիրակ՝ անկախ այն հանգամանքից, թե լսե՞լ է նա երբեւէ ճամբարների այդ ցանցի մասին, թե՞ ոչ: (Գիրքը գրվել է 2004-ին, երբ պուտինյան Ռուսաստանը արդեն «գցել էր իր կամուրջը» դեպի ստալինյան դարաշրջան): Իսկ այդ ամենի հիմքում ընկած է այն փաստը, որ Ռուսաստանի (նախկին Խորհրդային Միության) բնակչության մեծամասնությունը շարունակում է ապրել «ուժեղ ձեռքի» առասպելով, շարունակում է հավատալ, որ կգա ժողովրդի մի հայր, որն ամեն ինչ կկարգավորի, վստահ են, որ հնարավոր է հակառակ մարդկանց կամքի՝ «զոռով» երջանկացնել նրանց: Այդ առասպելն ապրում է եւ փոխանցվում է սերնդեսերունդ՝ ի հեճուկս ստալինյան չարագործությունների բազմաթիվ սահմռկեցուցիչ բացահայտումների: Ահա թե ինչու ազատական գաղափարներն ու ազատական հասարակական հոսանքները երկրագնդի 1/6-ում դժվարությամբ են ճանապարհ հարթում, պարբերաբար նահանջում են, ծաղրի են ենթարկվում:

Գուցե ես է՞լ իմ հարցում մոլորության մեջ եմ, եւ ինձ միայն թվում է, թե ես ազատական եմ, իսկ իրականում իմ մեջ նո՞ւյնպես փոքրիկ «ստալին» է նստած:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031