ՀՀառաջին ՄԻՊ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի բնութագրմամբ՝ Վանո Սիրադեղյանի հետապնդման դեպքում առկա է քաղաքական բաղադրիչը, ինչը ավելին է, քան քաղաքական բանտարկյալը: Ներկայացնում ենք Վանո Սիրադեղյանի վերադարձի իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումների շուրջ «Ելք» հասարակական նախաձեռնության հեղինակ, լրագրող Վարդուհի Սիմոնյանի եւ Լարիսա Ալավերդյանի «Դեմ առ դեմ» բանավեճը:
«Առավոտ»– Վանո Սիրադեղյանն իր վերադարձը պայմանավորում էր իրադրության փոփոխությամբ: Ձեր գնահատմամբ՝ այսօր մեր երկրում կա՞ իրադրության փոփոխություն:
Վարդուհի Սիմոնյան– Այո, երկրում իրադրության փոփոխություն կատարվել է: Ես արդեն ասել եմ՝ Հայաստանում հեղափոխությունը հաղթել է: Մենք այսօր ունենք էլեկտրոնային մի հանրություն, որն ունի ստրատեգիական շատ լուրջ ռեսուրսներ, որը տեղեկատվություն է արտադրում եւ տիրաժավորում, եւ Լենինի ասած՝ փոստն ու հեռագրատունը այսօր մեր ձեռքերում են: Ասում են՝ կրիտիկական զանգված. մենք այսօր ունենք այդ զանգվածը վիրտուալ հարթակում, եւ ես դա համարում եմ իսկապես իրադրության փոփոխություն:
Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյան- Ես երկու մասի եմ բաժանում. քաղաքացիական հասարակության մեջ կա հստակ ձեւավորված նոր ոճ, եւ կա դրական փոփոխություն: Իսկ իշխանության մեջ մնում է կարծրատիպը, որ իրենք կորոշեն՝ երբ անեն բարի գործ, կամ ներեն… Այսինքն՝ իշխանության կողմից հստակեցված քաղաքական կամք՝ որ փոխվում է համակարգը, որի հիմքը դրվել է վաղուց, չկա: Եվ հազար ափսոս, որ ոչ երկրորդ նախագահը ցանկացավ փոխել այդ համակարգը, ոչ էլ երրորդ նախագահը, որի մեջ ես տեսնում եմ միայն ինչ-որ փոքր քայլեր, որոնք ես չեմ կարող գնահատել որպես քաղաքական կամքի հստակ դրսեւորում: Ես գտնում եմ, որ նույն թիմը, որը ղեկավարել է մեր երկիրը իննսունականների սկզբից, որտեղ իրար փոխարինող երեք նախագահներն էլ եղել են առանցքային դեմքեր, նրանք չեն փոխել իրենց քաղաքական դիրքորոշումը: Այսօր էլ ռիսկային է Վանո Սիրադեղյանի համար իշխանության կողմից վերաբերմունքը եւ քիչ ռիսկային է միայն քաղաքացիական հասարակության այս արթուն վիճակում:
«Առավոտ»- Վարդուհի, տեսակետ կա, որ Վանո Սիրադեղյանի հետ կապված Ձեր նախաձեռնությունը կարող է օգտագործվել իշխանությունների կողմից՝ ՀԱԿ-ի դեմ քաղաքական պայքարում: Դուք նման մտավախություն չունե՞ք:
Վ. Սիմոնյան- Ոչ, մեզ չեն կարող օգտագործել, որովհետեւ Վանո Սիրադեղյանի շարժումը պաշտպանված է շատ գրագետ՝ ավելի քան 3300 մարդկանց՝ մտավորական ընտրախավի ստորագրությամբ, ովքեր համարվում են այս երկրի ողնաշարը:
«Առավոտ»– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Վանո Սիրադեղյանի կուսակից ընկերների՝ մասնավորապես Երջանիկ Աբգարյանի այն գնահատականը, որ դա անբարոյական խաղ է:
Վ. Սիմոնյան- Նախ՝ այդ մարդիկ մատնում են, որ վախ ունեն, սարսափ ունեն: Որովհետեւ Վանո Սիրադեղյանի երեսին դեռ նայել է պետք: Կան մարդիկ, հասարակական եւ քաղաքական շրջանակներ, որոնք այս տարիներին իրենց այնպես են դրսեւորել, որ իրենք ուղղակի բարոյապես պատրաստ չեն այդ հանդիպմանը: Ինչ վերաբերում է Երջանիկ Աբգարյանին, ապա նրա մոտ երեւի տարիքային ինչ-որ խնդիրներ են առաջացել, քանի որ նա ստորագրել է այդ նախաձեռնության տակ:
Լ. Ալավերդյան- Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը քաղաքական է, քանի որ նախաձեռնողները խոսում են քաղաքական վտարանդիի մասին: Եվ այս առումով դա քաղաքական շարժում է՝ ավելի, քան Մաշտոցի պուրակի դեպքում: Ե՛ս չեմ ասում, դա Դուք եք գրել, որ Վանո Սիրադեղյանը քաղաքական վտարանդի է:
Վ. Սիմոնյան- Բայց ինքը ի՞նչ է, քրեական հանցագո՞րծ է:
Լ. Ալավերդյան- Նա քրեական հանցագործության մեջ կասկածյալ է:
Վ. Սիմոնյան- Իսկ Դուք կարո՞ղ եք նշել մի դեպք, երբ քաղաքական գործչի դեմ հետապնդումը քրեական սոուսով չլինի: Տեսեք Տիմոշենկոյի դեպքը: Նա գնաց եւ քաջաբար կանգնեց դատարանի առջեւ, բայց երկիրը տուժում է, նայեք՝ ինչ պատժամիջոցներ են կիրառվում: Միգուցե հենց Վանո Սիրադեղյանի, այսպես կոչված, փախուստը նաեւ երկրի համար է եղել, չէ՞ որ նա ի վերջո մտածող մարդ էր:
Լ. Ալավերդյան– Դա տարբերակներից մեկն է:
Վ. Սիմոնյան- Բա մենք ինչո՞ւ դա չենք գնահատում: Ինքը կարող էր կանգնել դատարանի առջեւ, կանչել բոլոր միջազգային կազմակերպություններին եւ հերոսանալ, բայց փոխարենը մենք կունենայինք այնպիսի պատժամիջոցներ:
Լ. Ալավերդյան– Ես Ձեզ ուշադիր լսում եմ՝ որպես պատմվածք, բայց Ձեր ասածը ընդամենը վարկած է: Տվյալ դեպքում մենք ունենք դեպք, երբ որ կասկածյալը ընտրել է ահա այս ճանապարհը: Եվ հիմա եթե կասկածյալը գտնում է, որ իրավիճակը փոխվել է, եւ կան ջատագովներ, պետք է հստակեցնենք, թե ինչն է խանգարում նրա վերադարձին: Ըստ երեւույթին, խանգարում է վտանգը, որն արտաբերվեց նաեւ փոխոստիկանապետի կողմից, որն ասաց՝ եթե Վանո Սիրադեղյանը հայտնվի, կկալանավորվի: Եվ հիմա այստեղ պատմությունը շարունակվում է՝ ինչ կնախընտրի Վանո Սիրադեղյանը, արդյոք նա պատրա՞ստ է գալու: Ընտրությունը նրանն է:
Վ. Սիմոնյան- Իսկ ո՞րն է Ձեր դիրքորոշումը:
Լ. Ալավերդյան- Ես չեմ տեսնում պատճառներ, որոնք այսօր խոչընդոտեն Վանո Սիրադեղյանի վերադարձին: Ես տեսնում եմ խոչընդոտ, որ Վանո Սիրադեղյանի հանդեպ չի կասեցվել գործը, եթե Ձեր պահանջը այդ գործի կասեցումն է, ապա դրա համար այլ միջամտություններ են անհրաժեշտ:
Վ. Սիմոնյան- Իր մասով գործը կասեցվել է, սակայն դա չէ խնդիրը: Եթե մենք համարում ենք, որ Հայաստանում դատական համակարգը գործադիրի կցորդն է, ինչպե՞ս եք նրան ասում՝ ահա, համեցեք, պարոն Սիրադեղյան, հրաշալի արդարադատություն կա, եկեք վայելեք դրա պտուղները:
Լ. Ալավերդյան- Դուք էլի Ձեր պատմվածքն եք գրում…
Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:
Բանավեճն ամբողջությամբ