Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն անհանգստացած է մարտի 1-ի, «դեդովշչինայի», բռնությունների առիթով

Հուլիս 31,2012 12:59

Հուլիսի 16-17-ը Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային փաթեթի իրականացման վերաբերյալ Հայաստանի երկրորդ եւ երրորդ պարբերական զեկույցները: Կոմիտեի կողմից արված եզրակացություների եւ առաջարկների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) հ/կ ծրագրի համակարգող Մարինե Մարգարյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ ղեկավար Լարա Ահարոնյանը, եւ  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը:

Մարգարյանի փոխանցմամբ՝ կոմիտեն մտահոգված է բնակչության, պաշտոնյաների եւ իրավաբանների շրջանում քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների դաշնագրի եւ անհատական հաղորդման կամընտիր արձանագրության վերաբերյալ սահմանափակ իրազեկվածությամբ. «անհանգստություն կա հակախտրականության համապարփակ օրենսդրության բացակայությամբ եւ այն խտրականությամբ ու բռնությամբ, որոնց ենթարկվում են մարդիկ իրենց սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիման վրա եւ կոչ անում պետությանը հստակ եւ պաշտոնապես հաստատել, որ այն չի հանդուրժում մարդկանց այս խմբի նկատմամբ առկա խարանը, ոտնձգությունը, խտրականությունը: Կոմիտեն մտահոգված է նաեւ  լրագրողների ու իրավապաշտպանների հանդեպ իրականացվող սպառնալիքների եւ հարձակումների առիթով»,- նշեց Մարգարյանը:

Սաքունցի փոխանցմամբ էլ՝  ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն անհանգստացած է նախ 2008 թվի մարտի 1-ին ոստիկանության կողմից թույլ տված ուժի գերազանցման շարունակական անպատժելիությամբ. «Պետությունը պետք է արդյունավետ հետաքննական գործընթաց ստեղծի ապահովելու, որ 2008 թվի մարտի 1-ին ուժի գերազանցման համար պատասխանատու իրավապահները, ներառյալ այդպիսի հրաման արձակելու իրավասություն ունեցողները պատասխանատվության ենթարկվեն: Կոմիտեն անհանգստացած է նաեւ ՀՀ զինված ուժերում  ոչ մարտական պայմաններում կասկածելի մահերի եւ ենթադրյալ «դեդովշչինայի», զինծառայողների  նկատմամբ ծառայակիցների եւ սպաների կողմից վատ վերաբերմունքի առնչությամբ»,- ասաց Սաքունցը հավելելով, որ մտահոգություն կա նաեւ դատական իշխանությունների անկախության պակասի հետ կապված եւ այլն:

Ահարոնյանն էլ հավելեց, որ կոմիտեն շարունակում է իր մտահոգությունն արտահայտել Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության բարձր մակարդակի, ինչպես նաեւ կանանց հանդեպ իրականացվող բռնության առիթով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031