Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են վճարել խոշոր հարկատուները

Հուլիս 31,2012 12:27

Հարկային պետական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը

Այն շարունակում է գլխավորել «ՀայՌուսգազարդը», որը նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացրել է վճարները։ Չնայած նրան, որ երկրորդ եռամսյակում առաջինից կրկնակի պակաս հարկային պարտավորություն է կատարել։
Ընդհանուր առմամբ այս ընկերությունն առաջին կիսամյակում պետական բյուջե է փոխանցել 18,2 մլրդ դրամ, ինչը 5,5 միլիարդով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Գումարի հիմնական մասը՝ շուրջ 12 մլրդ դրամ, վճարվել է առաջին եռամսյակում։ Երկրորդում ընկերության վճարները նվազել են՝ պայմանավորված սեզոնայնության գործոնով։ Ինչպես հայտնի է, ձմռան շրջանում անհամեմատ մեծ է գազի սպառումը։
Ընկերության հարկային պարտավորությունների նման կտրուկ աճը, ըստ էության, պայմանավորված է ինչպես գազի ներմուծման ծավալների ավելացմամբ, այնպես էլ մաքսային արժեքի բարձրացմամբ։ Որքան էլ պաշտոնապես հերքվում է Հայաստան ներմուծվող գազի սակագնի փոփոխության հանգամանքը, այնուհանդերձ փաստ է, որ դրա մաքսային արժեքը փոխվել է։ Ասենք, առաջին կիսամյակում այն գերազանցել է 210 դոլարը։ Մինչդեռ, ինչպես հայտնի է, Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանված է 1000 խոր. մետրի դիմաց 180 դոլար։
Հարկային պարտավորությունների նման աճի պայմաններում «ՀայՌուսգազարդի» ուղղակի հարկերը եղել են չափազանց ցածր։ Ավելի քան 18 մլրդ դրամ վճարած ընկերությունն ուղղակի հարկերի գծով պետական բյուջե է փոխանցել ընդամենը 849 մլն դրամ, այն էլ հավանաբար հիմնականում աշխատակիցների եկամտահարկի վճարների գծով։
Հարկային պարտավորությունների ցուցանիշով «ՀայՌուսգազարդը» խոշոր հարկատուների ցանկում շրջանցել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն ընկերությանը. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» առաջին կիսամյակում պետական բյուջե է փոխանցել 11,3 մլրդ դրամ, ինչը գրեթե 4 միլիարդով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Նվազել են կոմբինատի հատկապես ուղղակի հարկերը. եթե անցած տարի 8,5 միլիարդ էր, ապա այս տարի՝ 4 մլրդ դրամ։
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» պարտավորությունները եւս նվազել են։
Հանքարդյունաբերության հիշյալ ընկերությունների հարկային վճարների անկումը, ըստ էության, պայմանավորված է արտաքին շուկաներում պղնձի գների անկմամբ։
Խոշոր հարկատուների ցանկում երրորդը տարբեր ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը պետական բյուջե է վճարել 9,2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվանից ավել է 1,1 միլիարդով։ Ընկերության պարտավորությունների աճ է գրանցվել հատկապես երկրորդ եռամսյակում։ Ասենք, որ առաջինում պետական բյուջե էր փոխանցել 3,9 մլրդ դրամ։
Շարունակում են շատ ցածր մնալ «Ալեքս Գրիգի» ուղղակի հարկերը։ Ավելի քան 9 միլիարդի պարտավորություն կատարած հարկատուն շահութահարկի եւ եկամտահարկի գծով վճարել է 478 մլն դրամ, ինչը պակաս է նաեւ նախորդ տարվա ցուցանիշից։
Հայտնի գործարար Ս.Ալեքսանյանին պատկանող մեկ այլ՝ դեղերի շուկայում գործող «Նատալի ֆարմ» ընկերության հարկային պարտավորություններն այս տարի ավելացել են շուրջ 300 մլն դրամով։ Չնայած ուղղակի հարկերը, ինչպես «Ալեքս Գրիգի» դեպքում, պակասել են շուրջ 37 մլն դրամով։ Ընկերությունը պետական բյուջե է փոխանցել շուրջ 1,2 մլրդ դրամ։
«Նատալի ֆարմի» հարկային պարտավորությունների աճը բնականաբար նշանակում է, որ դեղերի շուկայում նրա գործունեությունն ընդլայնվել է։ Իսկ որ այն տարբեր ճանապարհներով փորձում է այստեղից դուրս մղել շուկայի մյուս մասնակիցներին, վկայում են նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունները. «Նատալի ֆարմը» ենթարկվեց խոշոր գումարի տուգանքի։
Պատգամավոր Ս.Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ շաքարի արտադրությամբ զբաղվող «Լուս Աստղ Շուգրը», որը նպատակ ուներ ոչ միայն բավարարել Հայաստանի շաքարի պահանջարկը, այլեւ արտադրանքի մի մասն արտահանել, այս տարի մի քանի տասնյակ անգամ նվազեցրել է հարկային պարտավորությունները (պետական բյուջե է փոխանցել ընդամենը 41 մլն դրամ, այն էլ հիմնականում ուղղակի հարկերի գծով)։ Մինչդեռ անցած տարվա առաջին կիսամյակում ընկերության հարկային պարտավորությունները գերազանցում էին 1 մլրդ դրամը։
Հեռահաղորդակցության ոլորտի երեք հիմնական ընկերություններից ցանկում դարձյալ առաջնությունը պատկանում է «Ղ-Տելեկոմին». վճարել է ավելի քան 7,2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4,7 միլիարդի դիմաց։ Ավելացել են ընկերության հատկապես ուղղակի հարկերը՝ կազմելով 4 մլրդ դրամ։
Ի տարբերություն «Ղ-Տելեկոմի», «ԱրմենՏելի» հարկային պարտավորություններն այս տարի նույնիսկ կրճատվել են. անցած տարվա 6,8 միլիարդի դիմաց պետական բյուջե է փոխանցել 6 մլրդ 79 մլն դրամ։ Քիչ չէ նաեւ «Օրանժ Արմենիայի» հարկային վճարների անկումը (նախորդ տարվա 2 միլիարդի փոխարեն՝ 1,2 մլրդ դրամ)։
Խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում տեղ են գտել վառելանյութի շուկայի երկու հիմնական մատակարարները։ Եթե «Ֆլեշի» վճարած հարկերն ավելացել են շուրջ 400 միլիոնով, ապա «Սիթի Պետրոլ Գրուպինը» 700 միլիոնով նվազել են։
Խոշոր հարկատուների ցանկի երկրորդ տասնյակում են «Գրանդ Հոլդինգի» մեջ մտնող երկու ընկերություններ՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» եւ «Գրանդ Տոբակոն», որոնք միասին պետական բյուջե են վճարել շուրջ 4,9 մլրդ դրամ։ Սա շուրջ 800 միլիոնով ավել է նախորդ տարվա համեմատ։
Հոլդինգի մեջ մտնող մեկ այլ ընկերություն՝ «Գրանդ Քենդին», գրեթե կրկնակի մեծացրել է հարկային պարտավորությունները. եթե 2011թ. առաջին կիսամյակում դրանք կազմել էին 886 միլիոն, ապա այս տարի հասնում են շուրջ 1,5 մլրդ դրամի։ Ավելի քան կրկնապատկվել են «Մասիս Տոբակոյի» հարկային վճարները (1 մլրդ 68 մլն դրամ՝ նախորդ տարվա 452 միլիոնի դիմաց)։
Ընդհանուր առմամբ «Գրանդ Հոլդինգի» մեջ մտնող այս չորս ընկերությունները պետական բյուջե են փոխանցել շուրջ 7,5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվանից ավել է 2 միլիարդով։
Պակասել են ոգելից խմիչքների արտադրության ոլորտի մի շարք ընկերությունների հարկային պարտավորությունները։ Կրկնակի կրճատվել են ՄԱՊ ընկերության վճարները։ Դրանք կազմել են 151 մլն դրամ։ Նվազել է նաեւ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» պետական բյուջե փոխանցած գումարը։ 2011թ. 407 միլիոնի դիմաց՝ այս տարի ընկերությունը վճարել է 362 մլն դրամ։ «Կոտայք գարեջուրը» նախորդ տարի վճարել էր 211 միլիոն, այս տարի՝ 190 մլն դրամ։
Հետաքրքիր է, որ, ի տարբերություն խմիչքների արտադրության ոլորտում գործող նշված ընկերությունների, «Երեւանի կոնյակի գործարանն» այս տարի ավելի մեծ գումարի հարկային պարտավորություն է կատարել՝ շուրջ 2 մլրդ դրամ, անցած տարվա 735 միլիոնի դիմաց։
Գ.Ծառուկյանին պատկանող մեկ այլ խոշոր ընկերության՝ «Արարատցեմենտի» հարկային պարտավորություններն առաջին կիսամյակում նվազել են ավելի քան կիսով չափ։ Եթե անցած տարի դրանք կազմել էին 694 միլիոն, ապա այս տարի չեն գերազանցում 312 մլն դրամը։ Փոխարենը՝ որոշ ընկերություններում՝ մասնավորապես «Մուլտի գրուպ կոնցեռնում», «Մուլտի Լիոնում» առկա է հարկային պարտավորությունների աճ։
Վերջին տարիներին 300 խոշորների ցանկի սկզբնամասում գտնվող ծխախոտի ներմուծման ոլորտում գործող «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերությունն այլեւս դուրս է թռել այնտեղից։ Նախորդ տարվա 1,3 միլիարդի փոխարեն այս ընկերության պարտավորությունները կազմել են 126 մլն դրամ։
Նույն ոլորտի մեկ այլ ընկերություն՝ ի դեմս «ԱրսՕյլի», ավելացրել է պարտավորություններն ավելի քան 600 մլն դրամով. վճարել է շուրջ 2,4 մլրդ դրամ, որի հիմնական մասը՝ երկրորդ եռամսյակում։ Ծխախոտի ներմուծման դաշտում գործող մեկ այլ ընկերություն՝ «Ավերսը», 2,2 մլրդ դրամով խոշորների երկրորդ տասնյակում է։ Մեկ տարի առաջվա համեմատ ընկերության հայտարարագրած պարտավորություններն ավելացել են շուրջ 900 մլն դրամով։
Խոշորների ցանկում այլեւս իրենց մշտական տեղն ունեն ապահովագրական շուկայի մասնակից մի շարք ընկերություններ։ Այդպիսիք են՝ «Ռոսգոսստրախ-Արմենիան», որը վճարել է 222 միլիոն, «Նաիրի Ինշուրանսը»՝ 186 միլիոն, «Ռեսոն»՝ 145 միլիոն։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031