Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանում ով իշխանության մեջ է, փորձում են սրիկայի դիմակ հագցնել, իսկ հետո այդ նույն սրիկայի դիմակ ստեղծողները, երբ արդեն իշխանության մեջ չեն, հանդես են գալիս սրբերի տեսքով»

Հուլիս 31,2012 12:17

Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

– Նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ կլինեն։

– Նախագահական ընտրությունները քաղաքական դաշտի համար կուլմինացիոն պահ են։ Քաղաքական ուժերն իրենց գործունեության ձեւաչափերը փոխում են։ Այն թիմը, որը նախագահ կունենա, ամբողջ ծանրաբեռնվածությունը կստանձնի։ Ներքաղաքական դաշտն այսօր փոխադարձ հայհոյանքների մթնոլորտում է…

– Ինչպես միշտ է եղել։

– Տարբերություն կա՝ հիմա փոխհրաձգությունն ընդդիմադիր ուժերի միջեւ է։

– Տարա՞ծքն են կիսում։

– Մոտավորապես, խնդիր ունեն ցույց տալու, որ ամենալավ ընդդիմադիրն իրենք են։ Այդ մրցակցությունը, սակայն, բացասական հետեւանքներ կունենա ընդհանուր զարգացումների համապատկերում։ Ցանկալի է, որ քաղաքական դաշտն ավելի կայունանա եւ լսելու ընդունակություն ձեռք բերի։ Քաղաքականության մեջ ամենամեծ արվեստը խոսքն է եւ խոսքը լսելու ունակությունը։ Շատ ժամանակ է եղել հասկանալու, որ կիսափոթորկային վիճակների սրումը անտարբեր է դարձնում հասարակությանը։

– Խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ հետո ակնհայտ դարձավ՝ այն ընտրազանգվածը, որ Լւոն ՏերՊետրոսյանի եւ ՀԱԿի հետեւից գնացել էր 2007-ից սկսած, մնաց առանց առաջնորդի։ ՀԱԿը պայքարի այլ դիրքեր անցավ։ Իսկ բողոքող մարդկանց խնդիրները չեն պակասել, ի՞նչ կլինի նրանց հետ, աստիճանաբար ա՞յլ կուսակցությունների մեջ կմասնատվեն, նո՞ր ուժ կձեւավորվի, իշխանությո՞ւնը տեր կկանգնի։

– Քաղաքական դաշտը շատ է կարծրացել, բայց, բնականաբար, նոր սերունդ է ձեւավորվել, լուրջ, վճռական սերունդ, արդեն նրանք հասարակության մեջ պիտի իրենց խոսքն ասեն։ Չնայած շատ ծանր է լինելու նոր ուժի ձեւավորումը։ Քաղաքական դաշտի կարծրացումը բավականին դժվար է հաղթահարել, բայց ժամանակի մեջ կառաջանան նոր ուժեր, սերնդափոխություն կլինի, որին պիտի նպաստի նաեւ այն քաղաքական ուժը, որը նախագահ կունենա։ Ամբողջ բեռը նրանց վրա է: Քաղաքագետները իրավիճակն ու զարգացման հեռանկարները շատ դանդաղ են վերլուծում, քաղաքական գործիչներն էլ գերազանցապես գլուխ են գովում։ Արդեն հասարակության մեջ թեկնածուների անուններ են հնչում, դա, իհարկե, դրական գործընթաց է, բայց, վերջին հաշվով, ամեն մեկը չի կարող Հայաստանի Հանրապետության նախագահ լինել։ Նա պիտի ժամանակի ճանապարհով անցած լինի անպայման։ Հայաստանում ով իշխանության մեջ է, փորձում են սրիկայի դիմակ հագցնել, իսկ հետո այդ նույն սրիկայի դիմակ ստեղծողները, երբ արդեն իշխանության մեջ չեն, հանդես են գալիս սրբերի տեսքով։ Այսինքն՝ եթե իշխանություն ես, իշխանություն ես, եթե իշխանություն չես, նեղացած ես ու դառնում ես ընդդիմություն, եւ ժամանակի մեջ հույս դնելով ժողովրդի չհիշողության վրա՝ փորձում են նոր բանաձեւերով հանդես գալ՝ չմտածելով որ, միեւնույն է, եթե ակնհայտ ես դարձնում քո գործողությունը, ժողովուրդը սկսում է հիշել քեզ էլ, քո ներկան էլ, քո անցյալն էլ։ Չգիտես ինչու, միշտ մտածում են, թե այնպիսի իշխանություն կարող է լինել, որտեղ էլ լինի՝ Հայաստանում, Հայաստանից դուրս, որ ժողովուրդը կարող է սիրել, հազիվ թե։ Իշխանության եկածները ժողովրդի հարվածների տակ պիտի աշխատեն, եւ այնպես չէ, որ որեւէ երկրում իշխանավորին ինքնամոռաց սիրում են։ Պարզապես պետք է հավատալ ժողովրդին, ժողովուրդը պիտի շատ այլընտրանքներ ունենա, որ կողմնորոշման հնարավորությունները մեծանան։

– Նոր ռազմավարության ռեսուրս ՀԱԿն ունի՞։

– Ժամանակը կարճ է։ Ընդհանրապես, եթե քաղաքական թիմը 1-2 անգամ պարտվում է, ասպարեզում նրան նոր ուժեր պիտի փոխարինեն. դա դասական մեխանիզմ է, մեզ մոտ աշխատում է «Նորից փորձենքի» մեխանիզմը, եւ քաղաքական ուժերը, հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու փոխարեն, դոփում են Երեւանի ասֆալտը՝ մտածելով, որ հայրենիքի ամենազորեղ անձերն են։ Ամենավիրավորականը մարդու համար՝ որ իրեն սրբի տեղ դնեն, բայց բոլորն ուզում են սրբանալ։ Ժամանակն է հասկանալու, որ մարդը չի կարող սուրբ լինել՝ ամեն մեկն իր յուրահատկություններն ու իր ճանապարհն ունի։ Մարդիկ պիտի հասկանան, որ մարդկությունն ավելի զորեղ զենք չի ստեղծել, քան խոսքը, լեզուն, եւ դրանով պիտի պայքարեն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031