Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպի հայերն ընկճված են

Հուլիս 31,2012 12:14

«Թե ինչպես կհանգուցալուծվեն Հալեպի իրադարձությունները, կկանխորոշի այս ճգնաժամը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց արաբագետ Սուրեն Մանուկյանը:

Նա փաստեց, որ Հալեպի թաղամասերում տեղի են ունենում արյունալի և բավականին աղմկալի իրադարձություններ: Այնուհետև նկատեց, որ Սիրիայում մեկուկես տարի է ռազմական իրադարձություններ են տեղի ունենում, սակայն Հալեպը հասցրել էր ապահով և անվտանգ լինել: Բայց այժմ իրավիճակը փոխվել է, ինչը, ըստ արաբագետի, միայն Սիրիայի ներքաղաքական խնդիրներով պայմանավորված չէ:

Նա բացեց փակագծերը. «Չեմ կարծում, որ ընդդիմադիրները կկարողանան պահել քաղաքը: Հալեպը քայլ այլ քայլ կմաքրվի, այժմ նույնիսկ որոշ շրջաններում ավիացիա է օգտագործվում: Եթե Սիրիայում գոյություն ունենար ներքին քաղաքական խնդիր, ապա այն մեկ շաբաթում կլուծվեր: Ընդդիմադիրները դրսից աջակցություն են ստանում, փողի և զենքի մշտական հոսք է գրանցվում դեպի Սիրիա: Ուստի այս հակամարտությունն ունի արտաքին քաղաքական կողմ»:

Սիրիայում տեղի ունեցող ճակատամարտում արաբագետը տեսնում է նաև քրդական խնդիրը: Նա նկատեց, որ Սիրիան քրդերին օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Պարոն Մանուկյանը փաստեց, որ սիրիացիների միակ հույսը մնացել են ռուսները: Խոսելով սիրիական ճգնաժամի ինֆորմացիոն մարտահրավերների մասին՝ արաբագետը նշեց, որ այս հակամարտությունում հնարավոր չէ ինֆորմացիան տարբերել դեզինֆորմացիայից:

Դառնալով Հալեպում բնակվող հայերի խնդիրներին՝ պարոն Մանուկյանը նշեց. «Հայերիս համար էլ է կատարվողը ճակատագրական: Հալեպի հայերի շրջանում կա ընկճվածություն: Եթե առաջ նրանք ասում էին, թե Հալեպում հանգիստ է, ապա վերջին երկու շաբաթներին սիրիահայերը շատ ընկճված են, անգամ ընկճվածությունը հասնում է այն աստիճան, որ ասում են, թե իշխանությունները չեն կարողանում երկրի կառավարումը իրականացնել»:

Իսկ թե ինչ է պահանջվում հայկական պետությունից, արաբագետը նշեց. «Հայկական պետությունից պահանջվում է ամեն օր անդրադառնալ այս խնդրին, պատվիրակություններ ուղարկել Սիրիա: Մենք հաճախ ենք ականատես լինում, թե մեր երկրից պատվիրակությունները ինչպիսի էկզոտիկ երկրներ են մեկնում, հաճախ չհասկանալով էլ, թե ինչ գործ կարող է ունենալ Հայաստանն այդ երկրների հետ: Հիմա իսկական պահն է, որ գոնե շաբաթը մեկ մի պատվիրակություն Հայաստանից գնա Սիրիա, հանդիպի սիրիական իշխանությունների, հայկական համայնքի հետ: Որ հայկական համայնքը զգա, որ հայրենիքն իր թիկունքում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031