Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փանք խմբի աղջիկներին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում

Հուլիս 31,2012 12:00

Ռուսաստան - Pussy Riot-ի աղջիկները դատարանի դահլիճում, Մոսկվա, 30-ը հուլիսի, 2012թ.

Երկուշաբթի օրը Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանում վերսկսվել է Pussy Riot փանք խմբի գործով դատավարությունը։

Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սամուցեւիչին դատում են Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարած «փանք աղոթքի» համար։

Աղջիկներին կարող են դատապարտել մինչեւ 7 տարվա ազատազրկման. համենայն դեպս, նման մտավախություն են հայտնել նրանց փաստաբանները։

Pussy Riot-ի անդամները արդեն 5 ամիս է, ինչ անազատության մեջ են, իսկ Ռուսաստանում եւ երկրից դուրս փանք խմբի պաշտպանության հսկայական շարժում է սկսվել` աղջիկներին իրենց աջակցությունն են հայտնել ռուսաստանցի մտավորականներ, համաշխարհային աստղեր. երեկ, օրինակ, նման աջակցության մասին է հայտարարել Փիթեր Գաբրիելը։

Երկուշաբթի օրը դատական նիստը տեւել է մինչեւ երեկոյան ժամը 7-ը, դատավարությունը կշարունակվի այսօր։ Ընդ որում, երեկ արգելվել էր նկարահանումներ կատարել դատարանում, ավելին` բջջային կապը խախտված էր դատարանի շենքի շրջակայքում։

Դիտորդների կարծիքով` Pussy Riot խմբի դեմ այս քրեական գործը, ըստ էության, երկու մասի է կիսել ռուսաստանյան հասարակությունը. մի մասը պահանջում է, որ աղջիկներին անհապաղ ազատ արձակեն, մյուս մասը պնդում է, որ նրանց պետք է ամենայն խստությամբ պատժել, որպեսզի այլոք հասկանան, որ եկեղեցին սրբավայր է։

Amnesty international իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Լիդիա Արոյան հայտարարել է, որ խմբի մասնակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, եւ որ նրանց բողոքը քրեական հանցագործություն չէ, նրանք պարզապես խիզախություն են ունեցել` ըմբոստանալու Կրեմլի եւ Ուղղափառ եկեղեցու դեմ։

«Պատիժը, որ սպառնում է աղջիկներին` 7 տարի խուլիգանության համար, անարդար պատիժ է», – ասել է Արոյան եւ հավելել, թե ակնհայտ է, որ այս գործը քաղաքական աստառ ունի։

Ազա Բաբայան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031