Հատված ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հարցազրույցից:
– Գյումրիի ՏԻՄ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կասեք։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն հրաժարվեց «իր» քաղաքապետից եւ որոշեց պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածուին։
-Մեր երկրի նախագահը հետեւողականորեն իրագործում է պետական էլիտայի ապաքրեականացման, մաքրման գործընթաց։ Մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են կրիմինալին, ունեն կրիմինալ մտածելակերպ, առաջնորդվում են «կրիմինալ արժեքներով», հետզհետե դուրս են մղվում քաղաքական դաշտից։
Այդ ուղղությամբ կատարված առաջին քայլը, իհարկե, ներկայիս խորհրդարանն է։ Հաջորդ քայլը տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորումն է։ Վարդան Ղուկասյանի հետ կապված գործընթացը զուտ այս համատեքստում եմ դիտարկում։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, գիտեք, որ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերությունները բարելավվել են, հետո՝ սրվել, հետո՝ վերադարձել ի շրջանս յուր։
Որպես ՀՀ քաղաքացի, քաղաքական գործիչ, պատգամավոր, ուրախ եմ, որ կոնկրետ Գյումրիում առճակատման փոխարեն գտնվել է համատեղ լուծում, եւ երկու քաղաքական ուժերը՝ հիմնական կառավարող կուսակցությունը եւ խորհրդարանում երկրորդ խոշոր խմբակցությունն ունեցող ԲՀԿ-ն, համաձայնության են եկել «միասնական թեկնածուի» շուրջ, որը իրեն չի վարկաբեկել կրիմինալ ինչ-ինչ պատմություններով, ռազբորկաներով, կրակոցներով։ Եվ միայն կարող եմ ողջունել, որ այդ համաձայնության արդյունքում Գյումրին՝ հանրապետության երկրորդ քաղաքը, որ վերջին շրջանում մխրճվել էր կրիմինալ պատմությունների մեջ, դուրս է գալիս այդ արատավոր շրջանից։
-Տեսակետներ են շրջանառվում, թե Սամվել Բալասանյանին աջակցելու «գինը» նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելն է ԲՀԿ-ի կողմից։
-Ես ձեռնպահ կմնայի նման գնահատականներից։ Երբ ասում ենք՝ գործարք, գին, ստվերային պայմանավորվածություններ, այդ ամենը վերածվում է ինչ-որ շուկայական հարաբերությունների։ Այս դեպքում կա քաղաքական գործընթաց, կան փոխհարաբերություններ քաղաքական ուժերի միջեւ, որոնց շրջանակում կուսակցությունները քննարկում են համատեղ ծրագրեր։
Ես հակված չեմ այս բավական լուրջ քաղաքական գործընթացը դիտարկել «շուկայական հարաբերությունների» համատեքստում՝ գնահատում եմ որպես նորմալ քաղաքական պրոցես, որի ընթացքում կուսակցությունները, իհարկե, փնտրում են իրենց դիվիդենտները։ Եթե ՀՀԿ-ն Գյումրիում աջակցում է ԲՀԿ թեկնածուին, դժվար է պատկերացնել, որ հետագայում ԲՀԿ-ի ներկայացուցիչը հանրապետության երկրորդ քաղաքում կարող է աշխատել գործող նախագահի դեմ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»