Լրահոս
Օրվա լրահոսը

«Առ այսօր ՀՀԿ-ն ոչ մի համայնքի դեպքում ոչ հանրապետական թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու վերջնական որոշում չի կայացրել»

Հուլիս 31,2012 11:26

ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ  (ՀՅԴ)
-Դաշնակցությունը փորձելու է առավելագույնս ակտիվ մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը երկրի բոլոր համայնքներում: Բնականաբար, նախեւառաջ հաշվի ենք առնելու մեր հնարավորություններն ու կարելիությունները, ունեցած ռեսուրսները: Նաեւ հանգամանորեն գնահատելու ենք մեր բոլոր հնարավոր մրցակիցների հնարավորությունները եւ շանսերը:
Առաջադրումների հետ առնչվող որեւէ կաշկանդում չունենք: Յուրաքանչյուր կոնկրետ համայնքում առանձնակի քննարկումների արդյունքում, նաեւ հաշվի առնելով Դաշնակցության տեղական կառույցների նախապատվությունները, կկայացվեն հստակ որոշումներ:
Առաջիկա ընտրությունները Թալինում են: Հարկ եմ համարում ճշգրտել, որ այստեղ Դաշնակցությունը սեփական թեկնածու չի առաջադրել: Եթե խոսքը Տիգրան Հարությունյանի մասին է, ապա նա անկուսակցական է եւ ինքնաառաջադրված է եղել: Դաշնակցությունը փորձելու է պրագմատիկ լինել եւ առնվազն պահպանել դիրքերը բոլոր այն համայնքներում, որտեղ մենք համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ունենք:
Իսկ հնարավորության դեպքում փորձելու ենք ընդլայնել մեր ազդեցության շրջանակը: Բնավ չենք բացառում, որ Դաշնակցությունը սեփական թեկնածուներով մասնակցի Գյումրիի, Վանաձորի, Ստեփանավանի, այլ քաղաքների քաղաքապետի ընտրություններին: Այլ կուսակցության կամ ինքնաառաջադրված թեկնածուի պաշտպանելու խնդիրը, եթե նման անհրաժեշտություն առաջանա, կքննարկենք առանձնակի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ  (ՀՀԿ)
-Հանրապետականը դեռ շարունակական քննարկումների փուլում է, թե որ համայնքում է առաջադրելու իր թեկնածուին, հանրապետական բազմաթիվ հավակնորդներից ում է նախապատվություն տալու կամ այլ թեկնածուներից ում է սատարելու:
Բոլոր այն համայնքներում, որտեղ մեր ներկայացուցիչներն արդյունավետ են աշխատել, համայնքի խնդիրները լուծելու հարցում եղել են հետեւողական ու հոգատար, վայելում են համայնքի բնակիչների հարգանքն ու աջակցությունը, մենք դարձյալ կառաջադրենք նրանց թեկնածությունը եւ կաջակցենք:
Ընդհանուր առմամբ, նաեւ ՏԻՄ ընտրությունների պարագայում Հանրապետականը դեմ է բոլոր կարծրատիպերին եւ կողմնակից է, որ առաջադրվեն համայնքում առավել բարձր վարկանիշ ու արդյունավետ աշխատելու ունակություններ ունեցողները, եւ ծավալվի ազատ ու արդար մրցակցություն:
Մենք միաժամանակ տեղյակ ենք, որ հատկապես փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքներում մշտապես առաջադրվում եւ հաղթում է առավել մեծաթիվ տոհմի ներկայացուցիչը: Փորձելու ենք փոխել այս ավանդույթը, քանի որ նման դեպքերում հաշվի չի առնվում թեկնածուի ներկայացրած ծրագիրը, որեւէ աշխատանք կատարելու ունակությունը, այլ նա համայնքի ղեկավար է դառնում ազգականների, քավոր-սանիկների ու խնամիների տված քվեներով:
Հարկ եմ համարում ընդգծել, որ, չնայած մամուլում շրջանառվող տարբեր հրապարակումներին, առ այսօր Հանրապետականը ոչ մի համայնքի դեպքում ոչ հանրապետական թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու վերջնական որոշում չի կայացրել: Նույնիսկ Գյումրիի պարագայում Հանրապետականը վերջնական եզրահանգման չի եկել: Դեռ առաջադրումներ պետք է լինեն, հետեւաբար որոշում կայացնելու բավարար ժամանակ կա:
Թալինում, նաեւ այլ համայնքներում Հանրապետականը կարող է ունենալ երկու արժանավոր թեկնածու։ Իսկ թե նրանցից ով է առավել արժանի քաղաքապետ լինելու համար, կորոշի ժողովուրդը իր քվեարկությամբ:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031