Քաղծառայողներին սոցիալական փաթեթ տրամադրելու որոշումը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, հիմնականում այն կարծիքն էր շրջանառվում, որ ավելի լավ էր փաթեթի փոխարեն աշխատավարձը բարձրացնեին։ Անկախ «կողմ» ու «դեմ» կարծիքներից՝ փաթեթը կյանքի կոչվեց, հասցեատերերին մնում էր միայն օգտվել։ Իսկ փաթեթն արժե 132 հազար դրամ, որից 52 հազարը օգտվողը պետք է պարտադիր բուժզննման համար օգտագործի, իսկ մնացած 80 հազարը տնօրինի ըստ իր հայեցողության։ Բոլոր քաղծառայողների համար, անկախ զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից, փաթեթի արժեքը նույնն է, միայն ուսուցիչներինն է տատանվում՝ համապատասխան նրանց դրույքաչափերին։ Եթե առողջական խնդիրներ ունի, 80 հազարը եւս կարող է ծախսել այդ ուղղությամբ, անգամ վճարել երեխայի ուսման վարձը կամ ապառիկը, սակայն այդ գումարը քաղծառայողին տրվում է, որպեսզի ամռային արձակուրդներին իր հանգիստը կազմակերպի, այսինքն՝ ուղղորդում են, սակայն չեն պարտադրում:
«Տարբեր մարդիկ տարբեր նպատակներով են ծախսում։ Այս ամռան սեզոնին մնացած գումարը հիմնականում օգտագործում են իրենց հանգիստը կազմակերպելու ուղղությամբ։ Տուրիստական կազմակերպությունները մեզ արդեն տրամադրել են իրենց փաթեթը, մեր աշխատողները ծանոթանում են, ընտրում եւ օգտվում իրենց հանգստի իրավունքից։ Եթե գումարը կա, ինչո՞ւ չօգտվեն»,- ասում է սոցիալական ապահովության նախարարության լրատվության ծառայության պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը։ Նախարարության գրեթե բոլոր աշխատակիցները սոցիալական փաթեթի պայմանագիր կնքել են, եւ շուրջ 60 հոգի արդեն օգտվել է ընձեռված հնարավորությունից:
Քաղծառայողը պայմանագիր է կնքում մեկ տարի ժամկետով, եւ պարտադիր չէ, որ այդ գումարը ծախսի ամառային հանգստի վրա, կարող է թողնել եւ ձմեռային արձակուրդին հանգստանալու համար։ Իսկ եթե այդ ընթացքում գումարը չի օգտագործում, մեխանիկորեն վերադարձվում է պետբյուջե, այսինքն՝ օգտվողը չի կարող այդ գումարը տարեցտարի կուտակել եւ միանգամից օգտագործել։ Դա արվում է, որպեսզի քաղաքացին պարտադիր ամեն տարի անցնի եւ բուժզննում, եւ մեկնի հանգստի, հակառակ դեպքում կզրկվի իր պարգեւից։
Իսկ արդյո՞ք մեր քաղծառայողներն օգտվում են իրենց տրված ամառային հանգստի հնարավորությունից, ո՞ւր կարող են գնալ եւ ինչպե՞ս կազմակերպել։ «Քաղծառայողների հանգիստը կազմակերպելու պարտականությունը դրված է յոթ տուրիստական կազմակերպությունների վրա, որոնցից մեկը մերն է։
Կարդացեք նաև
Հանգստի կարող են մեկնել միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանգստյան տներ՝ ըստ իրենց ցանկության, թե որտեղ, քանի օր կարող են հանգստանալ՝ համապատասխան գումարի չափի։ Ցանկացողներ շատ կան, պարզապես կուտակումներն են մեծ, ինչն էլ դժվարացնում է սպասարկումը։ Վերջին օրով գալիս եւ պահանջում են, թե հենց հիմա լրացրեք մեր թղթերը, որպեսզի շտապ մեկնենք հանգստյան տուն, ինչն էլ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Ճիշտ կլիներ նախապես դիմեին, հանգիստ ու արագ կլիներ սպասարկումը եւ իրենց, եւ մեզ համար»,- տեղեկացնում է «Ռիմա» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը։ Մենք ծանոթ ուսուցիչներից հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ, չնայած մի քիչ բարդ թղթաբանությանը, որոշ ուսուցիչներ օգտվել են այս հնարավորությունից եւ 80 հազար դրամի շրջանակներում ուղեգրեր են ձեռք բերել ու մեկնել Աղվերան, Հանքավան՝ հանգստյան տներում մի քանի օր անցկացնելու:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Հրապարակ»