Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնակիչներն ահազանգում են, որ Աբովյանի քաղաքապետը «ախրաննիկներ» է ուղարկում ու Ծառուկյանով իրենց վախեցնում

Հուլիս 30,2012 19:27

Այսօր Aravot.am-ը ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի կենտրոնում ծառաջարդ է իրականացվում: Ընդ որում, կանաչապատ տարածքները բետոնապատողը հենց Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Ըստ մեզ ահազանգած բնակիչների, Աբովյանի Հանրապետության 22 հասցեի մոտակայքում հատվում են 20-30 տարվա ծառեր եւ այգու, խաղահրապարակի փոխարեն խանութ, սպասարկման օբյեկտ են ուզում կառուցել, տարածքն էլ բետոնապատել: Բնակիչները դիմել են նախագահի վերահսկողական ծառայություն, բնապահպանական մի շարք կառույցների, սակայն ոչ մի արձագանք, նրանց խոսքերով, չեն ստացել:

Մեզ ահազանգած բնակիչներից մեկի խոսքերով. «Այդ այգին, խաղահրապարակը ծառայում էր տարածքի շուրջ 6 շենքի երեխաների համար: Երեկ գիշեր արդեն տրակտորներ են բերել ու կապույտ ցելոֆանները փռել են, տարածքը դարձրել շինհրապարակ: Հենց բնակիչներից բողոքում են՝ քաղաքապետը իր «ախրաննիկներին» է ուղարկում, գալիս են աղաղակում են, հայհոյում են, բնակիչներին ահաբեկում-գնում: Քաղաքապետը «ախրաննիկների» միջոցով փոխանցել է, թե իմ աները Գագիկ Ծառուկյանն է, քաղաքն իմն է, ինչ կուզեմ՝ կանեմ»:

Ավելին, բնակիչները նաեւ փոխանցեցին, որ քաղաքապետին պատկանող «Աբովյան» սուպերմարկետների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տալիս, ու բավական է մի սպառող պահանջի ՀԴՄ կտրոնը, հարցը լուծում են «ախրաննիկները»:

Այս առնչությամբ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի օգնականը՝ Մանուկ Հակոբյանը, մեզ հետ զրույցում քաղաքապետի անունից պարզաբանեց, որ նշված տարածքում մի կինոթատրոն կա ու հավանաբար այդ աղմուկը բարձրացրել է հենց տնօրենը՝ սեփական շահերից դրդված. «Այնտեղ խանութ ունի, երեւի մտածում է նոր խանութը դրա մուտքը կփակի: Ինչ վերաբերում է քաղաքապետին, նա դրա հետ ընդհանրապես կապ չունի: Սեփականատերն ուզում է իր տարածքում խանութ սարքել, այդքան բան»: Պարոն Հակոբյանը վստահեցրեց, որ Աբովյանի քաղաքապետը թիկնազոր չունի. «Նա քաղաքապետարան գալիս է մեն-մենակ՝ առանց թիկնապահների: Իսկ Գագիկ Ծառուկյանով չէր կարող նա բնակիչներին վախեցնել, նա երբեք իր բնակիչների հետ ուժի դիրքերից չի խոսի, առավել եւս՝ Ծառուկյանի անունը տա: Ծառուկյանն ինքը երբեք իրեն թույլ չի տալիս խառնվի Աբովյանի ներքին գործերին, ու քաղաքապետն էլ նման սովորություն չունի Ծառուկյանի անունը ամեն քայլափոխի տա ու բոլորին դրանով վախեցնի»:

Մանուկ Հակոբյանը նաեւ ասաց, որ իրենց քաղաքապետարանը բնակիչներից այդ տարածքի հետ կապված բողոք չի ստացել, եթե ստանա, անպայման մանրամասն կուսումնասիրի ու կզբաղվի բարձրացված խնդիրներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031